- Գլխավոր
- Նորություններ
- ԼԻՃՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ՝ ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Հոկտեմբեր 30, 2018 | 14:59
Քաղաքականություն
ԼԻՃՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ՝ ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ էին այցելել Լիճքի հիմնական դպրոցի սաները:
Համալսարանի հետ ծանոթությունը մեկնարկեց ԵՊՀ պատմության թանգարանից, որի տնօրեն Հեղինե Գասպարյանն աշակերտներին ներկայացրեց ԵՊՀ պատմությունը:
Տիկին Գասպարյանը խոսեց ԵՊՀ հիմնադրման պատմությունից, ապա մանրամասն ներկայացրեց թանգարանում ցուցադրված նմուշները՝ անդրադառնալով ԵՊՀ 24 ռեկտորներին ու նրանց գործունեությանը, պատմեց այն երախտավորների մասին, որոնք երկար տարիներ անձնվիրաբար աշխատել ու դաստիարակել են սերունդներ:
Լիճքի հիմնական դպրոցի սաները ծանոթացան նաև ԵՊՀ ուսանողական կյանքին, զոհված ուսանող-ազատամարտիկներին նվիրված անկյուններին, ինչպես նաև հնագիտական մեծ արժեք ու նշանակություն ունեցող այն իրերին, որոնք պեղումների ընթացքում հայտնաբերել են ԵՊՀ ուսանողներն ու դասախոսները:
Գասպարյանի խոսքով, այս այցելություններն օգնում են աշակերտներին կողմնորոշվելու մասնագիտության ընտրության հարցում. «Մենք համալսարանը ներկայացնում ենք ոչ միայն որպես կրթօջախ, այլև մշակութային կենտրոն»,- ասաց Հ. Գասպարյանը:
Աշակերտները նաև հյուրընկալվեցին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում, որտեղ Կենդանաբանության ամբիոնի վարիչ Մարինե Առաքելյանն աշակերտներին պատմեց Հայաստանի կենսաբազմազանության մասին.
«Այստեղ ցուցադրվում են այն կենդանիները, որոնք Հայաստանի կենդանական աշխարհի հարստությունն են»:
Կենդանաբանության ուսումնական լաբորատորիայի ավագ լաբորանտ Մերի Արզումանյանը, խոսելով աշակերտների այցի մասին, ընդգծեց, որ այս ուսուցողական այցը լավագույն հնարավորությունն է աշակերտներին ծանոթանալու ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետին:
Մերի Արզումանյանն աշակերտներին տեղեկացրեց այն վտանգների մասին, որոնք սպառնում են Հայաստանի կենդանաբանությանը, իսկ Կենդանաբանության ամբիոնի աշխատակիցներն աշակերտներին ցուցադրեցին Հայաստանի փափկամարմին կենդանիներին նվիրված տեսապատկերներ:
Այցելության ավարտին Կենդանաբանության ամբիոնը Լիճքի հիմնական դպրոցին նվիրեց «Կարմիր գրքում» գրանցված փափկամարմին կենդանիներին վերաբերող պաստառ, իսկ աշակերտները ստացան փափկամարմին կենդանիներին նվիրված գրքույկներ:
Անգին Խաչատրյան