- Գլխավոր
- Նորություններ
- «ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԽԱՆԴՈՏ Է ԵՎ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ ԿԱՄ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ». ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՅԱՆ
Հունիս 05, 2020 | 15:43
Հասարակություն
«ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԽԱՆԴՈՏ Է ԵՎ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ ԿԱՄ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ». ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՅԱՆ
«Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի 2020 թ. ֆիզիկամաթեմատիկական անվանակարգում հաղթող է ճանաչվել Հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնի վարիչ Հովհաննես Հարոյանը: Պարոն Հարոյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, գիտական գործունեության, ինչպես նաև բնագավառի մարտահրավերների և դրանք հաղթահարելու ուղիների մասին:
- Պարո՛ն Հարոյան, մեր հարցազրույցներից մեկում պատմել եք, որ ծնվել և մեծացել եք Գյումրիում: Ե՞րբ ի հայտ եկան Ձեր նախասիրությունները, ինչպե՞ս որոշեցիք, որ պետք է ընդունվեք ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետ:
- Այո՛, դուք ճիշտ եք հիշում. ծնվել և մեծացել եմ Գյումրիում՝ ինքնատիպ ու հիասքանչ այդ քաղաքում։ Մանկությունս և պատանեկությունս լի են պայծառ հիշողություններով՝ չնայած ստեղծված դժվար պայմաններին։ Մութ ու ցուրտ տարիների ամենամեծ ուրախությունն էլեկտրական լույսի միացումն էր, որ միշտ կարճ էր թվում։ Այդ ժամանակ եղբորս հետ որոշեցինք էներգիայի այլընտրանքային աղբյուր ստանալ, որ կախված չլինենք լույսի կարճաժամկետ միացումներից։ Փորձեցինք օգտագործել քամու էներգիան. ափսոս, որ չհասանք մեծ հաջողությունների, բայց այդ ժամանակ էր, որ գիտակցեցի, թե ինչքան կարևոր է հասկանալ երևույթները և դրանք կիրառել առօրյայում, իսկ այդ հարցում ամենամեծ օգնականը ֆիզիկայի լավ իմացությունն է։
Ֆիզիկայի հանդեպ սերն արթնացավ այդ առարկայի ուսումնասիրության հենց սկզբից, որն էլ հետզհետե խորացավ, դարձավ տարերք. խնդիր լուծելն անասելի հաճույք էր պատճառում, հեշտ էր ստացվում։ Առարկայի նախընտրությունն անխուսափելի էր։ Որպես ֆիզիկամաթեմատիկական թեքումով վարժարանի շրջանավարտ՝ առաջադիմության շնորհիվ հնարավորություն ունեի հարցազրույցով ընդունվելու ԵՊՀ ֆիզիկայի կամ ռադիոֆիզիկայի ֆակուլտետ։ Նախապատվությունը տվեցի ռադիոֆիզիկային՝ համարելով այն ավելի կիրառական։ Նաև մտածեցի, որ ֆիզիկա բառը կա, ուրեմն ֆիզիկա հաստատ սովորելու եմ, դեռ մի բան էլ ավելին՝ ռադիոն էլ հետը։
- Դուք ինչպես կսահմանեք՝ ի՞նչ է ռադիոֆիզիկան, ընդհանուր առմամբ, և Ձեզ համար:
- Ըստ նախնական սահմանման՝ ռադիոֆիզիկան գիտություն է ռադիոալիքների ճառագայթման և ընդունման հարցերի, տարածման, միջավայրի հետ փոխազդեցության և ղեկավարման մասին։ Սակայն այսօր, իմ կարծիքով, ռադիոֆիզիկան խնդիրների շատ ավելի լայն սպեկտր է ներառում, ինչպիսիք են, օրինակ, էլեկտրամագնիսական ալիքների ճառագայթում/ընդունում, տարածում և ղեկավարում ռադիոտիրութից մինչև տերահերցային ու օպտիկական տիրույթներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ տեղեկատվության, ազդանշանների ձևավորում, մշակում, հաղորդում/ընդունում, ընդհանրապես հեռահաղորդակցությանը և կապի համակարգերին վերաբերող հարցեր, համակարգչային տեխնոլոգիաներ՝ գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում, տարատեսակ էլեկտրոնային սարքեր և դրանց ծրագրավորում, նորարական տեխնոլոգիաների որոնում։ Իսկ ինձ համար ռադիոֆիզիկան նաև իմ հարազատ ֆակուլտետն է՝ ԵՊՀ-ի լավագույն և հետաքրքիր ֆակուլտետներից մեկը, որտեղ սովորել եմ՝ ստանալով թե՛ մասնագիտական, թե՛ մարդկային վարվեցողության լավագույն դասեր, որտեղ առիթ եմ ունեցել շփվելու և այժմ էլ շփվում եմ մարդկային լավագույն տեսակի հետ։ Ի դեպ, այս տարի մեր ֆակուլտետի հիմնադրման 45-ամյակն է լրանում, շնորհավորում եմ բոլոր ռադիոֆիզիկոսներին։
