- Գլխավոր
- Նորություններ
- ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ․ ՀԱՐԳԱՆՔԻ ԵՎ ԵՐԱԽՏԻՔԻ ԿՐԹԱՄՐՑԱՆԱԿՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ
Հուլիս 15, 2022 | 11:19
Կրթություն
Ուսանողական
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ․ ՀԱՐԳԱՆՔԻ ԵՎ ԵՐԱԽՏԻՔԻ ԿՐԹԱՄՐՑԱՆԱԿՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ
Ծրագրի շրջանակում ԵՊՀ վեց ֆակուլտետների ուսանողներին շնորհվել են կրթամրցանակներ։
Գևորգ Արշակյանի անվան ընթերցասրահում կրթամրցանակներ են ստացել ԵՊՀ արևելագիտության, ժուռնալիստիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, հայ բանասիրության, պատմության, ֆիզիկայի ֆակուլտետների ուսանողները:
Մրցանակաբաշխությունը մեկնարկել է ՀՀ հիմներգով, որից հետո հնչել է ԵՊՀ հիմներգը, ապա ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են պատերազմում նահատակված համալսարանականների հիշատակը:
ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն իր խոսքում կարևորել է ԵՊՀ և «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի համատեղ ջանքերով ստեղծված ծրագիրը: Շնորհավորելով մրցույթի հաղթող մասնակիցներին՝ ԵՊՀ պրոռեկտորը նրանց հորդորել է ունենալ ոչ ստանդարտ մտածողություն և համագործակցային հարցերում ցուցաբերել ճկունություն:
«Մեզ սովորեցնում են ամեն բան՝ բացի երջանիկ լինելուց: Պետք է երջանիկ լինել առանց նախապայմանների, պարզապես հենց նրա համար, որ մենք կանք և ապրում ենք»,- իր խոսքն ամփոփել է Է. Ասրիյանը:
«Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը, խոսելով ծրագրի նախաձեռնումից, ասել է, որ դրա գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ հիմնադրամի կայքի ստեղծող Էրիկ Գևորգյանը զոհվել է 44-օրյա պատերազմի ընթացքում:
Այնուհետև Ա. Պողոսյանն ասել է, որ իրենց համար դժվար էր ընտրել լավագույն աշխատանքները, որովհետև բոլորն էլ լավագույնն էին։ Հիմնադրամի տնօրենը հորդորել է կապ պահպանել հերոսների ընտանիքների հետ։
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, խոսելով պատերազմում անմահացած հերոսներից և անդրադառնալով ֆակուլտետի շրջանավարտ, պատերազմում նահատակված Վաչագան Մանուկյանին նշել է. «Վաչագանը համոզված էր, որ հայությունը հզոր ներուժ ունի, և մենք պետք է ըստ հնարավորի պատրաստ լինենք գալիք հաղթանակներին»:
«Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի» նախագահ Սայիդ Ավդալյանը, անդրադառնալով ծրագրի կարևորությանն ու շնորհակալություն հայտնելով դրա կազմակերպիչներին, ընդգծել է. «Հայերի և եզդիների բարեկամության մասին երկար կարող եմ խոսել: Այս պատերազմում 18 եզդի զինվորներ իրենց կյանքը զոհաբերել են հանուն Արցախի ու ՀՀ անվտանգության: Մեր պարտքն է վառ պահել նահատակվածների հիշատակը»: Եզրափակելով խոսքը՝ Ս. Ավդալյանը ներկաներին հորդորել է հաճախ այցելել զոհված հերոսների ընտանիքներին:
Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ասպիրանտ, մրցույթում Ռուբեն Համբարձումյանի անվան 2-րդ կրթամրցանակակիր Վահագն Ալթունյանը շնորհակալական իր խոսքում ընդգծել է, որ համալսարանում առկա է գիտական մեծ ներուժ:
«Համալսարանն ունի մեծ ռեսուրսներ: Այսպիսի ծրագրերը նպաստում են, որ գիտական ներուժը մեծացնի հետաքրքրությունը համալսարանի նկատմամբ»,- ասել է Վ․ Ալթունյանը:
Հավելենք, որ ԵՊՀ արևելագիտության և հայ բանասիրության ֆակուլտետներում «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի մրցանակը կրկնապատկել է «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամը»։
Մրցանակաբաշխությանը մշակութային համարով հանդես է եկել ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սան, միջազգային մրցույթների դափնեկիր, ֆլեյտահար Մարիամ Ժամակոչյանը:
Նշենք, որ մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի և «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի համատեղ ջանքերով: «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի ծրագրի նպատակն է հարգանքի տուրք մատուցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված երիտասարդների հիշատակին, նպաստել կրթության և գիտության առաջընթացին՝ նրանց թանկ անուններով կրթամրցանակներ սահմանելով և խրախուսելով երիտասարդ մասնագետներին։