- Գլխավոր
- Նորություններ
- «ԼԻՏՎԱ՛, ԻՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ». ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
Ապրիլ 04, 2019 | 16:46
Հասարակություն
«ԼԻՏՎԱ՛, ԻՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ». ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանությունը մասնակցում է 2019 թ. Ֆրանկոֆոնիայի ծրագրին, որի շրջանակում ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր ցուցադրվեց «Լիտվա՛, իմ ազատություն» ֆիլմը:
Միջոցառումը կազմակերպվել էր ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության և ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանության համատեղ ջանքերով, որին ներկա էին ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանության փոխդեսպան Նիդա Դալմանտայտեն և դեսպանության երկրորդ քարտուղար Յոմանտաս Պաբիռժիսին:
Նիդա Դալմանտայտեն, շնորհակալություն հայտնելով ԵՊՀ-ում ֆիլմի ցուցադրությանը աջակցելու համար, նշեց, որ Հայաստանում այն ցուցադրվում է Ֆրանկոֆոնիայի ծրագրի շրջանակում:
«Պետք է նշեմ, որ Լիտվայում ռուսերենը, անգլերենն ու գերմաներենն ավելի տարածված օտար լեզուներ են, քան ֆրանսերենը, կարելի է ասել, որ դուք՝ հայերդ, ավելի ֆրանսախոս եք, բայց մենք փորձում ենք ամեն ինչ անել՝ ֆրանսերենի տարածմանը նպաստելու համար»,- նշեց Նիդա Դալմանտայտեն:
Դեսպանության երկրորդ քարտուղար Յոմանտաս Պաբիռժիսին էլ անդրադարձավ ֆիլմի ստեղծման գաղափարին և պատմությանը. «Ֆիլմի ստեղծագործական կազմի հիմնական նպատակն է եղել պատմել Լիտվայի անկախության հարյուրամյա պատմությունը: Նախատեսվում էր, որ ֆիլմը պետք է լինի միայն 1919 թ. Փարիզի կոնֆերանսի և դրանում լիտվացիների դերի մասին, բայց արդյունքում այն ներկայացնում է նաև ազատությանը վերաբերող գաղափարները»:
Ֆիլմի ստեղծողներին Լիտվայի անկախության պատմությանը վերաբերող փաստերի որոնումները տանում են դեպի Փարիզ, որտեղ նրանք քննարկում են ոչ միայն պատմական իրադարձությունները, այլև ընդհանրապես անկախությանը և ազատությանը վերաբերող փիլիսոփայական հարցեր: