- Գլխավոր
- Նորություններ
- «ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԼԻ Է ՀԱՅԱԶԳԻ ԿԵՐՊԱՐՆԵՐՈՎ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԴՐՎԱԳՆԵՐՈՎ». ԴՈԿՏՈՐ ԱՄԻԹԱԲՆ ՍԻՆԳՀ
Մարտ 07, 2019 | 14:05
Կրթություն
«ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԼԻ Է ՀԱՅԱԶԳԻ ԿԵՐՊԱՐՆԵՐՈՎ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԴՐՎԱԳՆԵՐՈՎ». ԴՈԿՏՈՐ ԱՄԻԹԱԲՆ ՍԻՆԳՀ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների համար դասախոսությամբ հանդես եկավ Նյու Դելիի Ջահվահարլալ Ներուի անվան համալսարանի քաղ. գիտ. թեկնածու, դոկտոր Ամիթաբն Սինգհը:
Մինչև դասախոսությունը սկսելը Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ ֆակուլտետը շարունակում է կազմակերպել արդեն ավանդույթ դարձած հանդիպումները քաղաքական գործիչների և տարբեր երկրներից ժամանած դասախոսների ու դիվանագետների հետ:
Դեկանը նշեց, որ առաջիկայում նախատեսվում է Նյու Դելիի Ջահվահարլալ Ներուի անվան համալսարանի հետ կնքել համագործակցության հուշագիր, որը հնարավորություն կտա համագործակցելու գիտական ոլորտում:
Դասախոսության ընթացքում բանախոսն ուսանողներին նախ ներկայացրեց Հնդկաստանի պատմությունը, Հայաստանի և Հնդկաստանի դիվանագիտական հարաբերությունները, ինչպես նաև անդրադարձավ Հայաստանում իր ուսումնասիրությունների հիմնական թեմային՝ Հայոց ցեղասպանությանը:
Ամիթաբն Սինգհը խոսեց Հարավային Կովկասում Ռուսաստանի Դաշնության քաղաքականության, ինչպես նաև Հնդկաստանի արդի քաղաքական վիճակի մասին:
«Սա իմ առաջին այցն է Հայաստան, և այստեղ գալու իմ նպատակն է ուսումնասիրել Հայոց ցեղասպանության մասին առկա փաստերը: Պետք է նշեմ, որ մինչև օրս Հնդկաստանը չի ընդունել Հայոց ցեղասպանությունը»,- ասաց նա:
Նրա խոսքով, Հայաստանը և Հնդկաստանն ունեն հին քաղաքակրթություն, բայց Հնդկաստանի հասարակությունը բավականաչափ տեղյակ չէ Հայաստանի և հայկական մշակույթի մասին, ուստի այս այցելությունը նպատակ ունի նաև զարգացնելու երկկողմ հարաբերությունները:
Դոկտոր Ամիթաբն Սինգհն ընդգծեց, որ Հնդկաստանի պատմությունը լի է հայազգի կերպարներով և Հայաստանի հետ կապված դրվագներով: «Հնդկաստանի շատ մշակութային շինությունների կառուցման գործում իրենց մասնակցությունն են ունեցել Եղեռնից փրկված բազմաթիվ հայեր: Ինչպես նաև անհրաժեշտ է նշել, որ բազում հայազգի առևտրականներ գործունեություն են ծավալել Հնդկաստանում այն ժամանակ, երբ Հնդկաստանը Բրիտանիայի գաղութն էր»,- հավելեց նա:
Անդրադառնալով Հայաստանի և Հնդկաստանի միջև սերտ դիվանագիտական հարաբերություններին՝ Ամիթաբն Սինգհը նշեց, որ դրանց մասին վկայում են երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների այցերը տարբեր մակարդակներում:
Հանդիպումից հետո Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Արթուր Իսրայելյանը նշեց, որ հանգամանորեն կքննարկվի նաև վերոհիշյալ համալսարանի և կենտրոնի հետ հուշագրի կնքման հարցը, քանի որ նմանատիպ ստորաբաժանումների հետ ունենք այդ պրակտիկան. «Դա հիմնականում հնարավորություն կտա համագործակցելու մի քանի ոլորտներում՝ ուսանողների փոխանակում, համատեղ հոդվածների հրապարակում, առցանց դասախոսություններ և այլն»:
Նադեժդա Տեր-Աբրահամյան