- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՐԿՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ԵՐԿՐԱԲԱՆՆԵՐԸ». ՏԵՐ-ՂԱԶԱՐ ՔԱՀԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Մարտ 28, 2019 | 17:34
Հասարակություն
«ԵՐԿՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ԵՐԿՐԱԲԱՆՆԵՐԸ». ՏԵՐ-ՂԱԶԱՐ ՔԱՀԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Երկրաբանական գիտությունը և էվոլյուցիոն տեսությունը» խորագրով գիտական դասախոսություն, որը վարում էր նույն ֆակուլտետի նախկին շրջանավարտ Տեր-Ղազար քահանա Պետրոսյանը:
Դասախոսությանը ներկա էին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը, դասախոսներ և ուսանողներ:
Տեր-Ղազար քահանա Պետրոսյանը 15 տարի՝ ապրում է հոգևոր կյանքով: Հոգևորականը դասախոսությունը սկսեց պահպանիչ աղոթքով, որից հետո ներկայացրեց գիտական հոդվածը՝ նվիրված «Երկրաբանական գիտությանը և էվոլյուցիոն տեսությանը»:
Քննարկման առանցքում Չարլզ Դարվինի «Տեսակների ծագումը» աշխատության վերլուծությունն էր և կապը երկրաբանության հետ:
«Երկրի առաջացումը բացահայտելու հիմնական պատասխանատուները պետք է լինեն երկրաբանները: Մենք՝ երկրաբաններս, ուսումնասիրում ենք Աստծո կողմից ստեղծած բնությունը, ուստի ես, ունենալով երկրաբանական գիտելիքներ, վերցրի Չարլզ Դարվինի «Տեսակների ծագումը» աշխատությունը և չափազանց ուշադրությամբ կարդացի այն»,- պատմեց Տեր-Ղազար քահանա Պետրոսյանը:
Վերջինս անդրադարձավ աշխատությունից առանձնացրած այն մեջբերումներին, որոնք վերաբերում էին երկրաբանությանը, ինչպես նաև համեմատեց արարչագործական և էվոլյուցիոն տեսությունները:
«Ըստ արարչագործական տեսության՝ Աստված է ստեղծել երկրագունդը և բազմազան բուսական ու կենդանական աշխարհը, իսկ ըստ էվոլյուցիոն տեսության՝ տեսակները ծագել են միմյանցից ՝բնական ընտրության հսկողության ներքո միաբջիջից վերածվելով բարդ օրգանիզմների, բացի դրանից՝ էվոլյուցիոն տեսությունը բացառում է բնության՝ արարված լինելու փաստը»:
Բանախոսի հավաստմամբ, էվոլյուցիոն տեսության դեմ ամենալուրջ ընդդիմությունը երկրաբանական գիտության փաստերն են, ուստի Դարվինը պայքարել է ոչ թե կրոնագիտական բացատրությունների, այլ երկրաբանական փաստերի դեմ:
« «Տեսակների ծագումը» աշխատության մեջ մի ամբողջ գլուխ նվիրված է երկրաբանությանը. իզուր չէ՝ 10-րդ գլխի վերնագիրն է «Երկրաբանական տարեգրության անկատարությունը»»,- նկատեց բանախոսը:
Դասախոսության ավարտին Տեր-Ղազար քահանա Պետրոսյանը դոկտոր Արա Քարամեանի հովանավորությամբ պարգևատրեց «Երկրաբանություն» մասնագիտացմամբ սովորող 4 լավագույն ուսանողներին:
Անգին Խաչատրյան