- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ «ՄԱՐՔԵԹԻՆԳ» ԱՌԱՐԿԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
Նոյեմբեր 06, 2018 | 16:00
Կրթություն
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ «ՄԱՐՔԵԹԻՆԳ» ԱՌԱՐԿԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում «Կառավարում» մասնագիտությամբ սովորող ուսանողների համար այսօր «Մարքեթինգ» առարկայի շրջանակում անցկացվեց վարպետության դաս:
Արդեն երկրորդ տարին է՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում՝ ի դեմս Կառավարման և գործարարության ամբիոնի, նախաձեռնվում է ձևաչափ, որը հնարավորություն է տալիս գործնական հմտություններով ամրապնդելու տեսական գիտելիքները:
«Այս ծրագիրը բաղկացած է երկու մասից: Առաջին մասը ենթադրում է այցելություններ տարբեր կազմակերպություններ, ծանոթացում նրանց գործունեություններին, քննարկումների անցկացում ղեկավար կազմի հետ, իսկ մյուս մասը՝ վարպետության դասեր հենց ֆակուլտետում տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ»,- նշեց Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչի տեղակալ Աննա Հակոբջանյանը:
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում այս ծրագրի շրջանակում այսօր վարպետության դաս վարեց «Ռոստելեկոմ» ընկերության մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար Տիգրան Արզումանյանը, որը, ի դեպ, ֆակուլտետի շրջանավարտն է:
Աննա Հակոբջանյանը նշեց, որ նոյեմբերին «Կառավարում» մասնագիտության հոսքն ունենալու է նմանաբնույթ հանդիպումներ երկու առարկայի շրջանակում՝ «Մարքեթինգ» և «Մարդկային ռեսուսրների աշխատանքի էկոնոմիկա»: Իսկ հանդիպումներից հետո կազմակերպվելու է այցելություն «Ռոստելեկոմ», որտեղ ուսանողները ծանոթանալու են ընկերության գործունեությանը:
Մինչ վարպետության դասին անցնելը՝ Տիգրան Արզումանյանը ողջունեց մասնակիցներին և պատմեց «Ռոստելեկոմ» ընկերության գործունեության մասին:
«Վստահ եմ՝ այս վարպետության դասը կլինի շատ օգտակար: Ինչքան արագ ձեռք բերեք այս ոլորտին վերաբերող գիտելիքներ, այնքան ավելի բարձր մրցակցային դիրքում կհայտնվեք»,- ասաց Տ. Արզումանյանը:
«Մարքեթինգ» առարկայի շրջանակում վարպետության ինտերակտիվ դասի ընթացքում «Ռոստելեկոմի» մարքեթինգի դեպարտամենտի ղեկավարը խոսեց նաև, թե ինչպես են իրենց ընկերությունում մշակվում ծառայությունները: Նա խոսեց տարիֆների, նոր առաջարկների ու առհասարակ ծառայությունների մասին, որոնք շուկա են մուտք գործում:
«Ռոստելեկոմ» ընկերության ներկայացուցիչը վարպետության դասի ընթացքում մանրամասնորեն ներկայացրեց արտադրանքի նախագծման ընթացքը, ինչպես նաև կարևորեց թիմում աշխատելու կարողությունը:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում անցկացված վարպետության դասն անցավ բավականին արդյունավետ: Մեզ հետ զրույցում ուսանողները փաստեցին, որ գոհ են և սպասում են հաջորդ դասին:
Մարինա Առաքելյան