- Գլխավոր
- Նորություններ
- 19 ԴԱՍԱԽՈՍ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԵՎ ԾԱՆՈԹԱՑԵԼ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՄԵԹՈԴՆԵՐԻՑ ՄԵԿԻՆ
Մարտ 29, 2019 | 17:21
Կրթություն
19 ԴԱՍԱԽՈՍ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԵՎ ԾԱՆՈԹԱՑԵԼ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՄԵԹՈԴՆԵՐԻՑ ՄԵԿԻՆ
«Erasmus+ PRINTeL» ծրագրի շրջանակում ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի դոցենտ Մարինե Յաղուբյանը Պորտոյի համալսարանում մասնակցել է «Տեսանյութերը՝ որպես դասավանդման գործիք դասախոսների և ուսանողների համար» խորագրով վերապատրաստման դասընթացներին, ապա ստացած գիտելիքները փոխանցել գործընկերներին:
Մեզ հետ զրույցում Մարինե Յաղուբյանը պատմեց, որ Պորտոյի համալսարանում մասնակիցները ծանոթացել են ուսուցման նորագույն մեթոդներին ու գործիքներին. «Մասնավորապես առավել մանրամասն քննարկվեց տեսանյութերի՝ որպես ժամանակակից ուսուցման մեթոդական գործիքի պատրաստումը դասախոսների և ուսանողների համար»:
«Դասընթացի ժամանակ ծանոթացանք «Panopto» նորարարական ծրագրին: Այն առցանց հարթակ է, որը հնարավորություն է տալիս պատրաստելու և ցուցադրելու անհրաժեշտ տեսանյութերը: ԵՊՀ-ում այդ ծրագիրը չկա, այստեղ օգտվում ենք «Մուդլ»-ի հնարավորություններից»,- ասաց Մարինե Յաղուբյանը:
Նրա հավաստմամբ, տեսանյութերը դասավանդման գործընթացում կարևոր դեր ունեն. «Կա գիտական հիմնավորում, ըստ որի՝ եթե տեղեկատվությունը ստանում ենք լսելով, ապա տպավորվում է դրա 1/4-ը, իսկ եթե տեսնելով՝ 1/3-ը, իսկ դրանք համադրելով՝ արդեն ավելի բարձր արդյունավետություն կարող ենք արձանագրել»:
«Տեսանյութերը չեն պատրաստվում մեկ ամբողջական դասաժամի համար: Առավել նպատակահարմար է, երբ դրանց տևողությունը կազմում է 7-8 րոպե: Տեսանյութերի կիրառումը նպատակահարմար է նաև այն առումով, որ ուսանողները բացակայելու դեպքում կարող են դրանց միջոցով ծանոթանալ քննարկվող նյութին և հետ չմնալ ուսումնական գործընթացից»,- փաստեց Մարինե Յաղուբյանը:
Նրա կողմից գործընկերների համար կազմակերպված վերապատրաստման 5-օրյա դասընթացին մասնակցել է ֆակուլտետի 19 դասախոս: Հանդիպումների ժամանակ եղել են նաև գործնական դասընթացներ, որոնց մասնակիցները փորձել են ստեղծել իրենց տեսանյութերը:
Մարինե Յաղուբյանն իր ուսանողների հետ արդեն կիրառում է այս մեթոդը՝ հանձնարարելով 2 րոպե տևողությամբ տեսանյութեր պատրաստել. «Երբ ուսանողները սովորում էին ուտելիքին վերաբերող բառեր, նրանցից ամեն մեկը տեսանկարահանել էր թեմային առնչվող գործողություն, ինչն ավելի է ամրապնդել ուսուցանվող նյութը: Այժմ այն կիրառում ենք որպես հավելյալ մեթոդ, առանց պարտադրելու, բայց ուսանողները հաճույքով են ներգրավվում այդ աշխատանքներին»:
5-օրյա վերապատրաստման դասընթացի ընթացքում քննարկվել են նաև մեթոդի կիրառման խնդիրներն ու խոչընդոտները: Ըստ դասախոսների՝ բարձր արդյունավետության համար անհրաժեշտ են տեխնիկապես հագեցած լսարաններ, համացանցի որակյալ հասանելիություն. «Կան վարժություններ, որոնք ուսանողները պետք է տեղում իրականացնեն, բայց հնարավորություններ չկան: Իսկ տնային աշխատանքի դեպքում էլ արդեն չգիտենք՝ ինքնուրույն են աշխատել, թե ոչ և այլն»:
Մեթոդի կանոնավոր կիրառումը ԵՊՀ-ում, ըստ Մարինե Յաղուբյանի, հնարավոր կլինի ժամանակի ընթացքում. «Հաջորդ տարի նախատեսվում է, որ կունենանք համապատասխան տեխնիկայով հագեցած կաբինետ: Բացի դրանից՝ այսօրվա տեխնոլոգիաներն էլ թույլ են տալիս յուրաքանչյուրին բջջային հեռախոսով տեսանկարահանել և մոնտաժել անհրաժեշտ նյութը»:
Մեզ հետ զրույցում Մարինե Յաղուբյանը տեղեկացրեց, որ ուսանողները պատրաստվում են մասնակցել նաև մայիսին տեղի ունենալիք համաժողովին, որի ընթացքում կներկայացնեն իրենց կողմից պատրաստած տեսանյութերը:
Քնար Միսակյան