- Գլխավոր
- Նորություններ
- «ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ՄԵՆՔ ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ՃԱՆԱՉԵԼ ԱՆԻՄԱՆԱԼԻՆ, ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾԸ». ՎԻԳԵՆ ՉԱԼԴՐԱՆՅԱՆԸ ԵՊՀ-ՈՒՄ
Հոկտեմբեր 18, 2018 | 18:31
Մշակույթ
«ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ՄԵՆՔ ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ՃԱՆԱՉԵԼ ԱՆԻՄԱՆԱԼԻՆ, ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾԸ». ՎԻԳԵՆ ՉԱԼԴՐԱՆՅԱՆԸ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնի հյուրերն էին կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ Վիգեն Չալդրանյանը և Համազգային թատրոնի դերասաններ:
Հյուրերին ողջունեց Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը: Տիկին Դավթյանը շնորհակալություն հայտնեց Վիգեն Չալդրանյանին ԵՊՀ-ի և հատկապես Մշակույթի կենտրոնի հետ համագործակցության համար ու նշեց, որ վերջինիս պիեսները մշտապես եղել են ուսանողների ուշադրության և հիացական վերաբերմունքի կենտրոնում:
ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը կինոռեժիսորին հանձնեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից շնորհակալագիր. «Շնորհակալագրում ամփոփված է մեր երախտիքի և շնորհակալական խոսքը՝ բարձր մշակույթ ստեղծելու համար»:
Վիգեն Չալդրանյանը շնորհակալություն հայտնեց հրավերի, ուսանողների ընդունելության, ինչպես նաև շնորհակալագրի համար. «Ինձ համար սա թղթի կտոր չէ, և մեծ պատիվ է ստանալ այս շնորհակալագիրը: Իմ ամբողջ գիտակցական կյանքում ես ակնածանքով եմ վերաբերվել թե՛ դասախոսական կազմին, թե՛ ուսանողությանը»,- ասաց նա և ներկաներին ներկայացրեց իր կողքին նստած դերասաններին, որոնք արժանապատվորեն կերտել են իրենց դերերը՝ Արման Նավասարդյան, Ալլա Սահակյան և Ժաննա Վելիցյան:
Դերասանները ևս շնորհակալություն հայտնեցին հրավերի համար և պատմեցին նոր՝ «Ձայն լռության» պիեսի բովանդակության, դերասանական աշխատանքի, բեմում ստեղծված հոգատար ու ջերմ վերաբերմունքի մասին:
«Ձայն լռության» պիեսի սցենարի հեղինակները Վիգեն Չալդրանյանը և Գուրգեն Խանջյանն են:
Վիգեն Չալդրանյանը հետաքրքիր զուգադիպություն համարեց այն, որ դահլիճում նստած են պիեսում կերպավորած հայր, կին, աղջիկ դերասանները, և իրեն էլ՝որպես բեմադրող ռեժիսորի անվանեց կերտած ընտանիքի պապիկ:
Նա պատմեց պիեսի առաջին ցուցադրման մասին, այնուհետև ներկայացրեց հետագա ընթացքը և այժմյան հիացական վերաբերմունքը: Ռեժիսորը խոսեց նաև ֆիլմի ստեղծման պատմության, դերասանական կազմի և փոփոխությունների մասին:
Պիեսը թեմատիկ առումով համամարդկային իմաստ ու խորք ունի:
Համալսարանականների հարցերին Վիգեն Չալդրանյանը պատասխանեց իրեն բնորոշ թատերական ոճով ու հմայքով:
Մշակույթի կենտրոնի սաներից մեկի՝ Կարինե Սիմոնյանի այն հարցին, թե ինչու է «Ձայն լռության» պիեսի վերջաբանը տարբեր թատրոնում և կինոյում: Այդ հարցին դերասան Ժաննա Վելիցյանը պատասխանեց, որ դա պայմանավորված է ռեժիսորական մոտեցումներով:
Հնչեցին հարցեր կյանքում ճիշտ ուղի գտնելու, մշակութային բարեփոխումների, ինչպես նաև մասնագիտական ուղղությունների մասին, որոնց դերասանները համարյա նույն պատասխանները տվեցին:
Չալդրանյանը փաստեց, որ դերասանի մասնագիտությունն այն միակ մասնագիտությունն է, որին վերագրված է ունենալ մի քանի կյանք. «Մենք մշտապես ձգտում ենք դեպի լույսը տանող եսի, որը ստիպում է կատարելագործել այն. «Ձայն լռության» պիեսի հիմքում այս գաղափարն է»:
«Արվեստի միջոցով մենք փորձում ենք ճանաչել անիմանալին, չբացահայտվածը»,- ամփոփեց խոսքը Վիգեն Չալդրանյանը:
Անգին Խաչատրյան