- Գլխավոր
- Նորություններ
- «ԻՆՁ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԴԺՎԱՐ Է ԻՐԱՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼԸ». ԻԻՀ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՍԵՅԵԴ ՄՈՀԱՄՄԱԴ ՌԵԶԱ ՀԵՅԴԱՐԻ
Սեպտեմբեր 24, 2020 | 16:08
«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԴԺՎԱՐ Է ԻՐԱՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼԸ». ԻԻՀ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՍԵՅԵԴ ՄՈՀԱՄՄԱԴ ՌԵԶԱ ՀԵՅԴԱՐԻ
ԵՊՀ իրանագիտության ամբիոնում այսօր տեղի է ունեցել հանդիպում ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարիի հետ:
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, ամբիոնի դասախոսներ, ուսանողներ:
Հանդիպման սկզբում պարոն Ոսկանյանը ջերմորեն ողջունեց Սեյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին՝ շնորհակալություն հայտնելով հյուրին այս ընթացքում ունեցած երկկողմանի մշակութային համագործակցության, ինչպես նաև դրսևորած բարի կամքի և պատրաստակամության համար:
Վերջինս շեշտեց, որ Իրանագիտության ամբիոնը սերտորեն համագործակցում է իրանական մշակութային և գիտական կենտրոնների հետ, և այդ սերտ համագործակցության շրջանակում ՀՀ-ում ԻԻՀ մշակույթի կենտրոնն ամբիոնին օժանդակելու որոշում է կայացրել:
Նա նաև փաստեց, որ այսօրվա միջոցառումն իր բնույթով և բովանդակությամբ յուրահատուկ է, քանի որ միջոցառման շրջանակում Իրանագիտության ամբիոնին կնվիրեն գրքեր և համակարգչային տեխնիկա. «Ես հույս ունեմ, որ մեր համագործակցությունը շարունակվելու և ավելի բազմաշերտ է դառնալու, որի շնորհիվ կկարողանանք մեր լուման ունենալ նաև հայ-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացման մեջ»:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը հույս հայտնեց, որ համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու. «Մեր հանդիպումը, բացի բարեկամականից, նաև գիտակրթական բնույթ ունի և միտված է այդ հարաբերությունների խորացմանը»:
Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ Սեյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին իր գործունեության ընթացքում սերտորեն համագործակցել է Իրանագիտության ամբիոնի հետ և հասցրել է դառնալ ամբիոնի բարեկամներից, որի առաջ ամբիոնի դռները միշտ բաց են:
Սեյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին իր հերթին շնորհակալություն հայտնեց Իրանագիտության ամբիոնի վարիչին և աշխատակիցներին համագործակցության ու դրսևորած ջերմ վերաբերմունքի համար:
Վերջինս նշեց, որ իր աշխատանքային գործունեության ընթացքում Իրանագիտության ամբիոնի հետ գիտակրթական և մշակութային համագործակցության շրջանակում հասցրել է բազմաթիվ ծրագրեր իրագործել, թեև իր աշխատանքը Հայաստանում ավարտվել է, հույս ունի, որ ամբիոնի հետ մշակութային ու գիտական հարաբերությունները շարունակելու են զարգանալ:
«Մենք նվիրատվությունը նախատեսել էինք դեռևս այս տարվա սկզբին, բայց առաջացած խնդիրների պատճառով այն հետաձգվեց,- պարզաբանեց Սեյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին,- այս անգամ փորձել ենք նվիրել այն գրքերը, որոնք ցանկացել էին ունենալ ամբիոնի դասախոսները»:
Վերջինս նշեց, որ իր համար շատ դժվար է Հայաստանը լքելն ու Իրան վերադառնալը, քանի որ այստեղ ջերմ մթնոլորտի շնորհիվ իրեն զգում է ինչպես տանը: