- Գլխավոր
- Նորություններ
- ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳԼՈԲԱԼ ԿԱՄՊՈՒՍ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ. ԵՊՀ-Ի ԵՎՐՈՊԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Փետրվար 26, 2019 | 15:07
ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳԼՈԲԱԼ ԿԱՄՊՈՒՍ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ. ԵՊՀ-Ի ԵՎՐՈՊԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Երևանի պետական համալսարանի եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը 2010 թվականից իրականացնում է «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացումն Արևելյան գործընկերությունում» ծրագիրը, որը 2013 թվականից վերանվանվել է «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացումը Կովկասում» ծրագրի, 2019 թ. փետրվարի 22-ին դիմել է «Մարդու իրավունքների գլոբալ կամպուս» գիտահետազոտական և գիտակրթական կազմակերպությանը՝ անդամակցելու նպատակով:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ստորագրել է միջնորդագիր, որը «Մարդու իրավունքների գլոբալ կամպուս» կազմակերպությանը ներկայացրել են «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացումը Կովկասում» ծրագրի ներկայացուցիչները՝ Արթուր Ղազինյանը (ծրագրի ղեկավար) և Վլադիմիր Մարտիրոսյանը (ծրագրի ակադեմիական համակարգող):
2019 թ. սեպտեմբերին ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը կդառնա «Մարդու իրավունքների գլոբալ կամպուս» կազմակերպության լիիրավ անդամ:
«Մարդու իրավունքների գլոբալ կամպուս»-ը հիմնադրվել է 2013 թվականին Եվրոպական միության կողմից՝ այս պահին աշխարհում իրականացվող արդեն յոթ կրթական ծրագրերը և 100-ից ավելի համալսարանները միավորելու և մեկ ընդհանուր տանիքի տակ հավաքելու նպատակով:
Այդ յոթ ծրագրերն են՝ «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացումն Աֆրիկայում», «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացումը Լատինական Ամերիկայում և Կարիբյան կղզիներում», «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացումը Եվրոպայում»՝ երկու տարատեսակ ծրագրերով, «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացումն Ասիայում», «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացումն արաբական աշխարհում» և ԵՊՀ-ի ծրագիրը՝ «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացումը Կովկասում»:
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացումը Կովկասում» ծրագիրն իրականացնելիս համագործակցում է Տառաս Շևչենկոյի անվան Կիևի ազգային համալսարանի, Բելառուսի պետական համալսարանի և Թբիլիսիի պետական համալսարանի հետ: Այս համագործակցությունները ԵՊՀ-ի միջազգայնացման գործընթացի կարևոր մասն են կազմում:
Մեզ հետ զրույցում «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացումը Կովկասում» ծրագրի գործընկեր համալսարանների գծով համակարգող Քրիստինե Գևորգյանը շեշտեց, որ այս ծրագրերից յուրաքանչյուրը խիստ յուրահատուկ է և ունի իր հստակ նպատակներն ու ուսումնասիրությունների թիրախը:
«Չնայած նրան, որ ծրագրերից յուրաքանչյուրն ուսումնասիրում է հենց իր տարածաշրջանի խնդիրներն ու մարտահրավերները, սա չի խանգարում վերջիններիս միավորվել մեկ ընդհանուր նպատակի շուրջ, որն է՝ նպաստել ժողովրդավարացման առաջընթացին»,- ասաց Քրիստինե Գևորգյանը:
Որպես «Մարդու իրավունքների գլոբալ կամպուս» կազմակերպության ապագա լիիրավ անդամ՝ «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացումը Կովկասում» ծրագիրը, որն իրականացվում է չորս գործընկեր համալսարանների կողմից, հնարավորություն կունենա մասնակցելու համատեղ մի շարք ծրագրերի՝ դասախոսների փոխանակում, կարճաժամկետ դասընթացների կազմակերպում, ուսման առցանց հարթակներ, շրջանավարտների վեցամսյա պրակտիկա տարածաշրջանում կամ Եվրոպայում, որի ֆինանսավորումը կատարվում է «Մարդու իրավունքների գլոբալ կամպուս» կազմակերպության կողմից:
Անի Պողոսյան