- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-Ն ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ԳՐԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՏՐՎԵՑ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ
Հոկտեմբեր 17, 2022 | 16:13
Կրթություն
ԵՊՀ-Ն ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ԳՐԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՏՐՎԵՑ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ
«Դրամաշնորհներ գրելու հմտություններ» խորագրով վերապատրաստման շրջանակում անցկացվելու են դրամաշնորհային ծրագրեր որոնելու, ծրագիր ու բյուջե կազմելու, դրանք ներկայացնելու և իրականացնելու վերաբերյալ դասընթացներ:
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության կազմակերպած վերապատրաստումը, որին մասնակցելու են նախօրոք հայտեր ներկայացրած 32 անձինք, անցկացնելու են վարչության՝ դրամաշնորհների համակարգման բաժնի մասնագետները և ԱՄՆ Արիզոնայի պետական համալսարանի փորձագետները:
Շաբաթական երկու անգամ կազմակերպվելիք դասախոսությունների շրջանակում մասնակիցները ստանալու են ոչ միայն ներպետական, այլև արտասահմանյան դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքներ:
Հատկանշական է, որ վերապատրաստման դասընթացների թեմատիկ պլանը կազմվել է՝ հաշվի առնելով մասնակիցների՝ մոտիվացիոն նամակներում վերապատրաստման ծրագրից ունեցած ակնկալիքները:
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության դրամաշնորհների համակարգման բաժնի վարիչ Արսեն Ապրոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վերապատրաստում անցկացնելու գաղափարը ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության հետ մշտապես քննարկվել է, և այսօր այն կյանքի է կոչվում: Ա. Ապրոյանը կարևորեց հատկապես այն, որ ԵՊՀ-ն հնարավորություն է տալիս դրամաշնորհային ծրագրեր գրելու վերաբերյալ հիմնարար գիտելիքներ ստանալու ոչ միայն համալսարանականներին, այլև դրանով հետաքրքրված այլ անձանց:
Խոսելով դասընթացի ընձեռած այլ հնարավորություններից՝ Ա. Ապրոյանը ընդգծեց, որ դրա շնորհիվ կմեծանա հետաքրքրությունը ինչպես ներպետական, այնպես էլ արտասահմանյան դրամաշնորհային ծրագրերին դիմելու նկատմամբ: Նա կարևորեց, որ դասընթացից հետո ևս դրամաշնորհների համակարգման բաժինը պատրաստակամ է օժանդակելու դրամաշնորհային ծրագրերի կազմման և դրանց առնչվող այլ հարցերում։
Անդրադառնալով Արիզոնայի պետական համալսարանի հետ համագործակցությանը՝ դրամաշնորհների համակարգման բաժնի վարիչը կարևորեց վերապատրաստման գործընթացում օտարերկրյա փորձագետների ներգրավվածությունը, որոնք սույն նախաձեռնության շրջանակում դասընթաց կանցկացնեն նոյեմբերին:
«ԱՄՆ Արիզոնայի պետական համալսարանի փորձագետները վերապատրաստման շրջանակում ներկայացնելու են ամերիկյան դրամաշնորհային ծրագրերին դիմելու հմտություններ, որոնց Հայաստանից դիմելու հնարավորություն կա, սակայն վիճակագրությունը փաստում է, որ դրան դիմում են քիչ թվով մարդիկ: Այս վերապատրաստումն իր հերթին կնպաստի հետաքրքրվողների շրջանակի ընդլայնմանը»,- նշեց Ա. Ապրոյանը:
Ա. Ապրոյանը փաստեց, որ վերապատրաստման դասընթացները շարունակական են լինելու: Նրա խոսքով, բացի գիտելիքահենք լինելուց, դրանք նպաստում են նաև բուհի միջազգային ճանաչմանն ու համագործակցությունների շրջանակի լայնացմանը:
Հատկանշական է, որ համալսարանը մշակում է նորարարական մոտեցումներ, որոնցում առանցքային է այն, որ յուրաքանչյուր դասախոս և աշխատակից պետք է ունենա վերապատրաստման մասնակցություն՝ համապատասխան կրեդիտով: Այս համատեքստում կարևոր է այն, որ վերապատրաստման ավարտին մասնակիցներին տրվելու են վկայականներ, որոնք կհավաստեն վերոնշյալը:
Նշենք, որ հետագայում ևս նախատեսվում է անցկացնել այսօրինակ վերապատրաստում, որի մասնակցության համար կարևոր նախապայմաններից է լինելու անգլերենի գերազանց իմացությունը: