- Գլխավոր
- Նորություններ
- ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ 28 ՈՒՍԱՆՈՂ ԿՍՏԱՆԱ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
Փետրվար 19, 2019 | 14:54
Կրթություն
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ 28 ՈՒՍԱՆՈՂ ԿՍՏԱՆԱ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
Կենսաբանության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողներն այս տարի առաջին անգամ փետրվար-մարտ ամիսներին մասնակցելու են արտադրական (մանկավարժական) պրակտիկայի, որը տևելու է 4 շաբաթ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ Կարեն Ղազարյանը:
Մեկ շաբաթ ուսանողները դպրոցներում լսելու են, թե ինչպես են ուսուցիչները մատուցում դասը, իսկ հետագա երեք շաբաթվա ընթացքում հենց իրենք են անցկացնելու դասը:
Դեկանի տեղակալի խոսքով, քանի որ մանկավարժական պրակտիկան արդեն անցկացվում է կամավորության սկզբունքով, մանկավարժի որակավորում ստանալու համար մանկավարժական պրակտիկային մասնակցելու ցանկություն է հայտնել 28 ուսանող:
Այս ուսանողները ևս 4 շաբաթ մանկավարժական պրակտիկա են անցնելու են չորրորդ կուրսում:
Կ. Ղազարյանի խոսքով, նախկինում մանկավարժական պրակտիկային պարտադիր սկզբունքով մասնակցում էին Կենսաբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի բոլոր ուսանողները:
ԵՊՀ-ի բակալավրիատի շրջանավարտներին մանկավարժի որակավորում շնորհելու կանոնակարգում կատարվել է փոփոխություն, որի համաձայն՝ 2016 թ. դեկտեմբերից սկսած ԵՊՀ-ում կիրարկվում է «240 կրեդիտ + 30 կրեդիտ» համակարգը, այսինքն՝ մանկավարժի որակավորում ստացող ուսանողների համար նախատեսվում է 30 կրեդիտ ծավալով մանկավարժական լրացուցիչ կրթաբլոկ:
Մանկավարժի որակավորում ստանալու համար կազմակերպվող դասընթացներին ուսանողները մասնակցում են կամավորության սկզբունքով՝ ՀՀ ԿԳ նախարարության հետ համաձայնեցված մասնագիտությունների ցանկի հիման վրա:
Նշենք, որ բակալավրիատի շրջանավարտներին մանկավարժի որակավորման շնորհումը իրականացվում է ՀՀ ԿԳ նախարարի 2015 թ. հուլիսի 3-ի 647-Ա/Ք հրամանով հաստատված ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների կրթական ծրագրերի համաձայն, իսկ ուսուցումը կազմակերպվում է «Կրեդիտային համակարգով ուսումնական գործընթացի կազմակերպման օրինակելի կարգի» պահանջներին համապատասխան:
«Այն ուսանողները, որոնք ցանկանում են Կենսաբանության ֆակուլտետն ավարտելուց հետո ունենալ նաև մանկավարժի որակավորում, նրանք իրենց դիմումի համաձայն երկրորդ կուրսից անցնում են 30 կրեդիտ ծավալով մանկավարժական կրթաբլոկի համար նախատեսված լրացուցիչ առարկաներ»,- հավելեց Կ. Ղազարյանը:
Այս տարի այն 28 ուսանողները, որոնք մասնակցելու են մանկավարժական պրակտիկային, այն համատեղելու են բուհում անցկացվող դասընթացների հետ: Իսկ նախկինում մանկավարժական պրակտիկային մասնակցող ուսանողներն ազատվում էին դասերից:
Ըստ բանախոսի՝ ֆակուլտետի շրջանավարտները, ունենալով մանկավարժի որակավորում, աշխատաշուկայում իրենց տեղն ավելի հեշտ կգտնեն, քանի որ այսօր դպրոցներում որակյալ մանկավարժների կարիք շատ կա: «Հույս ունենք, որ տարեցտարի մանկավարժի որակավորում ստանալու ցանկություն ավելի շատ ուսանողներ կունենան»,- ասաց Կ. Ղազարյանը:
Նադեժդա Տեր-Աբրահամյան