- Գլխավոր
- Նորություններ
- ԼՐԱԳՐՈՂ ԱՐՏՅՈՄ ԵՐԿԱՆՅԱՆՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՊԱՏՄԵԼ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոկտեմբեր 19, 2018 | 17:40
Հասարակություն
ԼՐԱԳՐՈՂ ԱՐՏՅՈՄ ԵՐԿԱՆՅԱՆՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՊԱՏՄԵԼ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հեռուստաստուդիայում այսօր տեղի ունեցավ հանդիպում լրագրող, հաղորդավար Արտյոմ Երկանյանի հետ:
Հանդիպման ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան հարցեր տալու սիրված հաղորդավարին՝ բացահայտելով մասնագիտական մի շարք գաղտնիքներ:
Ուսանողներին հատկապես հետաքրքրում էր Արտյոմ Երկանյանի հեղինակային «Աշխարհի հայերը» հաղորդումը, և հարցերը հիմնականում այդ հաղորդման ստեղծման գաղափարի և հետաքրքիր հյուրերի մասին էին:
«Հաղորդման շրջանակում ես հնարավորություն եմ ունեցել հանդիպելու հայտնի հայերի հետ, որոնց կատարած աշխատանքով տպավորված եմ,- ասաց Արտյոմ Երկանյանը,- իհարկե, հիմա դժվար կլինի նրանցից որևէ մեկին առանձնացնելը, բայց երեկ մենք ցավալի կորուստ ունեցանք. մահացավ Արա Գյուլերը, ես ակամայից վերհիշեցի մեր հարցազրույցը: Պետք է նշեմ, որ նա անսահման հետաքրքիր, հարուստ կենսափորձով մարդ էր»:
Խոսելով բուն լրագրողական աշխատանքի մասին՝ Արտյոմ Երկանյանը նշեց, որ այս ոլորտում պատահաբար է հայտնվել, բայց համարում է, որ ունի աշխարհի ամենալավ մասնագիտությունը:
«Լավ լրագրող դառնալու համար շատ կարևոր է, որ մարդը հետաքրքրասեր լինի և զբաղվի ինքնակրթությամբ: Այն ամենը, ինչ լրագրողն անում է, պետք է ամենից առաջ իրեն հետաքրքրի»,- նշեց բանախոսը:
Անդրադառնալով ոլորտի խնդիրներին՝ Արտյոմ Երկանյանն ասաց, որ լրատվական դաշտում շատ կարևոր է սպառողի դերը: «Սպառողը պետք միշտ իրեն հարցնի, թե նա ինչ է սպառում, ովքեր են հեռուստատեսային այդ արտադրանքի հեղինակները: Մենք չպետք է թույլ տանք, որ մեզ պարտադրեն այն, ինչը մենք չենք պատվիրել»,- մանրամասնեց լրագրողը:
Հանդիպման վերջում ուսանողները շնորհակալություն հայտնեցին հյուրին՝ հրավերն ընդունելու և իրենց հարցերին սիրով պատասխանելու համար:
Անի Պողոսյան