- Գլխավոր
- Նորություններ
- ԵՐԲ ՄԱՐԶԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԵՐՔ Է. ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՅՈՒՐԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ
Մարտ 29, 2019 | 17:01
Հասարակություն
ԵՐԲ ՄԱՐԶԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԵՐՔ Է. ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՅՈՒՐԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի Մուլտիմեդիա լաբորատորիայի հեռուստաստուդիայում այսօր տեղի ունեցավ հանդիպում-քննարկում մարզական լրագրող, Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Յուրի Ալեքսանյանի հետ, որը վերջերս հրատարակել է «Մարզական լրագրողի հուշերից» գիրքը՝ այնտեղ ամփոփելով շուրջ կեսդարյա մասնագիտական հուշերը։
Հանդիպմանը ներկա էին ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, աշխարհահռչակ բռնցքամարտիկ, ԽՍՀՄ բազմակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի գավաթակիր Սամսոն Խաչատրյանը, աշխարհի և Եվրոպայի ըմբշամարտի չեմպիոն Բենուր Փաշայանը, «Հատիս» բասկետբոլային թիմի նախկին ավագ Անահիտ Սարգսյանը, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ողջունելով ֆակուլտետի ՈՒԳԸ-ի այս նախաձեռնությունը, նշեց, որ նմանատիպ կենսագրություն ունեցող մարդկանց հետ յուրաքանչյուր հանդիպում նաև յուրօրինակ վարպետության դաս է:
«Համոզված եմ՝ հեղինակը հրատարակության է նախապատրաստելու նաև գրքի երկրորդ հատորը և անդրադառնալու մեր մարզաշխարհի երևելի ներկայացուցիչներին, որոնք նոր են ավարտել սպորտային կարիերան կամ դեռ շարունակում են զարմացնել իրենց բացառիկ սպորտային նվաճումներով»,- հավելեց դեկանը:
Յուրի Ալեքսանյանին ներկայացնելով ուսանողներին՝ պարոն Մարտիրոսյանը նշեց, որ վերջինս բացառիկ սեր է տածում իր մասնագիտության նկատմամբ, որն իր համար իսկական կենսաձև է դարձել:
Խոսելով գրքի մասին՝ Յուրի Ալեքսանյանը նշեց, որ գրքի կարևորագույն նպատակներից մեկն ուժեղների օրինակով երիտասարդության մարզական ու բարոյահոգեբանական դաստիարակության հարցը դիտարկելն է, ֆիզիկական ինքնակատարելագործման, նպատակասլացության, մարդասիրության որակներ ձևավորելը:
Մարզիկները բացառիկ անկեղծությամբ փոխանակվում էին մտքերով և պատասխանում ուսանողների հարցերին:
Վերհիշելով սպորտային կյանքի հետաքրքրաշարժ դրվագները՝ Բենուր Փաշայանը հիշեց իր հանդիպումը Վիկտոր Համբարձումյանի հետ, որից առաջ ինքն արդեն հաղթել էր թուրք մրցակցին:
«Հետաքրքիրն այն էր, որ Վիկտոր Համբարձումյանն ընդունել է միայն երկու հայ մարզիկի՝ շախմատի արքա Տիգրան Պետրոսյանին և մրցագորգի արքա Բենուր Փաշայանին»,-հավելեց Յուրի Ալեքսանյանը:
Անահիտ Սարգսյանի հետ զրույցում ուսանողներին հետաքրքրում էր, թե արդյոք նա հայկական սպորտում առնչվել է սեռային անհավասարության խնդրի հետ:
«Պետք է նշեմ, որ խնդիրներ եղել են ու հիմա էլ կան: Շատ սպորտաձևեր այսօր լրջագույն խնդրի առջև են կանգնել, քանի որ աղջիկների շրջանում մեծ հետաքրքրություն չունեն: Արդյունքում տուժում է և՛ սպորտը, և՛ այն դպրոցը, որը կարող էր չեմպիոններ տալ»,- փաստեց բասկետբոլային թիմի նախկին ավագը:
Խոսելով «Հատիս» ֆենոմենի մասին՝ Անահիտ Սարգսյանը նշեց, որ այդ թիմի հաջողության գաղտնիքը նվիրյալների մեջ էր՝ սկսած մարզիկներից, վերջացրած մարզիչով:
Մարզիկները խոսեցին նաև սպորտ-քաղաքականություն խնդրի մասին, որը հատկապես սառը պատերազմի տարիներին շատ մարզիկների պարզապես հնարավորություն չէր տալիս լավագույնս հանդես գալու մրցումներում:
«Խորհրդային Միության և Միացյալ Նահանգների միջև քաղաքական խնդիրները հանգեցնում էին նրան, որ մենք հիմնականում ունենում էինք Խորհրդային Միության կամ Եվրոպայի չեմպիոններ և չէինք կարողանում մասնակցել աշխարհի խաղերին»,-նշեց Յուրի Ալեքսանյանը:
Ուսանողներին հետաքրքրում էր նաև, թե ինչով է զբաղվում մարզիկը սպորտային կարիերայից հետո:
«Իրականում սա շատ ցավոտ հարց է»,- նշեց Բենուր Փաշայանը,- «մենք գորգի, ծանրաձողի, բռնցքամարտի լավ մասնագետներ ենք: Ըմբշամարտիկն «իր պարը գորգի վրա է պարում»: Նրա համար շատ դժվար է դրանից հետո նոր կյանք սկսել, որովհետև տեղափոխվում է ուրիշ աշխարհ, որտեղ բոլորովին այլ օրենքներով են առաջնորդվում: Եվ ես սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ մարզիկների 99%-ը, անկախ ազգությունից, դժվարությամբ է լքում սպորտը»: