- Գլխավոր
- Նորություններ
- ՌՈՒՍ ՀԱՅՏՆԻ ՖԻԶԻԿՈՍ ԻԳՈՐ ԿՈՒՐՉԱՏՈՎԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Դեկտեմբեր 14, 2020 | 19:48
Գիտություն
ՌՈՒՍ ՀԱՅՏՆԻ ՖԻԶԻԿՈՍ ԻԳՈՐ ԿՈՒՐՉԱՏՈՎԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ռուս մեծ գիտնական Իգոր Կուրչատովի կիսանդրու հանձնման հանդիսավոր արարողությունը, այնուհետ ցուցադրվել է նրա մասին պատմող հոլովակ ու միջուկային արդյունաբերության զարգացման մասին դասախոսություն ֆակուլտետի ուսանողների համար։
Միջոցառմանը մասնակցում էին ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը, Միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչ Անահիտ Բալաբեկյանը և Երևանում ՌԳՄԿ-ի կրթական ծրագրերի բաժնի ղեկավար Աննա Մարգարյանը։ Տեսակապով միջոցառմանը մասնակցում էին 28 երկրների ներկայացուցիչներ, ուսանողներ, ինչպես նաև «МИФИ» միջուկային ֆիզիկայի և տեխնոլոգիաների համալսարանի փոխտնօրեն Ալեքսանդր Խրոմովը։
Սկզբում հյուրերին ողջունեց Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը։ Նա ասաց, որ ուրախ է իրենց ֆակուլտետում հյուրընկալել Ռուսաստանում միջուկային արդյունաբերության 75-ամյակին և ռուս մեծ գիտնական Իգոր Վասիլևիչին նվիրված միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին։
Այնուհետև հյուրերին ողջունեց Երևանում ՌԳՄԿ-ի կրթական ծրագրերի բաժնի ղեկավար Աննա Մարգարյանը։ Նա ասաց, որ 2020 թ. Ռուսաստանում նշվում է միջուկային արդյունաբերության 75-ամյակը: Այս կապակցությամբ ողջ տարվա ընթացքում «Ռոսատոմ» պետական կորպորացիան ՌԴ ատոմային էներգետիկայի արդյունաբերության և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի աջակցությամբ միջազգային մարդասիրական միջոցառումներ է անցկացնելու՝ ի հիշատակ ռուս մեծ գիտնական, ակադեմիկոս Իգոր Վասիլևիչ Կուրչատովի։
«Այս մարդասիրական միջոցառման շրջանակում պատրաստվել է Ի․ Վ․ Կուրչատովի 100 կիսանդրի, որոնք նվիրվելու են միջուկային արդյունաբերության ոլորտում զգալի ներդրում ունեցած գործիչներին, ինչպես նաև ՌԳՄԿ-ի հիմնական գործընկերներին»,- նշեց Ա․ Մարգարյանը:
Միջոցառման ընթացքում մասնակիցների համար ցուցադրվեց «Ատոմի հանճարը» վերնագրով հոլովակ, որը պատմում էր Ի․ Կուրչատովի գիտական գործունեության և միջուկային արդյունաբերության զարգացման գործում նրա ունեցած ներդրման մասին:
Հոլովակի ցուցադրումից հետո ելույթով հանդես եկավ «Մեգապրոեկտ» ՇՍՆՉԿ-ի համակարգող Կիրիլ Մորոզովը։ Նա ողջունեց ներկաներին և ասաց, որ այս միջոցառումների նպատակն է ստեղծել երկխոսություն Իգոր Կուրչատովի անվան շուրջ` երիտասարդ սերունդների ներկայացուցիչներին պատմելով «ֆիզիկա» գիտության, ատոմային էներգիայի և այն մասին, թե ինչպես է նա փոխում աշխարհը:
Հյուրերին ողջունեց նաև ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը։ Նա նշեց, որ ատոմային էներգետիկան և արդյունաբերությունը չափազանց կարևոր ոլորտներ են, որոնցով հետաքրքրված է Հայաստանը․ «Այսօր ֆիզիկայի ոլորտը զարգացում է ապրում։ Սերտ համագործակցական կապեր են ստեղծվում մեր գործընկեր ուսումնական հաստատությունների գիտնականների հետ։ Սա շատ կարևոր միջոցառում է, որի համար հայտնում եմ իմ շնորհակալությունը»։
Ողջույնի խոսքերից հետո Երևանում ՌԳՄԿ-ի կրթական ծրագրերի բաժնի ղեկավար Աննա Մարգարյանը ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանին հանձնեց ռուս մեծ գիտնական Իգոր Կուրչատովի կիսանդրին։
Միջոցառման վերջում Երևանի պետական համալսարանի ուսանողների համար «Մասնիկների ֆիզիկայի և միջուկային տեխնոլոգիայի ժամանակակից խնդիրները» խորագրով դասախոսություն կարդաց «МИФИ» միջուկային ֆիզիկայի և տեխնոլոգիաների համալսարանի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամովը։