Նադեժդա Տեր-Աբրահամյան
Հանդիպմանը ներկա էր նաև ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի տնօրեն Կարեն Թռչունյանը:
Կողմերը քննարկեցին ուսումնական ոլորտում համագործակցությունը խորացնելու և հետագայում այն ընդլայնելու հնարավորությունները:
Իսկ հանդիպման ավարտին նրանց միջև կնքվեց համագործակցության հուշագիր, ըստ որի՝ ուսումնական համագործակցությունն իրականացվելու է «Կենսաբանություն» և «Վարակիչ հիվանդություններ» գիտական առարկաների շրջանակում: Կողմերի համար հետաքրքրություն են ներկայացնում համագործակցության հետևյալ ոլորտները՝ մանրէաբանություն և կենսատեխնոլոգիա, կենսաքիմիա և մոլեկուլային կենսաբանություն, մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա:
Գեղամ Գևորգյանը, բարձր գնահատելով կնքված համագործակցության հուշագիրը, հույս հայտնեց, որ այն կնպաստի համատեղ հետազոտական և գիտական գործունեության իրականացմանն ու զարգացմանը:
Կարեն Թռչունյանը նշեց, որ նախատեսվում է համատեղ գիտական նախագծերի իրականացում, հրապարակումների և գիտական տեղեկատվության փոխանակում, հետազոտության արդյունքների հրապարակում, ընդհանուր սիմպոզիումների, գիտաժողովների և սեմինարների կազմակերպում, հատուկ երիտասարդ ակադեմիական անձնակազմի համար նախատեսված գիտաժողովների և սեմինարների, ուսանողական կարճաժամկետ ուսուցման համատեղ իրականացում, ուսանողների փոխանակման աջակցություն՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով:
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը, կարևորելով կնքված հուշագիրը, նշեց, որ կլինիկական մասն այսօր անհնար է պատկերացնել առանց գիտական հատվածի: «Այս հուշագիրը կնպաստի, որ մենք իրականացնենք համատեղ գիտական աշխատանքներ, հատկապես կենսաբժշկության ոլորտում: Հուշագիրը կարող է նաև հենք հանդիսանալ հետագայում առողջապահական ռազմավարական ծրագրեր մշակելու համար»,-ասաց նա և հավելեց, որ այն նաև հնարավորություն կընձեռի ուսանողներին՝ իրենց գիտական ուսումնասիրություններն իրականացնելու «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում: Իսկ հիվանդանոցի աշխատակիցները ցանկության դեպքում կարող են գիտական ուսումնասիրություններ իրականացնել ԵՊՀ-ում:
Նադեժդա Տեր-Աբրահամյան