- Գլխավոր
- Նորություններ
- ԱՊՐՎԱԾԻ ՄԱՍԻՆ ՊԵՏՔ Է ԳՐԵԼ. ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲԱՆԱՍՏԵՂԾ, ԱՐՁԱԿԱԳԻՐ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ
Փետրվար 15, 2019 | 18:16
Հասարակություն
ԱՊՐՎԱԾԻ ՄԱՍԻՆ ՊԵՏՔ Է ԳՐԵԼ. ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲԱՆԱՍՏԵՂԾ, ԱՐՁԱԿԱԳԻՐ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ
ԵՊՀ Եղիշե Չարենցի անվան լսարանում տեղի ունեցավ հանդիպում բանաստեղծ, արձակագիր Անդրանիկ Հակոբյանի հետ:
Հանդիպումը կազմակերպել էր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈւԳԸ-ն, որին ներկա էին ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը, բանաստեղծ Հովիկ Հովեյանը, «Հայկական Հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը, երգահան Էդվարդ Զորիկյանը, ամբիոնի վարիչներ, ֆակուլտետի աշխատակիցներ և ուսանողներ:
Հանդիպման սկզբում Նաղաշ Մարտիրոսյանը ողջունեց ներկաներին և ներկայացրեց հյուրին:
Այնուհետև ելույթներով հանդես եկան ինչպես միջոցառման հյուրերը, այնպես էլ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները, որոնք ընթերցեցին Անդրանիկ Հակոբյանի ստեղծագործությունները:
Մասնագիտությամբ փիլիսոփա-սոցիոլոգ Անդրանիկ Հակոբյանի առաջին ժողովածուն կրում է «Քամու դեմ մենակ» խորագիրը, որը լույս է տեսել 2001 թվականին:
Գրողի սիրելի թեմաների շարքում են գյուղը, գյուղի մարդիկ, եղանակն ու լեռները:
«Ես ստեղծագործել եմ դեռ վաղ տարիքից,- պատմում է Անդրանիկ Հակոբյանը,- ինձ ոգեշնչում էր ծննդավայրիս եղանակը, երկարատև ձմեռներն ու հատկապես բուքը, որն ուղղակի մարդկանց ոսկորներն էր թափանցում», -պատմում է բանաստեղծը:
Անդրանիկ Հակոբյանն իր ստեղծագործություններում անդրադարձել է նաև պատերազմին՝ շեշտելով վերջինիս անիմաստությունն ու չհիմնավորվածությունը:
Գրականագետ Պետրոս Դեմիրճյանի կարծիքով, Անդրանիկ Հակոբյանը գեղարվեստական համեմատությունների մեծ վարպետ է:
«Երբ կարդում ենք իր գործերը, զարմանքով արձանագրում ենք, թե նա ինչքան խորքային է նկարագրում մարդուն, ինչքան ճիշտ են իր ընտրած բառերը և ինչքան դիպուկ են համեմատությունները»:
Հանդիպմանը ներկա երգահան Էդվարդ Զորիկյանն էլ երգեց Անդրանիկ Հակոբյանի՝ հայրենիքի մասին բանաստեղծություններից մեկը, որը, ինչպես նշեց հենց հեղինակը, գրված էր երգ դառնալու համար: