- Գլխավոր
- Նորություններ
- ԲԱՆԱԿՑԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ. ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Մարտ 05, 2019 | 13:04
Հասարակություն
ԲԱՆԱԿՑԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ. ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների համար այսօր դասախոսություն կարդաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) տնօրեն Ստեփան Սաֆարյանը:
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի փոխդեկան Ժակ Մանուկյանի խոսքով, բանակցային գործընթացների վերաբերյալ դասախոսություն լսելու նախաձեռնությունը հենց ուսանողներինն էր:
Ստեփան Սաֆարյանը, ողջունելով ներկաներին, ներկայացրեց բանակցություններ վարելու հմտությունների կարևորությունը:
Ինտերակտիվ ձևաչափով դասախոսության ընթացքում ուսանողները սահմանեցին բանակցություն հասկացությունը, բերեցին իրենց կյանքում առկա բանակցային գործընթացների օրինակներ:
Սահմանազատելով բանավեճն ու բանակցությունը՝ ուսանողները նշեցին, որ ի տարբերություն առաջինի՝ բանակցությունը միտված է համաձայնություն ձեռք բերելուն:
Ուսանողներն իրենց կարծիքը հայտնեցին Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների վերաբերյալ:
Ստեփան Սաֆարյանը, ներկայացնելով բանակցությունների տեսակները, նշեց գործարար և կոնֆլիկտային բանակցությունների տարբերությունները: Նա անդրադարձավ բանակցությունների երկարաժամկետ ազդեցություններին:
Բանակցությունների հնարավոր ելքերը՝ հաղթանակ-հաղթանակ, հաղթանակ- պարտություն, պարտություն-պարտություն, ոչ-ոքի: Առաջինի դեպքում բավարարվում են երկու կողմերի բոլոր պահանջները:
Պարտություն-պարտություն ելքը տապալված բանակցություններն են:
Ոչ-ոքի տարբերակը երկու կողմերի պարագայում էլ բավարարում է որոշակի պահանջները:
Ստեփան Սաֆարյանն անդրադարձավ նաև դիրքային բանակցություններին՝ նշելով դրանց առանձնահատկությունները և թերությունները, որոնցից են մյուս կողմի շահերի անտեսումը և կողմերի հարաբերությունների վտանգումը:
Բանախոսն ուսանողների հետ քննարկեց բանակցային ռազմավարությունների տեսակները, բանակցությունների ակնկալիքները և այլն:
Մարի Ռաֆյան