- Գլխավոր
- Նորություններ
- ԱԶԳԱՆՎԵՐ ԾՆՈՂՆԵՐԻ ԱՐԺԱՆԻ ԶԱՎԱԿ. ԼՈՒԻԶ ՍԻՄՈՆ-ՄԱՆՈՒԿՅԱՆ
Փետրվար 21, 2019 | 15:22
Հասարակություն
ԱԶԳԱՆՎԵՐ ԾՆՈՂՆԵՐԻ ԱՐԺԱՆԻ ԶԱՎԱԿ. ԼՈՒԻԶ ՍԻՄՈՆ-ՄԱՆՈՒԿՅԱՆ
Փետրվարի 18-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում վախճանվել է հայ մեծանուն բարերար, Հայկական բարեգործական ընդհանուր միության նախկին նախագահ, հայ արդի իրականության ամենաազդեցիկ գործիչներից մեկը՝ Լուիզ Սիմոն-Մանուկյանը:
Նրա հայրը հայտնի հասարակական գործիչ, ՀՀ ազգային հերոս, բարերար Ալեք Մանուկյանն է, որը մեծ ներդրում է ունեցել աշխարհի հայերի համախմբման գործում։ Ալեք Մանուկյանը եղել է Հայկական բարեգործական ընդհանուր միության 5-րդ նախագահը, ԵՊՀ-ն գտնվում է նրա պատվին անվանակոչված փողոցում:
Դստեր՝ Լուիզ Սիմոն-Մանուկյանի նախագահության ընթացքում ՀԲԸՄ-ը մի շարք կարևորագույն ծրագրեր է իրականացրել Հայաստանում և Արցախում, մասնավորապես՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադրումը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համատեղ հայորդյաց տների և բարեգործական ճաշարանների ստեղծումը:
1979 թվականին Լուիզ Սիմոն-Մանուկյանը ծառայության է անցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության արևմտյան թեմում, եղել է առաջին կին ծառայողը:
1990-ականներին, երբ ՀՀ-ը գտնվում էր քաղաքական և տնտեսական ծանր վիճակում, Լուիզ Սիմոն-Մանուկյանի միջնորդությամբ ՀԲԸՄ-ն բազմիցս ֆինանսական մեծ աջակցություն է ցուցաբերել Երևանի պետական համալսարանին. վերանորոգվել են ԵՊՀ-ի բարերարների անուններով անվանակոչված սրահները, տրամադրվել են անդամավճարներ և իրականացվել են համալսարանի համար կարևոր մի շարք ծրագրեր:
Որպես Հայկական բարեգործական ընդհանուր միության երկարամյա նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ ու պատվավոր անդամ՝ նա բազմաթիվ ծրագրեր նախաձեռնեց ու իրականացրեց թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Արցախում, թե՛ Սփյուռքում:
2012 թվականի նոյեմբերի 26-ին Լուիզ Սիմոն-Մանուկյանը պարգևատրվել է Ասպետ Սուրբ Էջմիածնի շքանշանով:
Ամենայն հայոց հայրապետը բարձր է գնահատել տիկին Լուիզ Սիմոն-Մանուկյանի ավանդն ազգային և եկեղեցական կյանքում:
Երևանի պետական համալսարանի աշխատակազմն իր խորին ցավակցություն է հայտնում Տիկին Լուիզ Սիմոն-Մանուկյանի ընտանիքին ու հարազատներին՝ կիսելով նրանց վիշտը: