- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻ «CHOLLIPO» ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ՏՆՕՐԵՆԸ ԵՎ ԻՐԿՈՒՏՍԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ԳԻՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐՈՎ
Հոկտեմբեր 01, 2019 | 17:19
Հասարակություն
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻ «CHOLLIPO» ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ՏՆՕՐԵՆԸ ԵՎ ԻՐԿՈՒՏՍԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ԳԻՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐՈՎ
Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում այսօր զեկուցումներ են կարդացել պրոֆեսոր Կիմ Յոնգ-Շիկը և կ. գ. թ. Վիկտոր Կուզևանովը։
Միջոցառմանը ներկա էին ֆակուլտետի Բուսաբանության և սնկաբանության ամբիոնի վարիչ Սիրանուշ Նանագյուլյանը, ՀՀ ԳԱԱ Գ. Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի աշխատակիցներ, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ։
Միջոցառման սկզբում ներկաներին ողջունեց և հյուրերին ներկայացրեց պրոֆեսոր Սիրանուշ Նանագյուլյանը։
Նա մինչ զեկուցումները սկսելը ևս մեկ անգամ շնորհավորեց բոլորին համալսարանի 100-ամյակի կապակցությամբ և ասաց, որ այս միջոցառման նպատակն է ցույց տալ բուսաբանական այգիների դերը Երկիր մոլորակի կենսաբազմազանության պահպանման գործում։
Հարավային Կորեայի «Chollipo» բուսաբանական այգու տնօրեն, պրոֆեսոր Կիմ Յոնգ-Շիկը ողջունեց ներկաներին ու իր զեկուցման ընթացքում ներկայացրեց «Chollipo» բուսաբանական այգու ստեղծման պատմությունը, կառուցվածքը, իրականացվող ծրագրերը, առկա բուսատեսակները. «Բուսաբանական այգիների թիվն այժմ Կորեայում 71-ն է, որոնցից 46-ը՝ ազգային, 22-ը՝ սեփական և միայն 3-ը՝ համալսարանական»։
Նա նշեց, որ իրենց բուսաբանական այգում անցկացվում են դասընթացներ ավագ դպրոցների աշակերտների համար և վերապատրաստման դասընթացեր՝ ուսուցիչների ու դասախոսների համար։
«Մեր բուսաբանական այգում կա թվով 16.399 տաքսոն, որոնց մասին տեղեկություն կարող եք ստանալ բուսաբանական այգու մասնագիտական գրադարանից»,- ասաց զեկուցողը։
Իրկուտսկի պետական համալսարանի ռեկտորի խորհրդական, Իրկուտսկի պետական համալսարանի բուսաբանական այգու տնօրեն և գիտական ղեկավար, կ.գ. թ.Վիկտոր Կուզևանովը ողջունեց ներկաներին և ասաց, որ եղել է 32 երկրների բազմաթիվ բուսաբանական այգիներում, որոնց թվում են նաև հայկականները։
«Այն մարդիկ, որոնք ապրում են բնությանը մոտ, ապրում են 8-9 տարի ավելի երկար, քան մյուսները։ Բացի դրանից՝ երեխաները, որոնք մեծանում են բնությանը մոտ, շատ ավելի քիչ են ունենում հոգեֆիզիոլոգիական խնդիրներ»,- ասաց բանախոսը։
Նա խոսեց էթնոբուսաբանական այգիների, կենդանաբուսաբանական հավաքածուների մասին, անդրադարձավ մարդու համար բնության կարևոր դերին և նշանակությանը, ինչպես նաև պատմեց Իրկուտսկի պետական համալսարանի բուսաբանական այգու ստեղծման ու իրականացվող ծրագրերի մասին։
«Բույսերը մեր առողջ միջավայրն են»,- փաստեց Վիկտոր Կուզևանովը։
Զեկուցումներից հետո Կենսաբանության ֆակուլտետի ուսանողներն իրենց հարցերը հղեցին բանախոսներին։
Մարինա Առաքելյան