- Գլխավոր
- Նորություններ
- «ԹԱՏՐՈՆԻՑ ՕՊԵՐԱ»՝ ԻՏԱԼԵՐԵՆՈՎ. ԵՊՀ-Ն ՀԱՄԱԼՐՈՒՄ Է «ԻՏԱԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ՇԱԲԱԹԸ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ
Հոկտեմբեր 25, 2019 | 15:47
Հասարակություն
«ԹԱՏՐՈՆԻՑ ՕՊԵՐԱ»՝ ԻՏԱԼԵՐԵՆՈՎ. ԵՊՀ-Ն ՀԱՄԱԼՐՈՒՄ Է «ԻՏԱԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ՇԱԲԱԹԸ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ
ԵՊՀ Եղիշե Չարենցի անվան դահլիճում այսօր «Իտալերեն լեզվի շաբաթը» միջոցառումների շրջանակում տեղի է ունեցել ուսանողական միջոցառում՝ «Թատրոնից օպերա» խորագրով:
Մեզ հետ զրույցում Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանը նշեց, որ ամբողջ աշխարհում հոկտեմբերի 21-28-ը նշվում է իտալերեն լեզվի շաբաթը, որին նվիրվում են բազմաբնույթ միջոցառումներ:
«Այս տարի այդ միջոցառումների կազմակերպման ընդհանուր խորագիր է ընտրվել «Իտալերենը բեմի վրա»՝ շեշտադրելով իտալերենի «արտալեզվական» առանձնահատկությունները, խոսքն այն յուրահատկությունների մասին է, որն իտալերենն ունի թատրոնում, օպերայում»,- պարզաբանեց Հասմիկ Բաղդասարյանը:
Նրա խոսքով, Ռոմանական բանասիրության ամբիոնն ամեն տարի ակտիվորեն մասնակցել է իտալերեն լեզվի շաբաթին՝ կազմակերպելով տարբեր միջոցառումներ, որոնց ակտիվ մասնակցել են ամբիոնի դասախոսներն ու ուսանողները:
«Բոլորիս են հայտնի իտալերենի տեղն ու դերը եվրոպական մշակույթի և առհասարակ համաշխարհային քաղաքակրթության ձևավորման ու զարգացման մեջ,- ասաց Հասմիկ Բաղդասարյանը,- միևնույն ժամանակ չպետք է մոռանալ նաև հայ-իտալական դարավոր բարեկամության մասին, ինչի շնորհիվ իտալերենը մեր իրականության մեջ առանձնահատուկ կարևորություն ունի, և վստահ կարելի է ասել, որ իտալերենը պատմամշակութային արժեք է»:
Միջոցառման ընթացքում բացման խոսքով հանդես եկավ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, որը, ողջունելով ներկաներին, նշեց, որ այսօր առանձնահատուկ օր է:
«Գաղտնիք չէ, որ Իտալիան ամբողջ աշխարհում առանձնահատուկ սիրված երկիր է,- ասաց Գևորգ Բարսեղյանը,- Իտալիա ասելով՝ հասկանում ենք կիրք, նորաձևություն, ճարտարապետություն, թատրոն, օպերա, սպորտ, մի խոսքով, ամեն ինչ՝ միավորված մեկ բառում՝ Իտալիա»:
Այնուհետև ֆակուլտետի դեկանը շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. պարոն Վինչենցո Դել Մոնակոյին գիտական երկարամյա համագործակցության համար. «Այդ համագործակցության շնորհիվ մեր ուսանողներն արդեն երկար ժամանակ հնարավորություն ունեն «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրենց ուսումը շարունակելու Իտալիայում»:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. պարոն Վինչենցո Դել Մոնակոն:
Վերջինս շնորհակալություն հայտնեց միջոցառման համար և նշեց, որ լեզվի ուսուցումից զատ՝ կարևոր է նաև մշակութային կրթությունը:
«Շատ կարևոր է, որ ուսանողները տիրապետեն նաև մշակույթին, քանի որ լեզվից բացի՝ երկիրն ունի նաև մշակույթ, որը դասախոսների շնորհիվ հասանելի է դառնում ուսանողներին»,- ասաց դեսպանը:
Միջոցառման ընթացքում, բացի իտալերենով հայտնի աֆորիզմներ ներկայացնելուց, ներկաները հնարավորություն ունեցան դիտելու նաև իտալական թատրոնի ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկի՝ Կառլո Գոլդոնիի «Հնահավաքի ընտանիքը» պիեսը, որի հայ կերպարներից մեկին մարմնավորում էր իտալացի Դանիելե Ֆրիզոն:
Դանիելե Ֆրիզոն սովորում է ԵՊՀ-ում և Հայաստան է ժամանել «Էրազմուս+» ծրագրի շրջանակում:
Մեզ հետ զրույցում նա նշեց, որ այս միջոցառումը շատ հետաքրքիր փորձառություն է իր համար:
«Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել միջոցառմանը և այս ներկայացման մի մասը կազմել,-ասաց իտալացի ուսանողը,- միջոցառման գաղափարը պարզապես հիանալի է, քանի որ վերջինիս շնորհիվ ես հնարավորություն ստացա ուսումնական գործընթացից դուրս ավելի լավ ճանաչելու իմ հայ ընկերներին և ամրապնդելու մեր ընկերությունը»:
Անի Պողոսյան