- Գլխավոր
- Նորություններ
- ՔԱՂԱՔԱԳԵՏ ԺԵՐԱՐ ՇԱԼԻԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Մայիս 22, 2019 | 17:11
Գիտություն
ՔԱՂԱՔԱԳԵՏ ԺԵՐԱՐ ՇԱԼԻԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր դասախոսություն կարդաց ֆրանսիացի քաղաքագետ, զինված ընդհարումների մասնագետ Ժերար Շալիանը:
Դասախոսությունը «Ինչու Վիետնամի պատերազմից (1975-2019 թթ.) հետո ոչ կանոնավոր պատերազմներում չեն գրանցվել հաղթանակներ» խորագիրն ուներ:
Միջոցառումը կազմակերպել էր ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունը:
Դասախոսությանը ներկա էին դասախոսներ և ուսանողներ Արևելագիտության, Պատմության և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետներից:
Ժերար Շալիանը ֆրանսիացի ամենահայտնի քաղաքագետներից է, հեղինակ է բազմաթիվ գիտական, գեղարվեստական գրքերի: Գեղարվեստական «Հուշերիս հուշերը» գիրքը պատմում է հեղինակի քեռու մասին, որը ցեղասպանության տարիներին, զենքը ձեռքին, պայքարել է թշնամու դեմ:
Ժերար Շալիանը դասախոսությունը սկսեց՝ լսարանին հարցնելով, թե որն է վերջիս 20 տարիների ամենակարևոր իրադարձությունը: Պատասխանելով ինքն իր հարցին՝ Ժերար Շալիանը նշեց, որ ամենակարևոր իրադարձությունը վերջին երկու տասնամյակում Չինաստանի՝ աշխարհի երկրորդ պետություն դառնալն է:
Բանախոսը ներկայացրեց Չինաստանի պատմությունը՝ նշելով, որ այն եղել է ամենաբնակեցված և ամենակարևոր կայսրությունը Հռոմեական կայսրությունից հետո: Նա քարտեզի վրա ցույց տվեց, թե տարածքային ինչպիսի փոփոխություններ է ունեցել Չինաստանը: Այն, ինչպես մյուս կայսրությունները, կազմավորվել է պատերազմների և ամուսնությունների միջոցով:
Ժերար Շալիանը թվարկեց Չինաստանի թշնամիներին՝ հյուսիսից եկող քոչվորներին, որոնցից պաշտպանվելու նպատակով էլ կառուցվել է Չինական մեծ պատը: Չինաստանը գրավվել է երեք անգամ՝ շուրասենների, մոնղոլների, մանջուրների կողմից:
Սակայն ամեն անգամ, երբ Չինաստանը նվաճվել է, չինացիները կարողացել են ձուլել հաղթողներին, քանի որ նրանք գալիս էին առանց կանանց, արդյունքում՝ ամուսնանում չինուհիների հետ, և երկու սերունդ անց նորից դառնում չինացի: Ասիմիլյացիայի գործում մեծ դեր ուներ նաև չինական մշակույթի գերիշխանությունը:
Այդուհանդերձ, Չինաստանը ինչ-որ պահի «փակվեց», մինչդեռ Եվրոպան առաջ էր գնում՝ հայտնագործություններով, Ամերիկա մայրցամաքը նվաճելով, ավելի ուշ՝ արդյունաբերական հեղափոխություն անելով: Եվրոպացիների ամենամեծ նվաճումը եղավ Չինաստանին ափիոն գնել ստիպելը և այն սպառելը: Մեկ դար շարունակ չինացիները, որոնք իրենց առաջինն էին համարում, նվաստացված զգացին իրենց, և այսօր նրանք պատասխան են տալիս: Նրանք գերազանցել են Եվրոպան և մրցում են ԱՄՆ-ի հետ:
Առաջընթացի հարցում, ինչպես նշեց Ժերար Շալիանը, չինացիներին օգնեց տոտալիտար ռեժիմը և աշխատասիրությունը: Այնտեղ գերիշխող է Չինաստանի կոմունիստական կուսակցությունը, որը վերահսկում է մարդկանց, իսկ ընդհանուր գաղափարախոսությունից շեղվողները մեկուսացվում են:
Ժերար Շալիանը պատմեց նաև, որ Չինաստանը որոշել է վերագործարկել Մետաքսի ճանապարհը: Նրանք աշխատում են երեք ճակատներով. ջանում են իրենց գերակայությունը հաստատել Չինական ծովի վրա՝ չնայած ԱՄՆ-ին, երկրորդ՝ զարգացնում են բանակը, երրորդ՝ զարգացնում են գիտությունը, հետազոտությունները՝ գերազանցելու համար ԱՄՆ-ն:
