- Գլխավոր
- Նորություններ
- «ԷՔՍՏՐԵՄՈՖԻԼՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՆՈՐ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ». ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ
Հոկտեմբեր 02, 2019 | 15:56
Կրթություն
«ԷՔՍՏՐԵՄՈՖԻԼՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՆՈՐ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ». ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դասախոսների, ասպիրանտների և մագիստրատուրայի ուսանողների մի խումբ Թբիլիսիում մասնակցել է «Էքստրեմոֆիլների ուսումնասիրության և կենսատեխնոլոգիայի նոր նվաճումները» խորագրով գիտաժողովին:
Գ. Էլիավայի անվան բակտերաֆագերի, մանրէաբանության և վիրուսաբանության ինստիտուտում սեպտեմբերի 24-28-ը տեղի ունեցած միջազգային գիտաժողովը կազմակերպվել էր Բարձրագույն կրթության բնագավառում միջազգային համագործակցության նորվեգական կենտրոնի կողմից տրամադրվող «Ընդհանուր և կիրառական մանրէաբանության բնագավառում գիտահեն բարձրագույն կրթության կատարելագործման եվրասիական ցանց» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:
Գիտաժողովի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել էքստրեմոֆիլ մանրէների կենսաբանությանն ու կենսատեխնոլոգիայում դրանց կիրառմանն առնչվող արդի հիմնախնդիրներին:
ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, դրամաշնորհային ծրագրի համակարգող Հովիկ Փանոսյանը, որը միջազգային գիտաժողովի կազմակերպիչներից էր, մեզ հետ զրույցում ասաց, որ այն կազմակերպվել էր նորվեգական և վրացական գործընկերների հետ համատեղ:
Միջազգային գիտաժողովին մասնակցել են Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի, Բուլղարիայի, Վրաստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի տարբեր բուհերի ուսանողներ և դասախոսներ:
«Էքստրեմոֆիլների ուսումնասիրության և կենսատեխնոլոգիայի նոր նվաճումները» խորագրով գիտաժողովին պլենար զեկուցումներով հանդես են եկել Հովիկ Փանոսյանը և ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասիստենտ Արմինե Մարգարյանը:
Հովիկ Փանոսյանն ասաց, որ գիտաժողովին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել և բանավոր զեկուցմամբ ելույթ ունեցել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մագիստրոսներ և հեռակա ուսուցման ասպիրանտներ Անի Սաղաթելյանը, Ռազմիկ Սարգսյանը, Իրինա Այվազյանը և Հեղինե Պողոսյանը, որոնք գիտահետազոտական աշխատանքներ են կատարել դրամաշնորհային ծրագրի շրջանակում, իսկ մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Դիանա Ղևոնդյանը և երկրորդ կուրսի ուսանող Ռազմիկ Պապիկյանը ներկայացրել են իրենց գիտական հետազոտությունների արդյունքները ստենդային զեկուցմամբ:
«Գիտաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց գիտական հետազոտության արդյունքները ներկայացնելու և քննարկելու մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի բնագավառում միջազգային ճանաչում ունեցող գիտնականների հետ, խորհուրդներ ստացան հետազոտական աշխատանքն արդյունավետ կազմակերպելու համար»,- ասաց Հովիկ Փանոսյանը:
Պատրաստեց Քնար Միսակյանը