- Գլխավոր
- Նորություններ
- ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ
Հոկտեմբեր 10, 2018 | 18:38
Հասարակություն
ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ
Հոկտեմբերի 8-ին «Hraparak.am»-ում «ՍԿԱՆԴԱԼ ԵՊՀ-ՈՒՄ. ՆՈՐ «ՍԱՇԻ՞Կ» Է ՀԱՅՏՆՎԵԼ» վերնագրով հոդված է հրապարակվել, որում առկա մեղադրանքներին անդրադարձել է Մարատ Գրիգորյանը:
Հոկտեմբերի 8-ին «Hraparak.am»-ում «ՍԿԱՆԴԱԼ ԵՊՀ-ՈՒՄ. ՆՈՐ «ՍԱՇԻ՞Կ» Է ՀԱՅՏՆՎԵԼ» վերնագրով հոդված է հրապարակվել, որում նշվում է, թե ԵՊՀ աշխատակիցներից մեկը «Հրապարակի» խմբագրություն նամակ է ուղարկել, որտեղ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանին մեղադրում է ֆակուլտետի գիտաշխատողների աշխատավարձերի 50 տոկոսը յուրացնելու մեջ՝ նշելով, որ վերջինս նրանց ձեռքից պարտադրանքով վերցնում է աշխատավարձի բանկային քարտերը և ամեն ամիս տնօրինում նրանց գումարների կեսը:
Բացի դրանից՝ նամակագիրը գրում է, որ այս տարի Մարատ Գրիգորյանը զարտուղի ճանապարհով է վերընտրվել Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան, և որ ԵՊՀ շրջանակներում վերջինս հայտնի է որպես «Կիսադաշնակ Մարատ»:
Մենք զրուցել ենք Մարատ Գրիգորյանի հետ, որի ընթացքում դեկանը պարզաբանեց, որ նամակագրի մեղադրանքը ոչ ավելին է, քան զրպարտանք. «Նախ ծիծաղելի է, երբ մարդուն մեղադրում են քրեորեն պատժելի արարք գործելու մեջ անանուն կերպով և լրատվամիջոցի օգնությամբ: Եվ հետո, այդ ո՞ր գիտաշխատողը կհանդուրժեր, որ իր ստացած առանց այն էլ չնչին գումարի կեսը վերցնեն, այն գիտաշխատողը, ով ամեն օր գալիս է աշխատանքի և ընտանիք պահում: Բացի դրանից՝ եթե աշխատակիցները դիմեն համապատասխան բանկեր, ապա դրանք կտրմադրեն տեղեկատվություն, թե ով և երբ է օգտվել իրենց բանկային քարտերից»:
Մենք խոսեցինք նաև ֆակուլտետի այն գիտաշխատողների հետ, որոնց մասին հիշատակվել էր «Հրապարակ»-ի հոդվածում:
Գիտաշխատողներ Լևոն Հարությունյանը, Եսթեր Մանուկյանը և Լիանա Մանուկյանը նույնպես միանշանակորեն հերքեցին մեղադրանքը: Լևոն Հարությունյանը մեզ հետ զրույցում կատակով նշեց, որ իրենց աշխատավարձերը ընդհանուր առմամբ կազմում են մոտավորապես 80 հազար դրամ, որը, ըստ նրա, շատ քիչ գումար է կիսելու համար. «Ուզում եմ նշել, որ մեր ֆակուլտետում միշտ էլ լավ մթնոլորտ է տիրել: Պարոն Գրիգորյանը մշտապես աջակցել է մեզ, օգնել իր խորհուրդներով»:
Մարատ Գրիգորյանը, անդրադառնալով դեկանի պաշտոնում իր ընտրություններին, ասաց, որ դրանք անցկացվել են՝ ըստ գործող կարգի. «Ես վերընտրվել եմ ֆակուլտետի գիտխորհրդի փակ և գաղտնի քվերակությամբ: Ինձ առաջադրել էին ֆակուլտետի ամբիոնները, ավելի ուշ ինքնաառաջադրվել էր ԵՊՀ նախկին աշխատակից Մաքսիմ Մանասյանը, ով ազատվել է աշխատանքից, քանի որ բացահայտվել էր, որ զբաղվել է գրագողությամբ: Ընտրությունների օրը պահպանվել են գործող կարգի բոլոր դրույթները, երկու թեկնածուներին էլ տրվել է խոսքի իրավունք: Եթե մինչ այժմ ես վատ դեկան լինեի, ինձ պարզապես չէին ընտրի»:
Խոսելով նամակագրի այն պնդման մասին, թե դեկանը ԵՊՀ-ում հայտնի է որպես «Կիսադաշնակ Մարատ», պարոն Գրիգորյանն ասաց, որ ինքը վաղուց դաշնակցական է. «Իսկ կիսադաշնակ չի լինում: Դաշնակցական կամ լինում են, կամ` ոչ: Ես վաղուց եմ կուսակցության շարքերում, ակտիվ անդամ եմ: Նամակագիրը այդպես գրել է պարզապես ինձ վիրավորելու համար»:
Պարոն Գրիգորյանից հետաքրքրվեցինք նաև, թե չի պատրաստվում արդյոք դատական հայց ներկայացնել զրպարտության և վիրավորանքի համար, դեկանը պատասխանեց, որ ոչ, քանի որ չունի այդքան ժամանակ:
Նշված հոդվածում կար նաև ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանի անունը: Վերջինիցս ևս պարզաբանում խնդրեցինք, ինչին Ա.Ղարիբյանը պատասխանեց, որ ծանոթ է հրապարակմանը, այն մաքուր զառանցանք է, և ինքը, հումորից բացի, այլ կերպ չի պատրաստվում անդրադառնալ դրան:
Քնար Միսակյան