- Գլխավոր
- Նորություններ
- «ՆԱՆՈՖԻԶԻԿԱ ԵՎ ՆԱՆՈՆՅՈՒԹԵՐ». ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Դեկտեմբեր 17, 2020 | 13:50
Հասարակություն
«ՆԱՆՈՖԻԶԻԿԱ ԵՎ ՆԱՆՈՆՅՈՒԹԵՐ». ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի և գիտահետազոտական լաբորատորիայի նախաձեռնությամբ դեկտեմբերի 12-13-ն առցանց իրականացվել է «Նանոֆիզիկա և Նանոնյութեր» խորագրով երիտասարդ գիտնականների առաջին միջազգային գիտաժողովը։
Մեզ հետ զրույցում ԵՊՀ պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ Արշակ Վարդանյանը տեղեկացրեց, որ գիտաժողովին որպես զեկուցող և ունկնդիր մասնակցելու հայտ էր ներկայացրել ավելի քան 50 հետազոտող. «Մասնակիցները ներկայացնում էին ոչ միայն ԵՊՀ տարբեր ֆակուլտետներ և Հայաստանի գիտական այլ հաստատություններ, այլև Գերմանիայի, Լեհաստանի, Ավստրիայի և Իտալիայի գիտակրթական կենտրոններ:
Գիտաժողովին բացման խոսքով հանդես գալիս ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արշակ Վարդանյանը նշել է, որ նանոֆիզիկան՝ որպես աշխարհում նանոտեխնոլոգիաների կարևորագույն հենասյուներից մեկը, արձանագրում է զարգացման բուռն թափ՝ ներգրավելով հսկայական մտավոր, նյութական, տեխնոլոգիական և ֆինանսական միջոցներ. «Դա պայմանավորված է այն գրավիչ հեռանկարներով, որ բացում են նանոտեխնոլոգիաները մարդկային կենսագործունեության բոլոր ոլորտներում»:
Նրա խոսքով, համաշխարհային գիտաարտադրության մեջ նանոտեխնոլոգիաների կիրառության ներկայիս բարձր աստիճանը և այդ ոլորտում տենդագին մրցակցությունն օրըստօրե մեծացնում են դրա ներգրավվածությունը բարձր տեխնոլոգիական սարքաշինական և ռազմական արտադրություններում, էներգետիկայում, մեքենաշինության, առողջապահության, բնապահպանության, արհեստական բանականության ոլորտներում, տեղեկատվական (քվանտային) տեխնոլոգիաներում, սննդի և թեթև արդյունաբերությունում և այլն։
Արշակ Վարդանյանը կարևորել է Հայաստանում տեխնոլոգիական հասարակության ձևավորման խնդիրը. «Կյանքը ցույց է տվել, որ բարձր կենսամակարդակ և մարդկային հնարավորությունների լիակատար իրացում ու երջանկության զգացողություն ապահովում են այդպիսի հասարակությունները: Մեր երկրի խնդիրն է ձևավորել այդպիսի հասարակություն, ինչը հնարավոր կդառնա բավարար միջոցների ներգրավմամբ և հետևողական ու նպատակասլաց աշխատանքով՝ բացառելով ինքնագոհության զգացողությունը և չհիմնավորված ինքնագովազդը»:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչը փաստեց, որ գիտաժողովը դառնալու է ամենամյա՝ ներգրավելով երիտասարդ գիտնականներ ավելի շատ երկրներից և հարստացնելով գիտաժողովի բովանդակությունը՝ նանոգիտության լայն ընդգրկմամբ:
«Նանոգիտության շրջանակում մերձենում են բնագիտության բոլոր ոլորտները՝ ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը և այլն, բացելով համագործակցության խոստումնալից հեռանկարներ: Այսպես, օրինակ, առաջին հայացքից բժշկության հետ որևէ ընդհանրություն չունեցող այնպիսի պինդմարմնային նանոհամակարգերը, ինչպիսիք են կիսահաղորդչային քվանտային կետերը և մետաղական նանոմասնիկները, կարող են իրենց վրա վերցնել բժշկության հիմնական գործառույթներ՝ ախտորոշում, դեղերի հասցեական մատակարարում և բուժում: Նանոգիտությունը բացում է համագործակցության նմանօրինակ հնարավորություններ ամենատարբեր ոլորտների միջև, ուստի կարևորվում է ակտիվ փոխլրացմամբ և համագործակցությամբ գիտական նոր միջավայրի ձևավորումը»,- ասաց Արշակ Վարդանյանը:
Գիտական զեկուցումները, որոնցով հանդես են եկել եվրոպական երկրների հայտնի կենտրոնների աշխատակիցներ, երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ, մագիստրատուրայի և բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողներ, նվիրված են եղել նանոֆիզիկայի սպինտրոնիկա, պլազմոնիկա, ֆոնոնիկա և այլ բաժիններին:
Գիտաժողովն անցել է ակտիվ քննարկումների մթնոլորտում:
Պատրաստեց Քնար Միսակյանը