- Գլխավոր
- Նորություններ
- «ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՆ ՈՒԺ ԵՆ. ԴՐԱՆՔ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՄԱՐԴՈՒՆ ԸՆԴԼԱՅՆԵԼ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԸ». ՀԵՂԻՆԵ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Մայիս 18, 2022 | 17:13
Կրթություն
Մշակույթ
«ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՆ ՈՒԺ ԵՆ. ԴՐԱՆՔ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՄԱՐԴՈՒՆ ԸՆԴԼԱՅՆԵԼ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԸ». ՀԵՂԻՆԵ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Թանգարանների միջազգային օրվա առթիվ Մայր բուհի Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում կայացավ «Ճանաչի՛ր Մայր բուհը» խորագրով միջոցառում, ինչի շրջանակում թանգարանը հյուրընկալեց Երևանի Պարույր Սևակի անվան դպրոցի 30 աշակերտներին և ուսուցիչներին: Մրցույթի ընթացքում հնչած հարցերին ակտիվորեն ճիշտ պատասխանած աշակերտներն ստացան մրցանակներ:
Միջոցառման նպատակը հանրակրթական դպրոցի աշակերտներին ԵՊՀ պատմությանը, նրա երախտավորներին ծանոթացնելն էր, ինչը կնպաստի աշակերտների հոգեկերտվածքի ձևավորմանը, ինչպես նաև դպրոցն ավարտելուց հետո կյանքի ճիշտ ուղի ընտրելուն:
ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանն աշակերտների հետ զրույցում ասաց. «Թանգարաններն ուժ են. դրանք օգնում են մարդուն ընդլայնել աշխարհայացքը, ձևավորել հոգեկերտվածք: Որպես ավագ ընկեր՝ ձեզ խորհուրդ եմ տալիս հաճախ այցելել թանգարաններ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Մեր այսօրվա միջոցառման նպատակը ձեզ համալսարանի պատմությանը, երախտավորներին, ազատամարտիկներին ծանոթացնելն է, որպեսզի նրանց ավելի մոտիկից ճանաչեք: Միշտ հիշե՛ք, որ Մայր բուհն ազգային արժեք է»,- ասաց Հ. Գասպարյանը:
Դպրոցի պատմության ուսուցչուհի Հասմիկ Չախմախչյանը պատմեց, որ օրեր առաջ աշակերտների հետ իրականացրել են այց ԵՊՀ պատմության թանգարան, իսկ այսօր մրցույթի են մասնակցում՝ գիտելիքների ստուգման նպատակով:
«Աշակերտները ծանոթացան թանգարանի պատմությանը, իրենց գիտական ուղին Մայր բուհում սկսած անվանի գիտնականներին ու նրանց գործունեությանը: Կարծում եմ՝ մեր այցերը կօգնեն աշակերտներին հետագայում իրենց մասնագիտության ընտրությունը կատարելիս»,- նշեց Հ. Չախմախչյանը:
9-րդ դասարանի աշակերտ Գագիկ Ղուլյանին տպավորել էին պատմամշակութային այն իրերը, որոնք տեսել էր թանգարանում: «Ինձ համար ամեն բան շատ տպավորիչ էր: Այստեղ լսեցի հետաքրքիր պատմություններ և կցանկանամ հետագայում կրթություն ստանալ հենց ԵՊՀ-ում»,- ասաց դպրոցականը:
Հանդիպման վերջում ամփոփվեցին մրցույթի արդյունքները, և ճիշտ պատասխաններ հնչեցրած աշակերտներին հանձնվեցին մրցանակներ: