- Գլխավոր
- Նորություններ
- ԻՏԱԼԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ԿՈՆՖԼԻԿՏԱՅԻՆ ԵՎ ՀԵՏԿՈՆՖԼԻԿՏԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Փետրվար 28, 2019 | 15:01
Հասարակություն
ԻՏԱԼԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ԿՈՆՖԼԻԿՏԱՅԻՆ ԵՎ ՀԵՏԿՈՆՖԼԻԿՏԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանի աշխատասենյակում այսօր տեղի ունեցավ հանդիպում «Rondine Citadella della Place» ասոցիացիայի պատվիրակության հետ:
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, ՀՀ-ում Իտալիայի դեսպանության փոխդեսպան Աննառոզա Կոլանջելոն, «Rondine Citadella della Place» ասոցիացիայի տնօրեն Մաուրո Դ’Անդրեան, «Rondine Citadella della Place» ասոցիացիայի ներկայացուցիչ Վալենտինա Բրոկին:
Հանդիպման սկզբում «Rondine Citadella della Place» ասոցիացիայի տնօրեն Մաուրո Դ’Անդրեան պատմեց ասոցիացիայի հիմնադրման պատմությունը, ներկայացրեց գործունեության նպատակները:
«Rondine Cittadella della Pace» ասոցիացիան, որի անունը թարգմանաբար նշանակում է խաղաղության ամրոց, հիմնադրվել 1997 թվականին:
Այն կրթաթոշակային ծրագիր է, որի շրջանակում հակամարտող երկրներից եկող ուսանողները հնարավորություն ունեն կրթություն ստանալու Իտալիայի մի շարք առաջատար բուհերում:
«Մեր առաջին ուսանողները Չեչնիայից էին»,- նշեց Մաուրո Դ’Անդրեան,- «այդ ժամանակ ռուս-չեչենական հարաբերությունները լարված էին, և մեր խնդիրն ինչպես առաջ, այնպես էլ հիմա նույնն է մնացել՝ օգնել ուսանողներին հաղթահարել հետկոնֆլիկտային հոգեվիճակը»:
Մաուրո Դ’Անդրեանի խոսքերով, կրթաթոշակակիր ուսանողները հնարավորություն ունեն աշխատելու արհեստավարժ մասնագետների հետ, ներկայացնելու իրենց ծրագիրը և հաջողությամբ այն իրականացնելու:
«Կրթաթոշակակրի ընտրման գործընթացում մենք շատ ենք կարևորում հատկապես հարցազրույցի փուլը, որտեղ ուսանողը պետք է ներկայացնի իր ծրագիրը»,- ընդգծեց Մաուրո Դ’Անդրեան,- «մենք պետք է հաշվի առնենք նաև այն, որ կրթաթոշակակիրներն ապրելու են իտալական բազմազգ միջավայրում, և մեզ համար կարևոր է հասկանալ, թե ում ենք պատրաստվում կրթաթոշակ տալ»:
ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը և Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը համագործակցության պատրաստակամություն հայտնեցին և առաջարկեցին կրթաթոշակին վերաբերող տեղեկատվությունը հասանելի դարձնել նաև ԵՊՀ ուսանողներին՝ համալսարանում տեղեկատվական հանդիպում կազմակերպելով:
Վերջում կողմերը հույս հայտնեցին, որ այս համագործակցության շնորհիվ ուսանողները կկարողանան իրենց մագիստրոսական կրթությունը շարունակել իտալական լավագույն համալսարաններում:
Անի Պողոսյան