- Գլխավոր
- Նորություններ
- ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ՝ «ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅԱՆ» ԿՈՂՄԻՑ
Մարտ 12, 2019 | 16:30
Հասարակություն
ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ՝ «ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅԱՆ» ԿՈՂՄԻՑ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր անցկացվեց տեղեկատվական հանդիպում կրթաթոշակային ծրագրերի վերաբերյալ։
Միջոցառումը կազմակերպել էր ԵՊՀ ուսանողական խորհուրդը:
«Հայ կրթական հիմնարկության» ծրագրերի համակարգող Տաթևիկ Մուրադյանը հանդիպման սկզբում ողջունեց ներկաներին ու կարճ ներկայացրեց հիմնարկության գործունեությունը: Նա ասաց, որ բացի կրթաթոշակների տրամադրումից՝ «Հայ կրթական հիմնարկություն»-ը զբաղվում է դպրոցաշինությամբ, իսկ Հայաստանում, Արցախում ու Ջավախքում հիմնարկության ջանքերով արդեն իսկ վերանորոգվել ու հիմնանորոգվել է ավելի քան 200 դպրոց:
Խոսելով կրթաթոշակի մասին՝ նա նշեց, որ այն հիմնականում տրամադրվում է ուսման վարձի չափով, եթե վերջինս չի գերազանցում 600 հազար դրամը:
«Հայ կրթական հիմնարկության» ծրագրերին այս տարի կարող են դիմել Երևանի պետական համալսարանի քիմիայի, ֆիզիկայի, տնտեսագիտության (բացառությամբ՝ կառավարում), մաթեմատիկայի և մեխանիկայի (այս բաժնի դիմումների ՄՈԳ-ը ընդունվում է 12-ից), կենսաբանության, աշխարհագրության և երկրաբանության (բացառությամբ սերվիսի), ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ռադիոֆիզիկայի ֆակուլտետների, ինչպես նաև ԵՊՀ իրանագիտության, թյուրքագիտության, արվեստաբանության բաժինների (Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոն) ուսանողները:
«Պետք չէ հուսահատվել, եթե ձեր ֆակուլտետը կրթաթոշակային այս տարվա ծրագրում ընդգրկված չէ, քանի որ ֆակուլտետների ցանկն ամեն տարի թարմացվում է ԱՄՆ-ի մեր գրասենյակի կողմից»,- ասաց Տաթևիկ Մուրադյանը:
Նա մանրամասն ներկայացրեց կրթաթոշակի համար դիմելու կարգը, այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են, ինչպես նաև կրթաթոշակ ստանալու դեպքում ուսանողի պարտականությունները: Ուսանողները ստացան «Հայ կրթական հիմնարկության» կայքէջի հասցեն, որտեղ առկա է կրթաթոշակային ծրագրին դիմելու հայտադիմումի օրինակը:
«Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի վճարովի համակարգում 2019 թ. սեպտեմբերից 2-րդ կուրսում սովորող (դիմելու պահին 1-ին կուրսում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ (այդ թվում՝ և՛ մագիստրանտներ, և՛ ասպիրանտներ),- ասաց Տաթևիկ Մուրադյանը և ավելացրեց,- կրթաթոշակ ստանալու դեպքում ուսանողը պարտավորվում է սովորել բարձր առաջադիմությամբ, մասնակցել կրթաթոշակ ստացած ուսանողների հանդիպումներին, ինչպես նաև տարեկան առնվազն 120 ժամ կամավորական աշխատանքներ իրականացնել որևէ հաստատությունում»:
Մարինա Առաքելյան