- Գլխավոր
- Նորություններ
- ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՆ ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՆՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մարտ 06, 2019 | 16:49
Կրթություն
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՆ ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՆՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի նախաձեռնությամբ այսօր բակալավրիատի ավարտական կուրսի ուսանողների համար «Բիզնեսի կազմակերպում և կառավարում» առարկայից կազմակերպվել էր «Մարդկային ռեսուրսների կառավարում և առաջնորդություն» թեմայով վարպետության դաս:
ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչի տեղակալ, դոցենտ Աննա Հակոբջանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նմանաբնույթ վարպետության դասերը տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շարունակական բնույթ են կրելու:
Նրա խոսքով, վարպետության դասի նպատակն է ուսանողներին ծանոթացնել անձնակազմի հետ աշխատանքի նրբություններին, անձնակազմի զարգացման ռազմավարությունների մշակման առանձնահատկություններին և կազմակերպությունում առաջնորդության դրսևորումներին, ինչպես նաև ճիշտ անձնակազմ ընտրելու մեխանիզմներին:
«Մարդկային ռեսուրսների կառավարում և առաջնորդություն›› թեմայով վարպետության դաս վարեց ‹‹ՎիվաՍել-ՄՏՍ›› կազմակերպության Մարդկային ռեսուրսների պլանավորման և զարգացման բաժնի պետ Մարիանա Էդիլյանը:
Նա ուսանողներին առաջին հերթին բացատրեց՝ ինչպես պետք է կազմել ռեզյումեն և CV-ին, ներկայացրեց դրանց տարբերությունները: Ծանոթացրեց հարցազրույցին պատրաստվելու և ներկայանալու նրբություններին, իսկ եթե արդեն ընդունվել են աշխատանքի, ապա ինչպես ընտելանալ ընկերության աշխատաոճին:
Մեզ հետ զրույցում Մարիանա Էդիլյանը նշեց, որ նմանօրինակ հանդիպումները կօգնեն ուսանողներին աշխատաշուկայում ճիշտ կողմնորոշվել: «Կարծում եմ, որ այսօրինակ հանդիպումները կօգնեն ուսանողներին, որպեսզի նրանք դառնան ավելի մրցունակ: Քանի որ այսօր ուսանողների մեծ մասը գալիս է հարցազրույցի՝ չիմանալով, թե ինչպես ներկայացնել մասնագիտական հմտությունները և աշխատանքային փորձը: Նմանատիպ հանդիպումները ճիշտ կլիներ ունենային շարունակական բնույթ, քանի որ դասախոսության ընթացքում ուսանողներին տրվում են գործնական գիտելիքներ»,-ասաց նա:
Հանդիպման վերջում Մարիանա Էդիլյանը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող մի շարք հարցերին:
Նադեժդա Տեր-Աբրահամյան