- Գլխավոր
- Նորություններ
- ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
Օգոստոս 29, 2019 | 15:25
ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ ուսանողական խորհուրդն օգոստոսի 29-31-ն իրականացնում է «Առաջինկուրսեցիների իրազեկում» ծրագիրը, որն անցկացվում է երկրորդ տարին:
Ծրագրի շրջանակում առաջին կուրսի ուսանողները հնարավորություն ունեն ստանալու իրենց հուզող հարցերի պատասխաններն ու լինելու իրազեկված:
Այսօր ծրագրին մասնակցում էին ԵԼՀ, Միջազգային հարաբերությունների, Քիմիայի և Արևելագիտության ֆակուլտետների ուսանողները:
Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը՝ նշելով, որ «Առաջինկուրսեցիների իրազեկում» ծրագրի հիմնական նպատակն է օգնել ուսանողին հնարավորինս արագ ներգրավվել ուսումնական գործընթացին:
«Պետք է նշեմ, որ «Առաջինկուրսեցիների իրազեկում» ծրագիրը բաղկացած է երկու մասից. առաջին հատվածում ուսանողներին կներկայացնենք այն անհրաժեշտ տեղեկատվությունը, որը հնարավորություն կտա ուսանողին իրազեկ լինելու և ավելի հեշտ ինտեգրվելու ուսանողական առօրյային, երկրորդ մասում կկազմակերպվի շրջայց համապատասխան ֆակուլտետներ»,-պարզաբանեց Դավիթ Ափոյանը:
Վերջինս նշեց նաև, որ այս տարվա առաջինկուրսեցիները պատիվ ունեն սովորելու հարյուրամյա բուհում, ուստի նրանք պետք է գիտակցեն դրա պատասխանատվությունն ու ձգտեն լավ ուսանող դառնալ:
Այնուհետև ելույթով հանդես եկավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Դավիթ Մաթևոսյանը, որն ուսանողներին պատմեց կրեդիտային համակարգի և ուսումնական գործընթացի կազմակերպման մասին:
Նա անդրադարձավ Բոլոնյան համակարգի ստեղծման պատմությանը, ներկայացրեց կրեդիտային համակարգի նպատակն ու գործառույթները և բակալավրի ուսումնական ծրագրի կառուցվածքը:
«Կրեդիտային համակարգն ուսանողներին հնարավորություն է տալիս ազատորեն օգտվելու փոխանակման ծրագրերից, այնուհետև վերադառնալու և ուսումը շարունակելու ԵՊՀ-ում,- նշեց Դավիթ Մաթևոսյանը,- իսկ բավարար չափով կրեդիտների կուտակումն ուսանողին դիպլոմ ստանալու հնարավորություն է ընձեռում»:
Խոսելով ուսումնական գործընթացի մասին՝ Դավիթ Մաթևոսյանն ասաց, որ այն սկսվում է 8-շաբաթյա լսարանային աշխատանքով, այնուհետև մեկ շաբաթ տրամադրվում է քննություններին, որից հետո ևս 7 շաբաթ անցկացվում են լսարանային պարապմունքները, ապա նորից մեկ շաբաթվա ընթացքում կազմակերպվում են ընթացիկ քննությունները, որոնցից հետո արդեն 3 շաբաթ տրամադրվում է եզրափակիչ քննությունների անցկացմանը, որոնք հիմնականում բանավոր են:
Դավիթ Մաթևոսյանը ներկայացրեց նաև ԵՊՀ-ում գիտելիքների մատուցման 4 եղանակները՝ պարզաբանելով, թե ինչ են դասախոսությունը, գործնական ու լաբորատոր աշխատանքները և սեմինարը:
Այնուհետև ԵՊՀ ՈՒԽ իրավական հանձնաժողովի նախագահ Տաթև Սողոյանը խոսեց ԵՊՀ գրադարանի մասին՝ ներկայացնելով գրադարանից օգտվելու կարգն ու եղանակները:
Վերջինս անդրադարձավ ուսանողներին տրվող նպաստներին և կրթաթոշակներին, ինչպես նաև նրանց ակտիվությունն ապահովող ակումբներին:
ԵՊՀ-ի գործունեությանն առավել մանրամասն տեղեկանալու համար Տաթև Սողոյանն ուսանողներին խորհուրդ տվեց պարբերաբար այցելել նաև հետևյալ կայքեր՝ 1course.ysu.am, ysu.am, lib.ysu.am:
Միջոցառման երկրորդ մասում տեղի ունեցավ այցելություն համապատասխան ֆակուլտետներ:
Հիշեցնենք, որ «Առաջինկուրսեցիների իրազեկում» ծրագիրը շարունակվելու է մինչև օգոստոսի 31-ը:
Անի Պողոսյան