- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՍ ԸՆՏՐԵԼ ԵՄ ԵՊՀ-Ն». ՄԱՐՈՒՍՅԱ ՂԱՐԱԽԱՆՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԿՈՂԲ ԳՅՈՒՂԻՑ Է
Նոյեմբեր 01, 2018 | 14:12
Հասարակություն
«ԵՍ ԸՆՏՐԵԼ ԵՄ ԵՊՀ-Ն». ՄԱՐՈՒՍՅԱ ՂԱՐԱԽԱՆՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԿՈՂԲ ԳՅՈՒՂԻՑ Է
Ես ԵՊՀ ուսանողուհի Մարուսյա Ղարախանյանն եմ։
Ծնվել եմ Տավուշի մարզի Կողբ սահմանամերձ գյուղում։ Ավարտել եմ մեր գյուղի համար 2 դպրոցը, իսկ այժմ սովորում եմ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի երկրորդ կուրսում։
Երբ փոքր էի, ես էլ, հայրս էլ միշտ մտածում էինք, որ ես բժշկուհի պետք է դառնամ, բայց ժամանակի հետ հասկացա, որ այդ մասնագիտությունն իմը չէ։ Հայոց լեզվի ուսուցչուհուս շնորհիվ սկսեցի ավելի խորն ուսումնասիրել հայերենը և հայ գրականությունը։
Իսկ 7-րդ դասարանում արդեն հստակ որոշել էի, թե ինչ մասնագետ պետք է դառնամ։ Ֆակուլտետի ընտրությունը պայմանավորված էր հայոց լեզվի և հայ գրականության հանդեպ ունեցած սիրով, իսկ համալսարանինը՝ կրթության որակով։ Բացի դրանից, կարծում եմ, մեծ պատիվ է ԵՊՀ ուսանող լինելը։
Բուհի ընտրության հարցում ծնողներս ինձ հետ համակարծիք էին, բայց, երբ իմացան, թե որ ֆակուլտետ եմ ուզում դիմել, փորձում էին ավելի պրակտիկ մասնագիտություն խորհուրդ տալ։ Բարեբախտաբար, ես հետ չկանգնեցի իմ ընտրությունից, իսկ հիմա արդեն ծնողներս էլ են գոհ այս որոշումից։
Մինչ ԵՊՀ գալը ցանկանում էի ուսումս ավարտելուց հետո գնալ գյուղ ու այնտեղ աշխատել, բայց հիմա ուրիշ երազանք ունեմ։ Հասկացել եմ, որ համալսարանն ինձ ավելի հարազատ է, ու հետագայում այստեղ մնալն ու աշխատելը հենց այն է, ինչ պետք է ինձ։
Իրականում ինձ համար հարազատներիցս հեռու ապրելը շատ դժվար է։ Երբ ազատ օրերին գնում եմ գյուղ, չեմ ուզում վերադառնալ, որովհետև անսահման կարոտում եմ։ Բայց երբ գալիս եմ համալսարան, հունի մեջ եմ ընկնում, սկսում եմ դասերով զբաղվել, նորից հարմարվում եմ ու նույնիսկ ուրախ եմ, որ հիմա այստեղ եմ ապրում։ Կարծում եմ, որ ցանկացած դժվարություն մարդու համար է, ու համոզված եմ՝ հաստատ արժե սովորելու, գիտելիք ստանալու համար կարոտին դիմանալ։
Մեր գյուղի ճանապարհը շատ հեռու է։ Կուրսեցիներս հիմնականում քաղաքին մոտ են ապրում, գրեթե բոլորն ուսանողական ավտոբուսներով են գնում-գալիս, իսկ ես միայն մի քանի ամիսը մեկ եմ կարողանում տուն գնալ: Բայց կա նաև մեդալի հակառակ կողմը։ Ամառային արձակուրդներին տասն օր գյուղում մնալուց հետո հասկացա, որ ինչ-որ բան կիսատ է. կարոտում էի համալսարանը, համալսարանական ընկերներիս:
Այնուամենայնիվ, իմ գյուղն անփոխարինելի է։ Կողբում ուսանողներին առանձնահատուկ են վերաբերվում: Օրինակ՝ իմ անվճար ընդունվելը շատ բուռն արձագանք գտավ մեր գյուղում։ Հիշում եմ՝ երբ ընդունելության քննություններից հետո գնացի գյուղ, բոլորը դրա մասին էին խոսում, ծանոթ-անծանոթ շնորհավորում էին ինձ։ Շատ աշխույժ են անցում նաև մեր գյուղի ուսանողության քննական շրջանները, քանի որ ամբողջ գյուղն է հետևում դրանց։ Ամեն քննությունից հետո, երբ տատիկս զանգում է ինձ, հարևաններից որևէ մեկը միշտ վերցնում է հեռախոսը ու հետաքրքրվում քննություններիցս, պարապմունքներիցս: Գյուղից երբեք դատարկաձեռն չեմ վերադառնում Երևան. մեր հարևանները քաղցրավենիք ու շատ համեղ ուտելիքներ են տալիս:
Առհասարակ, նման վերաբերմունքն ավելի պարտավորեցնող է, քանի որ միշտ ձգտում եմ լավագույնին, որ թե՛ ծնողներս, թե՛ դպրոցս, թե՛ ուսուցչուհիս հպարտանան ինձնով։
Պատրաստեց Մարինե Առաքելյանը