- Գլխավոր
- Նորություններ
- ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ.ՊՐՈՖԵՍՈՐ ՄԱՐԻԱ ԶԱՍԼԱՎՍԿԱՅԱՆ ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ
Նոյեմբեր 05, 2018 | 12:23
Գիտություն
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ.ՊՐՈՖԵՍՈՐ ՄԱՐԻԱ ԶԱՍԼԱՎՍԿԱՅԱՆ ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ
«Ազգային ինքնության ձևավորման հիմնախնդիրը ՀՀ բարձրագույն կրթության միջազգայնացման արդի գործընթացների համատեքստում» գիտական թեման արժանացել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման։
Մեզ հետ զրույցում գիտական թեմայի ղեկավար, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Մարիա Զասլավսկայան նշեց, որ բարձրագույն կրթության միջազգայնացումը դառնում է Հայաստանի կրթական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը բարձրագույն կրթության արդիականացմանն ուղղված բարեփոխումների շարքում:
«Միջազգայնացման գործընթացը թույլ է տալիս, որ մեր բարձրագույն կրթական համակարգը ներգրավվի համաշխարհային համատեքստ, մենք հետ չմնանք համաշխարհային միտումներից, ներկայանալի լինենք աշխարհին: Միջազգայնացումը ներառում է 3 հիմնական բաղադրիչ՝ ուսանողների ու դասախոսների ակադեմիական մոբիլություն, ընդհանուր առարկայական ծրագրեր, որոնք համապատասխանեցվում են համաշխարհային չափանիշներին, և պայմանագրեր պետությունների, համալսարանների միջև»,- նշեց նա:
Ըստ Մարիա Զասլավսկայայի՝ գիտական թեման որոշվեց «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի և կրթության զարգացման ծրագրի վերաբերյալ քննարկումների արդյունքում:
«Չնայած որ միջազգայնացումն անհրաժեշտ պայման է կրթական համակարգերի զարգացման համար, այնուամենայնիվ առաջ են գալիս մի շարք հետևանքներ, որոնք խոչընդոտ են դառնում ազգային կրթական համակարգերի արդյունավետ զարգացման համար։ Օրինակ՝ ակադեմիական մոբիլության լայնացումը խթանում է «ուղեղների արտահոսքը»: Մարդկանց՝ որպես մասնագետների ձևավորման գործընթացը որոշակի սոցիալական գին ունի յուրաքանչյուր երկրում, և եթե մարդիկ «ուղեղների արտահոսքի» պատճառով «կորում» են հասարակության համար, ապա առաջանում է մարդկային կապիտալի նվազում, այսինքն՝ Հայաստանում ակադեմիական մոբիլության առկա մեխանիզմները կարող են բերել մարդկային կապիտալի տեսանկյունից կրթական ներդրումների փոշիացմանը»,- ասաց Մարիա Զասլավսկայան:
Նա նաև անդրադարձավ ազգային ինքնությանը. «Ազգային ինքնությունը չպետք է շփոթել էթնիկական ինքնության հետ: Ազգային նույնականացումը կոնկրետ երկրին պատկանելիության գիտակցումն է, այդ երկրի քաղաքացի լինելու սեփական անձի վերաբերյալ ընկալումները կամ այլ կերպ ասած՝ «Ես հայաստանցի եմ» կարգախոսի ընկալումը»:
Մարիա Զասլավսկայան, ընդհանուր կապեր գտնելով ազգային ինքնության ձևավորման և բարձրագույն կրթության միջազգայնացման հիմնախնդիրների միջև, նշեց, որ բարձրագույն կրթության ազգային համակարգի կայացման և մարդկային կապիտալի պահպանման համար կարևորագույն խնդիրներից մեկն է նաև ազգային ինքնության դերի ըմբռնումը:
Օրինակ բերելով ամերիկյան հասարակությունը՝ Մարիա Զասլավսկայան նշեց, որ ԱՄՆ-ում «national identity» գաղափարի ուսումնասիրության արդիականությունն աճել է վերջին ժամանակահատվածում՝ կապված լինելով կրթության քաղաքականության մշակման նոր միտումների հետ։
«Վերջերս քաղաքական նոր զարգացումների համատեքստում մեր հասարակությունում ազգային ինքնության ձևավորման հիմնախնդիրը կրթության միջազգայնացման պայմաններում դառնում է առավել հետաքրքիր և արդիական»,- ընդգծեց նա:
Գիտական թեմայի նպատակն է մշակել ազգային ինքնության ձևավորմանն ուղղված մեխանիզմների մոդել ՀՀ բարձրագույն կրթության միջազգայնացման համատեքստում՝ հաշվի առնելով մարդկային կապիտալի բարձրացման հիմնախնդիրը, ինչպես նաև ՀՀ բարձրագույն կրթության համակարգի տարածաշրջանային ինտեգրման գործընթացները և հայկական բուհերի մրցակցային ներուժի բարձրացման հիմնախնդիրը: Հետազոտության արդյունքները ցույց են տալու, թե ինչ գործիքակազմով է հնարավոր հասնել նպատակին:
Հետազոտության ընթացքում նախատեսվում է անցկացնել համալիր սոցիոլոգիական ուսումնասիրություն՝ կիրառելով փաստաթղթերի ավանդական և բովանդակային վերլուծություն, սոցիոլոգիական գիտափորձ, փորձագիտական հարցումներ և առանցքային տեղեկատուների հետ խորին հարցազրույցներ։
Գիտական թիմում ներգրավված են Սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոսներ և ասպիրանտ:
Մարի Ռաֆյան