- Գլխավոր
- Նորություններ
- ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՈՐՆ ԱՌԱՎԵԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԴԱՐՁՆԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ
Հուլիս 17, 2019 | 12:53
Կրթություն
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՈՐՆ ԱՌԱՎԵԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԴԱՐՁՆԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ
ԵՊՀ-ն շարունակում է մշակել, իրականացնել և կատարելագործել ծրագրեր՝ միտված համալսարանի դասախոսական կազմի ներուժի զարգացմանը, որի համար համագործակցում են համալսարանական մի շարք ստորաբաժանումներ՝ Հետբուհական լրացուցիչ կրթության վարչության գլխավորությամբ:
Մեզ հետ զրույցում Հետբուհական լրացուցիչ կրթության վարչության պետ Ժասմեն Աղասյանը պատմեց, որ դասախոսների կատարելագործման համակարգը ԵՊՀ-ում ներդրվել է դեռևս 1968 թվականին, որն իրականացվել է վերապատրաստումների տեսքով՝ ըստ մասնագիտությունների: 2011 թվականից մշակվել և գործողության մեջ է դրվել նոր՝ «Կրեդիտային համակարգով ԵՊՀ դասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագիրը»: Դրա առանձին շրջափուլերը (2011-2016 թթ. և 2016-2021 թթ.) միտված են ԵՊՀ դասախոսական կազմի ներուժի զարգացմանը՝ ապահովելով մանկավարժական-հոգեբանական և մասնագիտական հմտությունների շարունակական կատարելագործումը:
«Ծրագրի իրականացման արդյունքում ավելի քան 850 դասախոս կատարելագործել է իր հմտությունները, բայց դրան զուգահեռ՝ վեր են հանվել մի շարք խնդիրներ, որոնցից են, օրինակ, դասախոսների մոտիվացիայի ցածր մակարդակը, սկսնակ և փորձառու դասախոսական կազմերի վերապատրաստման կարիքների ոչ հստակ տարանջատումը, նորարարական կրթական տեխնոլոգիաների ոչ բավարար կիրառումը և այլն»,- ասում է Ժասմեն Աղասյանը:
Այդ հիմնախնդիրների համապարփակ լուծման համար ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի նախաձեռնությամբ մշակվել է Հետբուհական լրացուցիչ կրթության վարչության 2019-2021 թթ. գործունեության ծրագիր, որը կիրականացվի «Կրեդիտային համակարգով ԵՊՀ դասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի» երկրորդ շրջափուլին զուգընթաց:
«Նորարարական կրթական տեխնոլոգիաների կիրառման մակարդակը բարձրացնելու և դասախոսների ժամանակակից մանկավարժական-մեթոդաբանական կարողությունների ձևավորմանն ուղղված դասընթացների ցանկը լրացնելու նպատակով դասախոսների վերապատրաստման ծրագրի որոշ կրթամասերում փոփոխություններ են կատարվել»,- ասաց Ժասմեն Աղասյանը:
Ծրագրում ներմուծվել է «Ուսուցման նորարարական մեթոդներ» մոդուլը, որը բաղկացած է 5 դասընթացից՝ «Համագործակցային ակտիվ ուսուցում լսարանում», «Ակտիվ ուսուցում և թվային տեխնոլոգիաները դասավանդման գործընթացում՝ մոբայլ ուսումնառություն և խաղայնացում», «Տեսանյութերը՝ որպես դասավանդման գործիք», «Ակտիվ ուսուցում «շրջված դասարանում»» ու «Համակցված դասավանդում և ուսուցում»:
««Erasmus+»-ի «PRINTeL» նախագծի շրջանակում ԵՊՀ 16 դասախոսներ վերապատրաստվել են եվրոպական գործընկեր բուհերում և իրենց փորձն ու գիտելիքները փոխանցում են գործընկեր դասախոսներին: Ծրագրվում է նաև պարբերաբար կազմակերպել վերապատրաստված դասախոսների հետ հանդիպումներ, որոնց ընթացքում կքննարկվեն նոր մեթոդների ներդրման և կիրառման առանձնահատկությունները»,- փաստում է Հետբուհական լրացուցիչ վարչության պետ Ժասմեն Աղասյանը:
Բացի դրանից՝ նախատեսվում է նոր՝ 2019-2020 ուստարվանից դասախոսների վերապատրաստումը կազմակերպել այնպես, որ այն տարբերակված լինի սկսնակ և փորձառու դասախոսների համար, իսկ վերապատրաստման դասընթացների գնահատման և շարունակական բարելավման նպատակով կգործադրվեն հետադարձ կապի արդյունավետ մեխանիզմներ, կիրականացվի գործընթացի մշտադիտարկում:
Ժասմեն Աղասյանի հավաստմամբ, վարչության հիմնական նպատակներից է նաև դասախոսական կազմի համագործակցությանը, գիտելիքների, հմտությունների ու դասավանդման առաջավոր փորձի փոխանակմանն օժանդակելը և հաղորդակցման համապատասխան միջավայր ստեղծելը:
«Դրան հասնելու համար նախատեսվում է վերապատրաստողներից ձևավորել խորհրդատուների կազմ և ստեղծել տեղեկատվական-մեթոդական նյութերի ու էլեկտրոնային ռեսուրսների հասանելի շտեմարան: Կազմակերպվելու են նաև գիտաժողովներ, աշխատաժողովներ և սեմինարներ՝ նպատակաուղղված նորարարական մեթոդներով ուսուցման հմտությունների ձևավորմանը և զարգացմանը»,- նշում է Ժասմեն Աղասյանը:
Նրա տեղեկացմամբ, մինչև 2019 թվականի ավարտը կմշակվի նաև դասավանդման և ուսումնառության վիրտուալ հարթակի աշխատանքային քաղաքականությունը. «Հարթակի գործառության մեկնարկը կտրվի 2020 թվականին, որը բոլոր շահագրգիռ խմբերին հնարավորություն կընձեռի առցանց հաղորդակցվելու դասավանդման և ուսումնառության խնդիրների վերաբերյալ»:
Միաժամանակ նախատեսվում է միջազգային տարբեր նախագծերի շրջանակում խորացնել համագործակցությունն արտերկրի մի շարք գործընկեր հաստատությունների հետ հատկապես դասախոսների կատարելագործման ուղղությամբ:
Քնար Միսակյան