- Գլխավոր
- Նորություններ
- «ՀՆԴԿԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Մարտ 18, 2021 | 15:51
Կրթություն
«ՀՆԴԿԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի «Աճեմյան» գրադարանում այսօր ՈՒԳԸ նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հնդկական փիլիսոփայական դպրոցներ» խորագրով դասախոսություն։
Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահ Գոռ Գալստյանի խոսքով, ֆակուլտետում մեկնարկել է սեմինար-քննարկումների շարք՝ «Աստվածաբանական, գոյաբանական գաղափարները Ք.ա. 2-րդ հազարամյակից մինչև Ք.հ. 1700-ական թթ. վերջերը» թեմայով։ Նա նշեց, որ նախաձեռնության շրջանակում նախատեսվում է անցկացնել յոթ դասախոսություն՝ «Հնդկական փիլիսոփայական դպրոցներ», «Չինական փիլիսոփայություն», «Անտիկ փիլիսոփայություն», «Մետաֆիզիկական ժամանակաշրջանի փիլիսոփայություն», «Սխոլաստիկ փիլիսոփայական համակարգեր», «Վերածննդի դարաշրջանի փիլիսոփայություն», «Լուսավորության դարաշրջանի փիլիսոփայություն»։
Միջոցառման սկզբում մասնակիցներին ողջունեց Գոռ Գալստյանը՝ շնորհակալություն հայտնելով ներկայության համար։
«Աստվածաբանական, գոյաբանական գաղափարները Ք.ա. 2-րդ հազարամյակից մինչև Ք.հ. 1700-ական թթ. վերջերը» դասախոսությունների շարքի առաջին դասախոսության բանախոսն էր Աստվածաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ քարտուղար Հովհաննես Իգիթյանը։
Նա, ողջունելով ներկաներին, ասաց, որ Հին Հնդկաստանում փիլիսոփայական դպրոցները հիմնականում կրոնական բնույթի էին, և բոլոր գրվածքներն ունեին կրոնական թեմատիկա։
Բանախոսը նշեց, որ հնդկական փիլիսոփայությունը բարդ է և չափազանց հակասական․ «Այն երբեմն հակասում է տրամաբանության օրենքներին, բայց կրոնական տեսանկյունից ավելի քան տրամաբանական է։ Հնդկական փիլիսոփայությանը հատուկ է ժխտականությունը»։
Հ․ Իգիթյանն անդրադարձավ աշխարհի արարմանը հնդկական փիլիսոփայության տեսանկյունից, խոսեց առաջին աստվածների և մարդու մասին, ներկայացրեց այս փիլիսոփայությունում առկա հիմնական հասկացությունները, բացատրեց, թե ինչպես են առաջացել ցանկություններն ու մեղքը։ Բանախոսը կարևորեց այն փաստը, որ հնդկական փիլիսոփայության մեջ մարդը երբեմն արարիչ է, երբեմն՝ արարած։
Նա նշեց, որ հնդկական փիլիսոփայության հիմնական հասկացություններից մեկն ատմանն է․ «Այն ոգին է, մաքուր գիտակցությունը, ինքնագիտակցությունը։ Ով գտնում է ատմանը, դառնում է տիեզերքի արարիչը»։
Բանախոսության վերջում միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր հղելու Աստվածաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ քարտուղարին։