- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՊՀ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԹԻՄԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ Է ՏՈՆՈՒՄ». ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԹԻՄԻ ՄԱՐԶՉԻ ՀԵՏ
Հոկտեմբեր 09, 2018 | 16:26
«ԵՊՀ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԹԻՄԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ Է ՏՈՆՈՒՄ». ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԹԻՄԻ ՄԱՐԶՉԻ ՀԵՏ
ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի դասախոս, մարզիչ Վլադիմիր Ավագիմյանցը մեզ հետ զրույցում պատմեց ԵՊՀ հրաձգության թիմի գրանցած հաղթանակների և այդ հաղթանակների կերտման բանաձևի մասին: Նշենք, որ ԵՊՀ հրաձգության թիմը երեք տարի է, ինչ անընդմեջ հաղթանակներ է տոնում:
- Պարո՛ն Ավագիմյանց, կպատմե՞ք այս տարի անցկացրած հրաձգության մրցույթի մասին:
- Ամեն տարի տեղի են ունենում ուսանողական մարզական խաղերը, որոնց ժամանակ կազմակերպվում են մրցույթներ տարբեր սպորտաձևերում: Հոկտեմբերի 6-ին անցկացվեց հրաձգության մրցաշարը, որի ընթացքում հանրապետության տարբեր բուհերից մրցում էին 12-ից ավելի թիմեր՝ հանրապետության տարբեր բուհերից:
Հրաձգության մրցույթն անցկացվեց ԵՊՀ-ի նոր կառուցված հրաձգարանում. օդամղիչ հրացանով կանգնած դիրքով՝ թիրախից 10 մետր հեռավորության վրա: Մեր թիմը գրավեց առաջին հորիզոնականը, իսկ աղջիկների անհատական պայքարում Նվարդ Գաբրիելյանը ևս արժանացավ առաջին մրցանակի:
- Ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկում ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնն՝այս սպորտաձևն էլ ավելի զարգացնելու համար:
- Հրաձգությունը մեր ամբիոնի համար առանձնահատուկ տեղ ունեցող սպորտաձև է, քանի որ այն պատկանում է կիրառական սպորտաձևերի շարքին: Մենք հնարավոր ամեն ինչ անում ենք, որ այս սպորտաձևը զարգանա:
Առաջին և երկրորդ կուրսի բոլոր ուսանողների համար նշանակել ենք հատուկ օրեր, որպեսզի նրանք ծանոթանան զենքի հետ աշխատելու հմտություններին, զենքի կառուցվածքին, կրակոցի կատարման տեխնիկային:
Ըստ նախատեսված ծրագրի՝ յուրաքանչյուր խումբ հաճախում է մեր հրաձգարան մինչև ուսումնական տարվա վերջ:
Մենք ունենք նաև հրաձգության խմբակ, որտեղ կարող է գրանցվել յուրաքանչյուր ուսանող, անկախ նրանից՝ նախկինում մարզվել է, թե ոչ, եթե ուսանողը սիրում է այս սպորտաձևը և ցանկություն ունի հմտություններ ձեռք բերել, ապա նա կարող է գրանցվել հրաձգության խմբակի դասընթացներին:
Կիրառական սպորտաձևերը մարդկանց օգտակար են լինում տարբեր իրավիճակներում՝սկսած ուրիշին փրկելուց մինչև ինքնապաշտպանություն:
- Այս սպորտաձևում տղանե՞րը, թե՞ աղջիկներն են առավել շատ հաջողությունների հասնում:
- Հրաձգության մեջ առավելությունը տրվում է ոչ թե տղաներին կամ աղջիկներին, այլ վարպետությանը, որը սեռ չի ճանաչում: Իսկ վարպետ կարող ես դառնալ տարիներ շարունակ մարզվելու և աշխատասիրության շնորհիվ:
- Իսկ ո՞րն է, ըստ Ձեզ, հաղթանակի գրավականը:
Հաղթելու համար մինչև վերջ պետք է պայքարել: Կարևոր չէ, թե որ հորիզոնականը կզբաղեցնես: Եթե քո նպատակը և վարպետությունը միմյանց համապատասխանում են, ուրեմն դու կարող ես նվաճել այն բոլոր բարձունքները, որոնց մասին միշտ երազել ես: Այս ճանապարհը միշտ տանում է դեպի տեսանելի և շոշափելի արդյունքի:
Ես աշխատում եմ այնպես անել, որ ուսանողի մեջ պայքարողի ոգին միշտ արթուն լինի: Այս գործընթացում ամենակարևորը պայքարի ոգի ձևավորվելն է, իսկ հետո արդեն այն քեզ կառաջնորդի:
Անի Պողոսյան