- Գլխավոր
- Նորություններ
- ԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ. ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՀԱԿԱՈՒՌՈՒՑՔԱՅԻՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԲՈՒԺԻՉ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԾԱՑՄԱՆ ՆՈՐ ՈՒՂԻ
Հոկտեմբեր 01, 2018 | 16:26
Գիտություն
ԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ. ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՀԱԿԱՈՒՌՈՒՑՔԱՅԻՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԲՈՒԺԻՉ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԾԱՑՄԱՆ ՆՈՐ ՈՒՂԻ
ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից պայմանագրային ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ներկայացրած «Հակաուռուցքային դեղամիջոցների արդյունավետության բարձրացման քրոմատին-կախյալ ուղու առանցքային ֆերմենտների ակտիվության կարգավորումը» գիտական թեման:
Ծրագրի ղեկավար, Կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկայի ամբիոնի դոցենտ Իրինա Արծրունու հետ զրուցեցինք վերոնշյալ գիտական թեմայի հեռանկարների ու կիրառական նշանակության մասին:
Իրինա Արծրունին մինչ գիտական ծրագրին անդրադառնալը՝ նշեց, որ ներկայումս առաջ է քաշվում անձնականացված դեղաբուժական մոտեցումների անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա մեծացնելու բուժման արդյունավետությունը՝ նվազեցնելով դեղամիջոցների անցանկալի կողմնակի ազդեցություններն առողջ օրգան-համակարգերի վրա:
Ներկայացնելով գիտական թեման՝ ծրագրի ղեկավարը նշեց, որ այն նվիրված է թույլ տոքսիկությամբ, ցածր ինքնարժեքով գալաթանինի ազդեցության ուսումնասիրությանն առնետների լյարդի և ուրցագեղձի բջիջների բջջակորիզներում առանցքային դեր կատարող պոլիադենոզին կրկնաֆոսֆատի պոլիմերների մեթաբոլիզմի վրա հզոր հակաուռուցքային դեղամիջոց ցիսպլատինի ներարկումից հետո:
«Քաղցկեղի բուժման ժամանակ կիրառվող դեղանյութերը, որպես կանոն, խիստ ցիտոտոքսիկ են և դրանց արդյունավետությունը սահմանափակումն այն է, որ ուռուցքային բջիջների հետ միասին դեղամիջոցի ազդեցության թիրախ են դառնում օրգանիզմի նաև առողջ բջիջները: Այս պարագայում հատուկ նշանակություն է ձեռք բերում դեղամիջոցների ուղղորդված հակաուռուցքային արդյունավետության մեծացումը, ինչը հնարավորություն է ընձեռնելու փոքրացնել տոքսիկ ազդակների չափաբաժինները»,-մանրամասնեց բանախոսը:
Նա հայտնեց, որ գիտական ծրագրի ընթացքում իրականացվելու է գալաթանինի և ցիսպլատինի համատեղ ազդեցության ուսումնասիրությունը ոչ միայն պոլիադենոզին կրկնաֆոսֆատի փոխանակության վրա, այլև բջջակորիզներում քրոմատինի կառուցվածքի վրա: «Այս հետազոտությունների արդյունքներն ունեն մեծ գործնական նշանակություն արդյունավետ և ավելի անվնաս բուժիչ սխեմաների մշակման համար»,- հավելեց գիտական ծրագրի ղեկավարը:
Նադեժդա Տեր-Աբրահամյան