- Գլխավոր
- Նորություններ
- «ԶՈՀԱԲԵՐՈՒՄ ԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆԻՆ, ԳԵՂԵՑԻԿԻՆ, ԱՆՄԵՂԻՆ, ՔԱՆԻ ՈՐ ՓՈՔՐՈԳԻ, ՃՂՃԻՄ ՄԱՐԴԸ ՆԱԽԱՆՁՈՎ Է ԼՑՎՈՒՄ ԴՐԱՆՑ ՀԱՆԴԵՊ». ՑՈՒՑԱԴՐՎԵՑԻՆ «ՍՊԻՏԱԿ ԳԱՌԱՆ ԵՐԱԶԸ» ԵՎ «ԼՈՒՅՍԻ ՁԱՅՆԵՐ» ՖԻԼՄԵՐԸ
Դեկտեմբեր 12, 2018 | 17:51
Մշակույթ
«ԶՈՀԱԲԵՐՈՒՄ ԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆԻՆ, ԳԵՂԵՑԻԿԻՆ, ԱՆՄԵՂԻՆ, ՔԱՆԻ ՈՐ ՓՈՔՐՈԳԻ, ՃՂՃԻՄ ՄԱՐԴԸ ՆԱԽԱՆՁՈՎ Է ԼՑՎՈՒՄ ԴՐԱՆՑ ՀԱՆԴԵՊ». ՑՈՒՑԱԴՐՎԵՑԻՆ «ՍՊԻՏԱԿ ԳԱՌԱՆ ԵՐԱԶԸ» ԵՎ «ԼՈՒՅՍԻ ՁԱՅՆԵՐ» ՖԻԼՄԵՐԸ
Հրանտ Վարդանյանի «Սպիտակ գառան երազը» և «Լույսի ձայներ» ֆիլմերն այսօր ցուցադրվեցին ԵՊՀ մշակույթի կենտրոնում:
Ցուցադրությանը ներկա էին ֆիլմերի ռեժիսոր Հրանտ Վարդանյանը, «Սպիտակ գառան երազը» ֆիլմի օպերատոր Վահագն Տեր-Հակոբյանը, «Լույսի ձայներ» ֆիլմի օպերատոր Արեգ Հակոբյանը, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար, խմբավար, մանկավարժ Տիգրան Հեքեքյանը, նկարիչ Աշոտ Համբարձումյանը:
15 րոպե տևողությամբ «Սպիտակ գառան երազը» ֆիլմի առանցքում զոհաբերության թեման է: Ֆիլմը ստեղծված է գրոտեսկային տրագիֆարս ժանրային ձևաչափով:
Ֆիլմի գլխավոր հերոսը Բեբեն անունով սպիտակ գառն է, որին մարդիկ ցանկանում են զոհաբերել: Զոհաբերման երազի այս տեսարանով էլ սկսվում է ֆիլմը: Սպիտակ գառը հավատում է իրեն սնած և պահած հովվին ու հույս ունի, որ հովիվը թույլ չի տա՝ իրեն զոհաբերեն: Սակայն իրականությունն այլ է. հովիվը գառանը վաճառում է 30 հազար դրամով, ինչպես Հուդան դավաճանում է Հիսուսին 30 արծաթով:
Ահա, երեսունի խորհրդանշանով, սպիտակ գառով, երազով և հասարակության անդրադարձով էլ խտանում է ֆիլմի գաղափարը:
Ռեժիսորի խոսքով, ֆիլմի գաղափարը ծնվել է ակնթարթորեն. «Ես համաձայն չեմ ստրկացման այս երևույթին: Ոչ-ոք իրավունք չունի որևէ մեկին զոհաբերելու, քանի որ և՛ մարդիկ, և՛ կենդանիները ազատ են»:
Ի հավելումն այդ մտքի՝ Տիգրան Հեքեքյանն ընդգծեց. «Զոհաբերում են լավագույնին, գեղեցիկին, անմեղին, քանի որ փոքրոգի, ճղճիմ մարդը նախանձով է լցվում դրանց հանդեպ»:
Գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմի ուղերձն է վերանայել բարոյական արժեքներն ու պատկերացումները, ինչպես նաև մարդ-կենդանի, մարդ-բնություն հարաբերությունները։
«Լույսի ձայներ» ֆիլմը պատմում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մասին:
Ֆիլմում ներկայացվում է երգչախմբի շրջագայությունները, հաջողությունները, ինչպես նաև խմբավար ու մանկավարժ Տ. Հեքեքյանի կատարած աշխատանքները:
Ըստ էության՝ երգչախմբի անդամները լույսեր են, որոնք սփռված են ամենուրեք և լույս են բաշխում մարդկանց:
Ֆիլմերը տպավորեցին ներկաներին:
Ցուցադրությանը ներկա ԵՊՀ ԻԿՄ ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Մարատ Սարգսյանի խոսքով, այս կարճամետրաժ ֆիլմերը ստիպեցին մտածել, երազել, հուզվել, ծիծաղել, և որ ամենակարևորն է՝ ապրել:
Անգին Խաչատրյան