- Գլխավոր
- Նորություններ
- ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «Ի՞ՆՉ ԱՆԵԼ» ԳՐՔԻ 2-ՐԴ ՀԱՏՈՐԸ
Սեպտեմբեր 11, 2019 | 09:13
Կրթություն
Հասարակություն
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «Ի՞ՆՉ ԱՆԵԼ» ԳՐՔԻ 2-ՐԴ ՀԱՏՈՐԸ
Լույս է տեսել «Ի՞նչ անել. Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» գրքի երկրորդ հատորը։ Այն հայ տնտեսագիտական մտքի ներկայացուցիչների մտորումների ու առաջարկների հավաքագրումն է՝ ՀՀ տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրների և ռազմավարական ուղղությունների վերաբերյալ։
Նշենք, որ «Ի՞նչ անել. Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» գրքի առաջին հատորը ներկայացվել է 2018 թվականի նոյեմբերի 23-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կողմից կազմակերպված խորհրդաժողովին, որին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գրքի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար ysu.am-ը զրուցել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի հետ։
- Ե՞րբ և որտե՞ղ է լինելու գրքի շնորհանդեսը։
- Դեռ հստակ չէ, թե երբ կլինի «Ի՞նչ անել» գրքի 2-րդ հատորի շնորհանդեսը, քանի որ, ըստ նախնական պայմանավորվածության, ինչպես առաջին գրքի ժամանակ, շնորհանդեսը կկազմակերպվի համաժողովի ընթացքում, որին կմասնակցի նաև ՀՀ վարչապետը, և նրա զբաղվածությունից է կախված, թե երբ կանցկացվի այն։ Ամենայն հավանականությամբ, սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին։
- Արդյո՞ք երկրորդ գրքի տպագրությունը պայմանավորված էր առաջինի գրանցած հաջողությամբ ու բարձրացրած հետաքրքրության մեծ ալիքով։
- Իրականում, գիրքը նախաձեռնելով՝ ակնկալում էինք, որ այն պետք է շարունակական լինի։ Թերևս, սրանով պետք է պայմանավորել երկրորդի տպագրությունը։ Բայց պակաս կարևոր չէր նաև այն արձագանքը, որն ունեցանք թե՛ ՀՀ կառավարության կողմից, թե՛ գիտական շրջանակում։
- Արդյո՞ք նոր հատորներ ևս տպագրվելու են։
-Այո՛։ Մենք վճռական ենք տրամադրված։ Այն, որ մեր երկրի վարչապետը համաձայնել է ներկա գտնվել երկրորդի շնորհանդեսին և մասնակցել քննարկումներին, վկայում է, որ առաջին համաժողովը հաջողված է եղել, իսկ կառավարությունը դրա կարիքը զգում է։ Սակայն, եթե այս երկու գրքերը համընդհանուր խնդիրների մասին էին, ապա մյուսները վերաբերելու են կոնկրետ ոլորտներին, օրինակ՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն և այլն։
Հարցազրույցի վերջում Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչը նշեց, որ վարչապետի աշխատակազմի անդամներն արդեն ունեն «Ի՞նչ անել. Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» գրքի երկրորդ հատորի օրինակը, որը, ըստ նրա, կնպաստի առաջիկա համաժողովին ավելի իրազեկված ներկայանալուն ու տեղում թեմատիկ քննարկում անցկացնելուն։