- Գլխավոր
- Նորություններ
- «ԼԱՎ ՍՈՎՈՐԵՔ, ՁԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՍ ՏԻՐԱՊԵՏԵՔ». ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ՝ ԵՊՀ-ՈՒՄ
Հոկտեմբեր 08, 2019 | 17:09
Հասարակություն
«ԼԱՎ ՍՈՎՈՐԵՔ, ՁԵՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՍ ՏԻՐԱՊԵՏԵՔ». ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ՝ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին:
Գնել Սանոսյանի հետ հանդիպմանը ներկա էին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, շրջանավարտներ, ուսանողներ, ինչպես նաև Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանն ու համայնքի այլ ներկայացուցիչներ:
Հանդիպման սկզբում Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը տեղեկացրեց, որ Գնել Սանոսյանը, լինելով ֆակուլտետի շրջանավարտ, ԵՊՀ-100 ամյակի կապակցությամբ ցանկություն է հայտնել հանդիպելու ֆակուլտետի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու տարաբնույթ հարցեր:
Մարատ Գրիգորյանն ասաց նաև, որ ֆակուլտետի շատ շրջանավարտներ այսօր տարբեր պաշտոններ են զբաղեցնում պետական կառավարման համակարգում. «Մենք միշտ հպարտանում ենք մեր սաներով: Այսինքն՝ մեր ֆակուլտետը, ԵՊՀ-ն ընդհանուր առմամբ ոչ միայն գիտելիք է տալիս, այլև կառավարման փորձի հմտություններ է փոխանցում»:
ԵՊՀ ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի վարիչ Արսեն Գրիգորյանն էլ փաստեց, որ ֆակուլտետն անում է հնարավորը՝ լավ շրջանավարտներ ունենալու, որոնք իրենց ներդրումը կունենան պետության զարգացման և հասարակության բարեկեցության ապահովման գործում:
Գնել Սանոսյանը հանդիպման ժամանակ ասաց, որ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի շրջանավարտները Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, քաղաքական-հասարակական կյանքի բոլոր բնագավառներում մեծ ներդրում ունեն և լայն կազմով ընդգրկված են պետականաշինության գործում. «Մասնագիտությունս այսօր ինձ շատ է օգնում մարզպետի գործառույթներն իրականացնելու համար, քանի որ այստեղ ծանոթացել եմ բոլոր բնագավառներին և գիտելիք ստացել դրանց վերաբերյալ»:
Գեղարքունիքի մարզպետը հանդիպման մասնակիցներին պատմեց պետական կառավարման առանձնահատկությունների մասին՝ փաստելով, որ մարզպետի գործը նման է վարչապետի գործին: Նա նշեց, որ չնայած տեղեկատվական դաշտում այսօր առկա հակասական նորություններին՝ երկրի վիճակը շատ լավ է և կայուն:
«Բարեկամաբար հավաստիացնում եմ, որ իրականում այն գործընթացները, որոնք տեղի են ունենում այսօր, ավելի լավ և լուսավոր են դարձնելու մեր երկիրը: Ցավոք, սուտը, կեղծիքը մեր լրատվական դաշտում այնքան շատ են, որ հասել ենք մի մակարդակի, երբ կարող են ինձ քննադատել ձախլիկ լինելու համար»,- ասաց Գնել Սանոսյանը և հավաստիացրեց, որ չնայած իշխանության ներկայացուցիչները երբեմն թերանում են, սխալներ թույլ տալիս, բայց և ընդունում են դրանք և փորձում արագ շտկել:
Գնել Սանոսյանը պատմեց մարզում հեղափոխությունից հետո տեղի ունեցած բարեփոխումների մասին՝ մանրամասն ներկայացնելով մինչ այժմ կատարված շինարարական և հանրության բարեկեցիկ կյանքին ուղղված այլ աշխատանքները:
Գեղարքունիքի մարզպետը, կարևորելով կրթությունը, հավաստիացրեց, որ այսօր պետք է լավ սովորել, քանի որ նոր Հայաստանում ամբողջ հույսը գիտելիքի վրա է. «Լավ սովորեք, ձեր մասնագիտությանը լավագույնս տիրապետեք: Նոր պայմաններում իրենց արդարացի տեղն են գտնելու բարձրորակ մասնագետները»:
Գնել Սանոսյանը հանդիպման ընթացքում անդրադարձավ նաև Գեղարքունիքի մարզի՝ որպես սահմանամերձ տարածքի դերին ու նշանակությանը՝ պատմելով, թե ինչ աշխատանքներ են իրականացվում ռազմավարական տեսանկյունից:
Հանդիպման հյուրը խոսեց Սևանա լճի խնդիրների մասին՝ ասելով, որ դրա հետ կապված հիմնախնդիրները շատ են, որոնց լուծման համար ևս մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում: Նրա հավաստմամբ, մարզպետարանն այսօր համագործակցում է «Սևան» ազգային պարկի հետ՝ խնդիրներն առավել արդյունավետ լուծելու համար:
Գնել Սանոսյանի փոխանցմամբ, Սևանա լճի ամենամեծ խնդիրը դրա տակ անցած անտառն է և շինությունները. «Մոտ 780 հեկտար անտառ է անցել ջրի տակ, որի օրգանական նյութը քայքայվում և պարարտ սնունդ է դառնում ջրիմուռների համար: Գյուղատնտեսության և անասնապահության հետևանքով էլ աղտոտվում է ջուրը, և կան այլ խնդիրներ ևս»:
Նա տեղեկացրեց, որ անտառային այլ տարածքներ կարող են անցնել ջրի տակ, ինչի համար պետք է առաջիկայում մաքրել դրանք. «Երեք տարում 770 հեկտար պետք է մաքրել: Մենք մշակել ենք ծրագիր. բնակիչներին հնարավորություն ենք տալու կտրելու ծառերը և փայտն օգտագործելու որպես վառելիք: Այդպես և՛ բնակչությանը ձեռնտու կլինի, և՛ պետությանը: Վերջինս միջոցներ չի ծախսի տարածքները մաքրելու համար»:
Հանդիպման վերջում Գնել Սանոսյանը պատասխանեց ներկաների հարցերին:
Քնար Միսակյան