- Պարո՛ն Հարոյան, զբաղվում եք գիտությամբ և զուգահեռաբար իրականացնում մանկավարժական ու վարչական գործունեություն: Սրանք իրար խանգարո՞ւմ են, թե՞ օգնում:
- Առաջին երկուսը, կարծում եմ, միմյանց փոխլրացնող պետք է լինեն, այսինքն՝ պետք է ուսանողին ոչ միայն ներկայացնել դասագրքային ճշմարտություններ, այլ այս պահին գիտական հետաքրքրություն ներկայացնող նյութ, թեկուզ այն լինի ոչ լիարժեք ու մանրամասն հետազոտված։ Իսկ ինչ վերաբերում է վարչական գործունեությանը, համարում եմ, որ եթե դու չզբաղվես դրանով, ապա ուշ թե շուտ այն անպայման կզբաղվի քեզնով։ Ինձ համար նախընտրելի է առաջին տարբերակը։
- Ի՞նչ մեթոդներ պետք է կիրառի դասախոս-գիտնականը, որ իր գիտելիքներն առավել արդյունավետ փոխանցի ուսանողներին: Ո՞րն է հաջողության Ձեր բանաձևը:
- Հավատացած եմ, որ հիմնական մեթոդները դասախոսի նվիրվածությունն է աշխատանքին և ուսանողների հետաքրքրությունը շարժելը, մոտիվացնելը։ Դասընթացի սկզբում ուսանողին անհրաժեշտ է բացատրել, թե ինչի մասին է այն, որքանով է արդիական, որն է այս դասընթացի նպատակը, մասնագիտական ինչպիսի խնդիրների լուծման համար պիտանի կլինի այն գիտելիքը, որն ուսանողը ստանալու է։ Եթե այդ երկուսը կան՝ նվիրվածություն և մոտիվացում, մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է։
- Պարո՛ն Հարոյան, ի՞նչ եք կարծում, բնական գիտությունները պե՞տք է ավելի գիտահանրամատչելի դառնան: Ի՞նչ է պետք անել դրա համար:
- Բնության օրենքներն իրականում շատ տրամաբանված և պարզ են, իսկ ընդհանուր պատկերացումներ այս կամ այն երևույթի մասին կարելի է տալ բավական մատչելի լեզվով։ Սակայն խորքային հետազոտություններ անելու համար անհրաժեշտ է տիրապետել տարատեսակ հմտությունների և գործիքակազմի ու կիրառել դրանք, ինչն արդեն պահանջում է ավելի լուրջ մասնագիտական մոտեցում։ Այսինքն՝ գիտահանրամատչելի մակարդակով դու կարող ես որոշակի պատկերացումներ ունենալ ինչ-որ երևույթի մասին, սակայն այն կիրառել կամ վերջնական սարքի տեսքով ստանալ, դժվար թե կարողանաս։ Պետք է պարզապես լսարանից կախված՝ նյութն այս կամ այն խորությամբ ներկայացնել։
- Ձեր ամբիոնում ի՞նչ հետազոտություններ են իրականացվում այսօր: Ի՞նչ արդյունքներ եք ակնկալում:
- Մեր ամբիոնի հիմնական հետազոտությունները կատարվում են հետևյալ ուղղություններով՝
- Ժամանակակից կապի համակարգերի ուսումնասիրում, ինչպիսիք են, օրինակ, 5G- սերնդի ցանցերը և դրանց բնութագրերի բարելավման ուղիների փնտրում,
- Էլեկտրամագնիսական ալիքների կառավարման միկրո- և նանոչափական համակարգերի հետազոտում,
- Լայնաշերտ և էֆեկտիվ կլանող մետամակերևույթների հետազոտում։
Բացի դրանից՝ գերմանացի մեր գործընկերների հետ ուսումնասիրում ենք պլազմոնային նանոմասնիկների կիրառմամբ բիոազդանշանների գրանցման էֆեկտիվության բարելավման հնարավորությունները։ Այսինքն՝ հետազոտության ուղղությունները բազմազան են և արդիական։
- Ի՞նչ մարտահրավերներ կան այսօր ձեր բնագավառում: Ի՞նչ լուծումներ կառաջարկեք դրանց համար:
- Մարտահրավերները բազմաթիվ են՝ սկսած մեր երիտասարդների մոտ գիտության հանդեպ հետաքրքրության պակասից մինչև պետական աջակցության սակավություն։ Պետք է մոտիվացնել և ամեն կերպ աջակցել, որ մեր երիտասարդները զբաղվեն գիտությամբ։ Ես հաճախ ասում եմ, որ եթե ուզում եք լինել ազատ, ապա դարձեք գիտնական, որովհետև ոչ ոք չի կարող ձեզ ստիպել ժամով աշխատել կամ մտածել։ Սակայն միևնույն ժամանակ հիշե՛ք՝ գիտությունը շատ խանդոտ է և չի հանդուրժում ուշադրության պակաս կամ անտարբերություն, այն անմիջապես փակում է դռները։
Հաճախ գիտնականի աշխատանքը չի երևում կամ գնահատվում անմիջապես․ անհրաժեշտ են տարիներ, երբեմն՝ տասնյակ, որ տեխնոլոգիաները թույլ տան իրականացնել և ներդնել թղթի վրա ստացված արդյունքները տնտեսության մեջ և ստանալ շահույթ։ Բայց ես վստահ եմ, որ գիտության մեջ ներդրած յուրաքանչյուր լումա շատ ավելի արդյունավետ է աշխատելու, քան ցանկացած այլ ոլորտում ներդրածը։ Համոզված եմ՝ բարեկեցիկ երկիր կառուցելու համար անհրաժեշտ է ունենալ ուժեղ գիտություն և գիտելիքահեն տնտեսություն, ինչի հնարավորությունը մենք ունենք։
Քնար Միսակյան