- Գլխավոր
- Նորություններ
- «ԱՅՍ ՏԱՐԻՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ Է ԹԵ՛ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԹԵ՛ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ». ԴԵՍՊԱՆ ԳԵՈՐԳԻ ՍԱԳԱՆԵԼԻՁԵՆ
Մայիս 25, 2018 | 14:16
Կրթություն
«ԱՅՍ ՏԱՐԻՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ Է ԹԵ՛ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԹԵ՛ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ». ԴԵՍՊԱՆ ԳԵՈՐԳԻ ՍԱԳԱՆԵԼԻՁԵՆ
Այսօր ԵՊՀ-ում Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր Գեորգի Օթխմեզուրին «Վրաստանի անկախության 100 տարվա ճանապարհ» խորագրով դասախոսություն ներկայացրեց:
Դասախոսությանը ներկա էին Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, ինչպես նաև ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեն: Դեսպանը մեզ հետ զրույցում անդրադարձավ ինչպես հայ-վրացական հարաբերություններին, այնպես էլ Վրաստանի անկախության 100-ամյակին:
«Այս տարին հոբելյանական է թե՛ Վրաստանի և թե՛ Հայաստանի համար: Երկու երկրներն էլ նշելու շատ կարևոր առիթ ունեն՝ անկախության 100-ամյակը: Մենք որոշեցինք դասախոսություն կազմակերպել «Վրաստանի անկախության 100 տարվա ճանապարհ» թեմայի շրջանակում, իսկ այս հարցում մեզ իր աջակցությունը ցուցաբերեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը»,- ասաց Գեորգի Սագանելիձեն:
1918 թ.-ի մայիսին հռչակվել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը: Եվ այս տարեթիվը, իհարկե, Վրաստանի պատմության մեջ առանձնահատուկ է:
«Վրաց ժողովրդի համար 1918 թվականը շատ կարևոր տարեթիվ է, և Թբիլիսին այն առանձնահատուկ ճոխությամբ և ոգևորությամբ է նշում,- ասաց դեսպանը,- այս տարի ես հնարավորություն ունեմ տոնը նշելու մեր հարևան և բարեկամ երկրի՝ Հայաստանի հետ, քանի որ հայ ժողովուրդը մայիսի 28-ին նշում է իր անկախության հարյուրամյակը: Այս իմաստով, ինչպես նաև աշխարհագրորեն, մենք մոտ ենք իրար և կանգնած ենք կողք կողքի»:
Դասախոսության ընթացքում Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր Գեորգի Օթխմեզուրին անդրադարձավ երկու եղբայր երկրների անկախության հռչակման պատմական ժամանակահատվածին՝ ընդգծելով Հայաստանի և Վրաստանի պատմության առանձնահատկությունները:
Վրաց ժողովուրդը նույնպես ստիպված է եղել պայքարել օտար զավթիչների դեմ: Տարբեր ժամանակաշրջաններում Վրաստանի նկատմամբ քաղաքական հետաքրքրվածությունը մեծ է եղել, որովհետև վերջինս ունեցել է աշխարհագրական նպաստավոր դիրք: Վրաստանով է անցել «մետաքսե ճանապարհը», որը հին աշխարհի ամենահայտնի առևտրային ուղիներից էր:
Պատմական իրադարձությունները ցույց են տալիս, որ նաև առևտրային այս ճանապարհն է նպաստել, որ Վրաստանը միշտ լինի մեծ տերությունների ուշադրության կենտրոնում: Նախկինում այդ երկրներից են եղել Ասորեստանն ու Բյուզանդիան, իսկ հիմա՝ Ռուսաստանը, Իրանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները:
Եվ չնայած պատմական բազմաթիվ վտանգավոր մարտահրավերներին՝ Վրաստանն իր ազգային բարձր գիտակցման և միասնականության շնորհիվ կարողացել է պահել պետականությունը:
Միշտ էլ նվաճողների համար ծանոթ մարտավարություն է եղել «բաժանի՛ր, որ տիրես» սկզբունքը: Այդ պատճառով էլ պատմական տարբեր դարաշրջաններում վրաց ժողովրդի համար միասնական լինելը կենսական անհրաժեշտություն է եղել:
Վերջում բանախոսը նշեց, որ Վրաստանի պատմությունը լի է պայքարի, բայց նաև հաղթանակների մասին պատմող էջերով, որոնք առանձնահատուկ տեղն են գրավում համաշխարհային պատմության մեջ:
Անի Պողոսյան