- Գլխավոր
- Նորություններ
- ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է Լ. Ն. ԳՈՒՄԻԼՈՎԻ ԱՆՎԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Հոկտեմբեր 24, 2018 | 16:29
Կրթություն
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է Լ. Ն. ԳՈՒՄԻԼՈՎԻ ԱՆՎԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Հոկտեմբերի 16-17-ը ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը և Որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը մասնակցել են Աստանայում կայացած «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կազմակերպված «Երրորդ շրջափուլի (դոկտորական) ծրագրերի ներքին և արտաքին որակի ապահովման համակարգեր» խորագրով միջազգային կոնֆերանսին:
Նշենք, որ կոնֆերանսն անցկացվել է Ղազախստանի հումանիտար-իրավաբանական համալսարանում:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը ասաց, որ միջազգային կոնֆերանսին մասնակցել են Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Ֆրանսիայից, Իսպանիայից և Լեհաստանից ժամանած կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
Նա նշեց, որ միջազգային կոնֆերանսին հայկական պատվիրակությունը ներկայացրել է ասպիրանտական կրթության որակի ապահովման վերաբերյալ իր մշակած ծրագիրը. «Մեր ներկայացրած ծրագրի նպատակն է բարձրացնել ԵՊՀ-ում տարբեր մասնագիտությունների գծով ասպիրանտական կրթության որակը: Այն մեծ հավանության արժանացավ և այսօր ուղղորդիչ դեր ունի ծրագրի մասնակից մյուս երկրների համար»:
Արմեն Բուդաղյանը նաև հայտնեց, որ ԵՊՀ պատվիրակությունը հոկտեմբերի 18-ին այցելել է Լ. Ն. Գումիլովի անվան եվրասիական ազգային համալսարան, որտեղ հանդիպել է Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ասեմգուլ Մոլդաժանովայի, Միջազգային կապերի և նորարարության գծով պրոռեկտոր Բաուբեկ Սոմժուրեկի, ինչպես նաև Միջազգային համագործակցության վարչության տնօրենի պաշտոնակատար Անաստասիա Կարմելյուկի հետ:
ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի տնօրենն ավելացրեց, որ սեպտեմբերին Լ. Ն. Գումիլովի անվան եվրասիական ազգային համալսարանի պատվիրակությունը ռեկտոր Ե. Սիդիկովի գլխավորությամբ այցելել էր ԵՊՀ. «Այցի ընթացքում քննարկվել են համագործակցության մի շարք ծրագրեր, որոնց թվում են պրոֆեսորադասախոսական կազմի և ասպիրանտների փոխանակման ծրագրերը, երկակի դիպլոմներ տրամադրելու հեռանկարները, «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող նախագծերը: Իսկ Լ. Ն. Գումիլովի անվան եվրասիական ազգային համալսարան կատարած այցի ընթացքում քննարկվեցին այդ ծրագրերի իրականացման ժամկետները, ինչպես նաև առաջարկվեց Երևանում անցկացնել Հայաստանի և Ղազախստանի բուհերի ռեկտորների համագումարը, որտեղ քննարկվելու են համագործակցության տարբեր ծրագրեր»:
Նադեժդա Տեր-Աբրահամյան