- Գլխավոր
- Նորություններ
- 2022 ԹՎԱԿԱՆԻՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՏԱՐԵԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԸ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ԵՊՀ-ՈՒՄ
Փետրվար 21, 2019 | 19:01
Քաղաքականություն
2022 ԹՎԱԿԱՆԻՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՏԱՐԵԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԸ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր հյուրընկալեց Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի նախագահ Ջո Օհարային և ԿՀԵԱ գրասենյակի ղեկավար Անգելիկա Վեգշայդերին:
Հանդիպման նախաձեռնությունը Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնինն էր, որը Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի անդամ է 2014 թվականից:
Հանդիպմանը ներկա էին Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն Նազիկ Հարությունյանը և կենտրոնի դոցենտ Աննա Ալեքսանյանը:
Հանդիպման սկզբում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հյուրերին ներկայացրեց բուհի կառուցվածքը, գործունեությունը:
Քննարկման առանցքում Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի տարեկան կոնգրեսի անցկացումն էր ԵՊՀ-ում, որը տեղի է ունենալու 2022 թվականին:
Հյուրերն անդրադարձան կոնֆերանսի անցկացմանը վերաբերող տեխնիկական մի շարք հարցերի, հետաքրքրվեցին կոնֆերանսի կազմակերպման համար նախատեսված դահլիճներով, նստարանների քանակով և տեխնիկական այլ պայմանններով:
Երկու կողմերի համար էլ կարևոր է ապագա կոնֆերանսը անցկացնել բարձր մակարդակով, ուստի վերջինիս անցկացման բոլոր չափանիշներն ու սկզբունքները պետք է ամրագրվեն պայմանագրերով:
Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն Նազիկ Հարությունյանի խոսքով, ապագայում կայանալիք կոնֆերանսը երիտասարդ գիտնականներին փոխճանաչման և փոխհարստացման հնարավարություն է տալու. «Անհրաժեշտ է, որ ժամանակ առ ժամանակ երիտասարդ գիտնական- մանկավարժները հանդիպեն, քննարկեն և հասկանան, թե որտեղ ինչ խնդիրներ կամ ձեռքբերումներ կան, կամ որտեղ կա առաջավոր փորձ»,- նշեց գիտնականը և հավելեց: - «Սա մեծ նպաստ է բերելու թե՛ համալսարանին, թե՛ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնին. մենք հնարավորություն ենք ունենալու հաղորդակցվել արտասահմանցի գործընկերների հետ և իրականացնել փորձի փոխանակում»:
Հանդիպման ավարտին Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի նախագահ Ջո Օհարան և ԿՀԵԱ գրասենյակի ղեկավար Անգելիկա Վեգշայդերը շրջեցին ԵՊՀ տարածքով, ծանոթացան աշխատանքներին, եղան լսարաններում, գրադարաններում և գոհունակությամբ հայտնեցին, որ ԵՊՀ-ն պատրաստակամ է անցկացնելու կոնֆերանսը:
Նշենք, որ 2022 թ. կայանալիք կոնֆերանսին կամավորության սկզբունքով պետք է ներգրավվեն 100 ուսանողներ:
Տեղեկացնենք, որ ամեն տարի կոնֆերանսն անցկացվում է անդամ երկրներից որևէ մեկում և համախմբում է 35 երկրներից միջինը 3000 հետազոտողի:
Անգին Խաչատրյան