- Գլխավոր
- Նորություններ
- «ԿՈՄՊԱԿՏ ԱՍՏՂԵՐԻ ԵՎ ՌԵԼԱՏԻՎԻՍՏԱԿԱՆ ԳՐԱՎԻՏԱՑԻԱՅԻ ԱՐԴԻ ՖԻԶԻԿԱ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
Սեպտեմբեր 17, 2019 | 17:08
Գիտություն
«ԿՈՄՊԱԿՏ ԱՍՏՂԵՐԻ ԵՎ ՌԵԼԱՏԻՎԻՍՏԱԿԱՆ ԳՐԱՎԻՏԱՑԻԱՅԻ ԱՐԴԻ ՖԻԶԻԿԱ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Կոմպակտ աստղերի և ռելատիվիստական գրավիտացիայի արդի ֆիզիկա» թեմայով միջազգային գիտաժողով, որը նվիրված էր ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին։
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, Ակադեմիկոս Գ. Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր Արամ Սահարյանը, Ֆիզիկայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմից ներկայացուցիչներ, ասպիրանտներ և ուսանողներ, 57 գիտնական, որոնցից 37-ը՝ արտերկրից։
Միջոցառման սկզբում ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը ողջունեց «Կոմպակտ աստղերի և ռելատիվիստական գրավիտացիայի արդի ֆիզիկա» թեմայով միջազգային գիտաժողովի մասնակիցներին և մաղթեց նրանց արդյունավետ աշխատանք։
Նշենք, որ գիտաժողովի ընթացքում, բացի զեկուցումներից, նախատեսվում են այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր։
Գիտաժողովի առաջին զեկուցումը կարդաց Ֆիզիկայի ֆակուլտետի ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի (ՖԳՀԻ) փոխտնօրեն Աննա Քոթանջյանը:
Մեզ հետ զրույցում գիտաժողովի կազմակերպիչ և բանախոս, Ակադեմիկոս Գ. Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր Արամ Սահարյանն ասաց, որ նմանօրինակ գիտաժողովներ անցկացվում են արդեն 5-րդ տարին, իսկ այս մեկը նվիրված է գերխիտ աստղերի ֆիզիկային և ռելատիվիստական գրավիտացիային։
«Այն Հայաստանի համար ապագայի ուղղություն է, քանի որ այս ուղղության հիմնադիրներից երկուսը եղել են Հայաստանից՝ ակադեմիկոսներ Վիկտոր Համբարձումյանը և Գուրգեն Սահակյանը։ Կարելի է ասել, որ Հայաստանն այս բնագավառում միջազգային մասշտաբով առաջատարներից է»,- նշեց պրոֆեսոր Արամ Սահարյանը:
Նա ասաց, որ գիտաժողովի արդյունքները հրապարակվում են միջազգային ամսագրերում, ինչը հնարավորություն է տալիս հանրայնացնելու մեր հետազոտությունների արդյունքները։
«Այս գիտաժողովը մենք նվիրում ենք Երևանի պետական համալսարանի 100-ամյակին։ Սա վկայությունն է այն բանի, որ համալսարանը եղել է և մնում է հանրապետության գիտության ամենակարևոր կենտրոններից մեկը»,- խոսքը եզրափակեց Ա․ Սահարյանը և շնորհակալություն հայտնեց միջոցառման կայացմանն աջակցող կազմակերպություններին։
Նշենք, որ միջազգային գիտաժողովը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 21-ը, իսկ գիտական հոդվածները տպագրվելու են «Particles» և այլ միջազգային ամսագրերում։