- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲՈՒՀԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է ՆՈՐ ՓՈՒԼ. ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԼԲԵՐՏ ՎԱՅԼԵՐԻ ՀԵՏ
Մարտ 26, 2019 | 15:05
Քաղաքականություն
ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲՈՒՀԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է ՆՈՐ ՓՈՒԼ. ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԼԲԵՐՏ ՎԱՅԼԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր և գերմանահայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերին, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի գրասենյակի ղեկավար, դոկտոր Թոմաս Շրապելին, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանին և հիմնադրամի գիտաշխատող Քրիստինա Բելմանին:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը նախ շնորհակալություն հայտնեց ներկաներին իր հրավերն ընդունելու համար և շեշտեց, որ ֆակուլտետի օրակարգային հարցերից մեկը երկկողմանի համագործակցության ընդլայնումն ու խորացումն է:
«Պետք է նշեմ, որ գերմանական ընկերությունները ֆակուլտետի միջազգային գործընկերների շարքում առանձնահատուկ դեր ունեն, և մեզ համար չափազանց կարևոր է առավել ընդլայնել մեր համագործակցության շրջանակը՝ նոր ոլորտներ ընդգրկելով»,- ասաց Գագիկ Ղազինյանը:
Դեկանը հույս հայտնեց, որ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ կհաջողվի նաև իրավական դաշտում համագործակցության եզրեր գտնել:
Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերն իր հերթին շնորհակալություն հայտնեց հրավերի համար՝ նշելով, որ Երևանում իրեն զգում է այնպես, ինչպես տանը:
Նա առանձնահատուկ կարևորեց համագործակցության դերն ակադեմիական, նաև բուհական դաշտում և շեշտեց կրթության ոլորտում փոխանակման գործընթացի դերը:
«Կրթության ոլորտում փոխանակման ծրագրերն առանձնահատուկ կարևոր են երկու երկրների միջև ավելի սերտ հարաբերություններ հաստատելու համար»,- ասաց պարոն Վայլերը,- «մենք ավելի շատ երիտասարդ ուսանողների փոխանակման կարիք ունենք»:
Երկկողմանի սերտ համագործակցություն սկսելու նպատակով պարոն Վայլերն իր պատրաստակամությունը հայտնեց Յենայի համալսարանի հետ կապ հաստատելու հարցում՝ երկու համալսարանների միջև համագործակցության ուղիների ստեղծմանը նպաստելու համար:
«Իմ կարծիքով, արդյունավետ և ստացված համագործակցության կարևոր բաղադրիչներից մեկը կողմերին անձնապես ճանաչելն է, այդ պատճառով ես շատ եմ կարևորում նմանատիպ հանդիպումների դերը»,- նկատեց Բունդեսթագի պատգամավորը:
Հանդիպման վերջում հյուրերը շրջայց կատարեցին Իրավագիտության ֆակուլտետում, և դեկան Գագիկ Ղազինյանը ներկայացրեց ֆակուլտետի գործունեությունն ու ձեռքբերումները:
Անի Պողոսյան