Հզորությամբ հաջորդը Հնդկաստանն է, այնուհետև՝ իսլամը՝ որպես քաղաքակրթություն:
Ժերար Շալիանը ներկայացրեց իսլամը, նշելով, որ ոչ մի մուսուլմանական երկիր չունի Չինաստանի, Հնդկաստանի կամ էլ ԱՄՆ-ի հզորությունը: Նա 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ողբերգական դեպքերը բնութագրեց որպես հետընթաց այն օգնության, որն ԱՄՆ-ն տրամադրել էր իսլամիստներին՝ Աֆղանստանում Խորհրդային միության դեմ պայքարելու համար:
Ժերար Շալիանը խոսեց նաև Էռնեստո Չէ Գևարայի տեսության մասին՝ այն կոչելով կեղծ տեսություն, քանի որ համարվում էր, որ բավական է զենք վերցնել և բարձրանալ սարեր, գյուղացիները կմիանան շարժմանը: Չե Գևարան այս տեսությունն ապացուցում էր Կուբայի դեպքերով՝ մոռանալով նշել, որ Ֆիդել Կաստրոյի պայքարն հանուն հացի և ազատության համար էր, ոչ թե մարքսիզմի:
Անդրադառնալով աֆրիկյան երկրներին՝ Ժերար Շալիանն ասաց, որ ամբողջ մայրցամաքում միայն երկու-երեք պետություն է գրանցել տնտեսական աճ, այնինչ ողջ մայրցամաքն անկախության համար մղվող պատերազմների մեջ էր:
Նա խոսեց Եվրասիա մայրցամաքի «խոշոր խաղացողների» մասին՝ նշելով, որ չի անդրադառնում, օրինակ, հարուստ Սաուդյան Արաբիային, որն, իհարկե, նավթ ունի, բայց դրանից բացի՝ ուրիշ ոչ մի ձեռքբերում չի արձանագրել:
Ժերար Շալիանը պատմեց նաև Խորհրդային միության փլուզման մասին: 1991 թվականի այն փլուզվեց, քանի որ Միխայիլ Գորբաչովի ծրագիրը չգործեց: Նա խոստանում էր վերակառուցում և ժողովրդավարացում: Առաջինը չստացվեց, իսկ ժողովրդավարացման արդյունքում ձեռք բերված խոսելու իրավունքը հանգեցրեց բողոքների Բալթյան երկրներում, Կովկասում, և, ի վերջո, փլուզվեց ԽՍՀՄ-ը:
ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ-ն կանոնավոր կերպով «հետ էր հրում» նախկին խորհրդային երկրների սահմանները՝ դրանք հասցնելով Ռուսաստանի սահմանին: Երբ Սառը պատերազմը ավարտվեց, սկսվեց հետ մղման քաղաքականությունը:
Մեջբերելով քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկու խոսքերը, որ եթե Ռուսաստանից վերցնեն Ուկրաինան, այն այլևս համաշխարհային ուժ չի լինի, Ժերար Շալիանը պատմեց, որ ելցինյան տարիներից հետո, երբ տնտեսությունը խորը ճգնաժամի մեջ էր, Վլադիմիր Պուտինն իր ձեռքը վերցրեց ղեկը՝ գուցե տոտալիտար կերպով, բայց ազգային շահերից ելնելով:
Բանախոսը խոսեց նաև տարածաշրջանների պատերազմների մասին՝ անդրադառնալով այն փաստին, որ Ղարաբաղյան պատերազմը ձեռնտու է Ռուսաստանին, քանի որ հնարավորություն է տալիս Ադրբեջանին պատանդ պահելու:
Եվրոպական նվաճումների մասին խոսելիս նա նշեց, որ ամենալուրջ նվաճումները եղել են եվրոն, Շենգենյան գոտին և տնտեսական առաջխաղացումը, այնինչ քաղաքական ոչ մի կապակցվածություն եվրոպական երկրների միջև չկա:
Ժերար Շալիանն անդրադարձավ նաև ահաբեկչությանը՝ ասելով, որ իսլամիստներին միայն թվում է, որ շուտով վերադառնալու են իսլամի առաջին դարերի մաքրությանը: Իրականում նրանք չեն փոխում համաշխարհային ստատուս քվոն: Վերջինիս վրա ազդում են միայն Չինաստանը, Կորեան, Ճապոնիան, Իրանը, Թուրքիան:
Ներկաները տարբեր հարցեր հղեցին բանախոսին: Ի պատասխան Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականության մասին հարցին՝ Ժերար Շալիանն ասաց, որ այն քիչ հավանական է, քանի որ այժմ կա միջուկային զենք, և նման պատերազմից ձեռք բերած օգուտը շատ ավելի քիչ է, քան վնասը:
Մարի Ռաֆյան