- Գլխավոր
- Նորություններ
- «ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ» ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷԻՆ
Հուլիս 16, 2022 | 13:19
Կրթություն
Գիտություն
«ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ» ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷԻՆ
Երևանի պետական համալսարանում այսօր տեղի ունեցավ «Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի» համար դեռևս նոր ձևաչափով միջոցառում՝ «Միջազգային խմբային աշխատանք», որի ընթացքում աշակերտները ներկայացրին թիմային գիտական նախագծեր և պաստառներ։
Ի տարբերություն օլիմպիադայի, որի ժամանակ յուրաքանչյուր մասնակից անհատական աշխատանք է կատարում՝ «Միջազգային խմբային աշխատանքի» նպատակը տարբեր երկրներից ուսանողներին հավաքելն ու միասնական աշխատանք կատարելն է:
Նոր ձևաչափով անցկացվող այս նախագիծը նպատակ ունի նաև զարգացնելու մասնակիցների՝ խնդիրներ առաջադրելու, հիպոթեզ կազմելու, ուսումնասիրություններ իրականացնելու և եզրակացություն անելու հմտությունները։
Աշխատանքի կազմակերպման նպատակով գիտությամբ հետաքրքրված 250-ից ավելի աշակերտներից կազմվեցին թիմեր, որոնցից յուրաքանչյուրում՝ ազգային պատկանելությամբ տարբերվող չորս մասնակից:
Մասնակիցներն ընտրեցին նախապես սահմանված հինգ թեմաներից (մոլեկուլային և բջջային կենսաբանություն, կենսաբժշկություն, միջտեսակային հարաբերություններ, բիոնիկա և բիոմիմիկրիա, կենսաինֆորմատիկա ու արհեստական բանականություն) մեկը և սկսեցին հետազոտություններ իրականացնել:
Առցանց աշխատելուց հետո թիմերը ներկայացրին իրենց հետազոտությունները նախ՝ մյուս թիմերին, ապա՝ ժյուրիի անդամներին, որոնք արդեն իսկ ծանոթացել էին աշխատանքների բովանդակությանը:
Հետազոտությունները գնահատվեցին՝ հաշվի առնելով ընտրված թեմայի արդիականությունը, մասնակիցների մտահորիզոնը, մեթոդոլոգիան, խմբի արդյունքներն ու եզրակացությունները, ներկայացման որակը, իսկ վերջում՝ ժյուրիի առաջադրած հարցերին տրված պատասխանները:
Այս միջոցառումը նորամուծություն էր օլիմպիադայի մասնակիցների համար, քանի որ էապես տարբերվում էր ավանդական տեսական և փորձարարական աշխատանքներից։
Աշխատանքներն իրականացնելիս նրանց օգնեցին համակարգողները՝ երիտասարդ փորձառու գիտնականներ, ԿՄՕ շրջանավարտներ, գիտական գործունեություն իրականացող ուսանողներ։
«Միջազգային խմբային աշխատանք» մրցույթի հաղթողների անունները կհայտարարվեն վաղը՝ հուլիսի 17-ին, «Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի» փակման արարողության ժամանակ։
Նշենք, որ «Միջազգային խմբային աշխատանքն» առաջին անգամ իրականացվել է «IBO Challenge 2020»-ի շրջանակում։ Կորոնավիրուսային համաճարակի պատճառով բոլոր միջոցառումները տեղի են ունեցել հեռավար ձևով, այդ թվում՝ «Միջազգային խմբային աշխատանքը»։ Նախագիծը տևել է 2 ամիս. մասնակիցներն ամբողջ ընթացքում՝ 1-2 շաբաթը մեկ անգամ, առցանց ձևաչափով կապ են հաստատել և իրականացրել իրենց նախագծերը համակարգողների հետ միասին։