- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «MENDELEEV LAB» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Հոկտեմբեր 14, 2019 | 12:19
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «MENDELEEV LAB» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Հոկտեմբերի 12-ին աշխարհի ավելի քան 30 երկրների բուհերում և գիտակրթական այլ կենտրոններում անցկացվել է «Mendeleev Lab» համաշխարհային կրթական ծրագիրը՝ նվիրված Դ. Մենդելեևի պարբերական աղյուսակի 150-ամյակին:
2019 թվականը ՄԱԿ-ի ընդհանուր վեհաժողովի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է Քիմիական տարրերի պարբերական աղյուսակի միջազգային տարի, իսկ կրթական ծրագիրն անցկացվել է Քիմիական տարրերի պարբերական աղյուսակի 150-ամյակի կապակցությամբ:
Ի դեպ, կրթական ծրագրի անցկացման օրը ևս պատահական չէ ընտրված. համարվում է, որ հենց հոկտեմբերի 12-ին է Պետերբուրգի գիտությունների ակադեմիայում Միխայիլ Լոմոնոսովի կողմից ստեղծվել քիմիական առաջին լաբորատորիան:
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի ու Երևանում Ռուսական կրթության և մշակույթի կենտրոնի համագործակցությամբ ամենամյա «Mendeleev Lab» կրթական ծրագիրն անցկացվել է նաև ԵՊՀ-ում: Միջոցառման նպատակն էր խթանել գիտության հանդեպ հետաքրքրությունը:
Երևանի մի շարք դպրոցների ավելի քան 200 աշակերտ մասնակցել է ծրագրի ընթացքում կազմակերպված վիկտորինային: Կազմակերպիչների հավաստմամբ, հարցերը տարբեր էին՝ ըստ տարիքային բաժանման: 6-12 տարեկան աշակերտներին տրվել է 15, իսկ 13 տարեկանից բարձր աշակերտներին՝ 40 հարց: Տրված հարցերն առնչվել են այն ոլորտներին, որտեղ որևէ քիմիական միացություն կամ տարր կիրառություն է գտել:
Կազմակերպիչների նախաձեռնությամբ ծրագրի մասնակից աշակերտները դարձել են լաբորատոր խմբում աշխատող լաբորանտներ, իսկ լաբորատորիայի ղեկավարը՝ ՀՀ ԳԱԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրենի տեղակալ Նիկոլայ Կնյազյանը:
Առաջադրված հարցերին պատասխանելու համար մասնակիցներին տրվել է 30 րոպե, որից հետո «լաբորատորիայի ղեկավար» Նիկոլայ Կնյազյանը քննարկում է անցկացրել իր «լաբորանտների» հետ:
Քննարկումից հետո, ամփոփելով վիկտորինայի արդյունքները, 6-12 տարեկանների ենթախմբում 11 և ավելի, իսկ 13-ից բարձր տարիքային խմբում 38 և ավելի միավոր հավաքած 10 «լաբորանտ» ստացել է «աստղային լաբորանտի» հավաստագիր:
Ծրագրի երկրորդ հատվածում Քիմիայի ֆակուլտետի ուսանողներ Միքայել Թորոսյանը և Շուշաննա Վարդանյանն աշակերտների համար հետաքրքրաշարժ փորձեր են ցուցադրել:
Քնար Միսակյան