- Գլխավոր
- Նորություններ
- ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ԳԵՐԿԱՐՃ ԻՄՊՈՒԼՍՆԵՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ՉԱՓՄԱՆ ՆՈՐ ՄԵԹՈԴ
Փետրվար 12, 2019 | 14:59
Գիտություն
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ԳԵՐԿԱՐՃ ԻՄՊՈՒԼՍՆԵՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ՉԱՓՄԱՆ ՆՈՐ ՄԵԹՈԴ
ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ՖԳՀԻ-ի կրտսեր գիտաշխատող Մինաս Սուքիասյանի կողմից ներկայացված «Ֆեմտովայրկյանային իմպուլսների տևողության որոշման սիմիլարիտոնային մեթոդ» գիտական թեման:
Ներկայացնելով գիտական թեման՝ ծրագրի ղեկավարը մանրամասնեց. ներկայումս լազերային ֆիզիկայի, մասնավորապես գերկարճ իմպուլսների գեներացման առաջընթացը թույլ է տալիս գերարագ օպտիկան կիրառելու գիտության տարբեր բնագավառներում: Գերկարճ լազերային ճառագայթումն օգտագործվում է ժամանակակից միկրոսկոպիայի, հեռահաղորդակցության, բժշկության և այլ բնագավառներում: Լազերների լայն կիրառությունն առաջացրել է գերկարճ իմպուլսների ձևավորման, կառավարման և գրանցման խնդիրներ: Գերկարճ լազերային իմպուլսների գրանցման մեթոդներից են, օրինակ, «FROG»-ը և «GRENOUILLE»-ը: Դրանց համեմատ ավելի մատչելի սարքավորում է ավտոկորրելյատորը: Այն տալիս է ազդանշանի ավտոկորրելյացիոն տեսքը, ինչի շնորհիվ հնարավոր է վերականգնել իմպուլսի իրական տևողությունը, եթե հայտնի է նրա ժամանակային պրոֆիլը:
Մ. Սուքիասյանի խոսքով, գիտական թեմայի նպատակն է մշակել և կատարելագործել գերկարճ իմպուլսների տևողության չափման նոր մեթոդ. «Առաջարկված մեթոդի հիման վրա ստեղծվելիք սարքն իրենից ներկայացնելու է ավտոկորրելյատորին համարժեք սարքավորում, որն ավտոկորրելյատորից մի քանի անգամ ավելի մատչելի է լինելու: Այս սարքավորումը հնարավորություն է տալու չափելու իմպուլսի տևողությունը ֆիզիկայի լաբորատորիաներում առկա հետևյալ սարքավորումներով՝ սպեկտրոմետր, հզորության չափիչ և միամոդ լուսատար»:
Գիտական թեմայի շրջանակում նախատեսվում է կատարել առաջարկված մեթոդի թվային մոդելավորում և փորձարարական իրագործում։
Որպես հետազոտական ծրագրի արդյունք՝ ակնկալվում է զարգացնել և առավել ընդլայնել իմպուլսների տևողությունների չափման պարզ սիմիլարիտոնային մեթոդը տարբեր տեսքի և տևողությունների իմպուլսների դեպքում։
Նադեժդա Տեր-Աբրահամյան