- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՆ ԱՌԱՎԵԼ ԽՈՐՈՒԹՅԱՄԲ ԵՆ ՀԵՏԱԶՈՏՎԵԼՈՒ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ
Փետրվար 18, 2019 | 18:15
Կրթություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՆ ԱՌԱՎԵԼ ԽՈՐՈՒԹՅԱՄԲ ԵՆ ՀԵՏԱԶՈՏՎԵԼՈՒ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ
Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում Եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակում փետրվարի 3-ից 7-ը ԵՊՀ պատվիրակությունն այցելել է Գերմանիայի Շպայերի հանրային կառավարման հետազոտությունների գերմանական ինստիտուտ:
ԵՊՀ պատվիրակության կազմում ընդգրկված են եղել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, Քաղաքացիական դատավարության ամբինոի վարիչ Վահե Հովհաննիսյանը, նույն ամբիոնի ասիստենտներ Պավել Թադևոսյանը և Տիգրան Խաչիկյանը, ինչպես նաև նույն ամբիոնի դասախոսներից ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը և նույն դատարանի դատավոր Արա Բաբայանը:
Ինչպես մեզ հետ զրույցում փաստեց Գագիկ Ղազինյանը, այցի հիմնական նպատակը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում «Վարչական դատավարություն» առարկայի ներդրման հիմքերի, զարգացման հեռանկարների և ուղղությունների վերհանումն էր:
«Հայտնի իրողություն է, որ ցանկացած առարկայի ինստիտուցիոնալ ներդրման և հետագա դասավանդման գործընթացից առաջ սկզբունքային կարևորություն է ստանում դրան վերաբերող միջազգային առաջատար փորձի վերհանումը և այդուհետ դրա լավագույն հաշվառմամբ տեղայնացումը: Այս իմաստով նշված այցի նշանակությունը դժվար է գերագնահատել: Այն գործնական հնարավորություն տվեց բավարար խորությամբ մշակելու «Վարչական դատավարություն» դասընթացի առարկայական ծրագրի հայեցակարգը, ինչպես նաև ակադեմիական կայուն կողմնորոշիչներով ընդգծելու դրա դասավանդման ռազմավարությունը»,- ասաց ֆակուլտետի դեկանը:
Այցի շրջանակում դասընթացի ծրագրի բովանդակային հատվածից զատ՝ համատեղ քննարկման են արժանացել նաև դրա մատուցման մեթոդաբանությանն առնչվող հարցեր, որի արդյունքում ընդունվել են փոխադարձաբար նպատակահարմար համարվող լուծումներ:
«Մասնավորապես կարևորվել են առարկայական ծրագիրը ժամանակակից միջազգային չափորոշիչներին համապատասխան կազմելու, դասավանդման մեթոդիկան ներդնելու հանգամանքները, որոնց արդյունավետ կիրարկումը կարող է օրինակ ծառայել առարկայական մյուս ծրագրերի և դասավանդման մեթոդիկայի վերանայման համար»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց Գագիկ Ղազինյանը:
Ֆակուլտետի դեկանը նշեց, որ այցի ակադեմիական արդյունավետության աստիճանն ընդգծվել է նաև վարչական դատավարության դասագրքի թեմատիկայի նախագծի մշակմամբ, որը, ըստ նրա, չափազանց կարևոր է առարկայի ներդրման գործընթացի դյուրացման տեսակետից:
«Համատեղ քննարկումն արդյունավորվեց նաև դասագրքի նախնական տարբերակի ընթացիկ փորձաքննության իրականացման կապակցությամբ գերմանացի մասնագետների արտահայտած գործուն պատրաստակամությամբ, ինչն, անշուշտ, որակական նոր հիմքերի վրա կարող է դնել դասագրքում արտացոլվելիք նյութի մշակվածության աստիճանը»,- ասաց Գագիկ Ղազինյանը:
Այցի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավորության սահմանում սերտացնել համոգործակցությունը գիտական երկու հաստատությունների միջև:
Պատրաստեց Քնար Միսակյանը