- Գլխավոր
- Նորություններ
- ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴՈԳՄԱՏԻԿԱՆ՝ ԸՍՏ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
Մայիս 22, 2019 | 17:35
Կրթություն
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴՈԳՄԱՏԻԿԱՆ՝ ԸՍՏ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախկին դատավոր, դոկտոր, պրոֆեսոր Միխայել Այխբերգերը հանդես եկավ դասախոսությամբ:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) միջև հաստատված համագործակցության շրջանակում այսօր տեղի ունեցած դասախոսությունը կազմակերպվել էր Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի նախաձեռնությամբ:
Դասախոսության մեկնարկին ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ և «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի իրավաբան-փորձագետ Նորա Սարգսյանը փաստեց, որ դրա գործունեությունը միտված է աջակցելու իրավաբանական կրթության զարգացմանը. «Այդ շրջանակում կազմակերպված այսօրվա դասախոսության նպատակն է գերմանացի փորձագետների օժանդակությամբ մասնակիցներին գիտելիքներ տրամադրել սահմանադրական իրավունքի տարբեր ոլորտների վերաբերյալ»:
«Գերմանիայի Սահմանադրության 14-րդ հոդվածի (սեփականության իրավունք) դոգմատիկան՝ ըստ Գերմանիայի Դաշնային Սահմանադրական դատարանի» խորագրով դասախոսության ընթացքում բանախոս Միխայել Այխբերգերն անդրադարձավ Սահմանադրության համատեքստում հոդվածի զբաղեցրած տեղին, ապա ներկայացրեց դրա առանձին գործառույթները և խոսեց հոդվածի բովանդակության տարբեր հայեցակետերի մասին:
Նա փաստեց, որ Գերմանիայի Սահմանադրության մեջ սեփականության իրավունքը կարգավորվում է 14-րդ հոդվածով և ավելի կարճ է, քան Հայաստանի Սահմանադրության մեջ այդ իրավունքը կարգավորող 60-րդ հոդվածը:
«Գերմանիայի Սահմանադրության 14-րդ հոդվածի առաջին մասն ասում է, որ սեփականության իրավունքը և ժառանգության իրավունքը երաշխավորվում են: Այդ նույն մասում նշվում է, որ այս իրավունքի սահմաններն ու բովանդակությունը սահմանվում են օրենքով : Հոդվածի երկրորդ մասում նշվում է, որ սեփականության իրավունքը պարտավորեցվում է, և դրա օգտագործումը պետք է ծառայի նաև հանրային բարօրությանը»,- ասաց Միխայել Այխբերգերը:
Խոսելով սեփականության իրավունքի երաշխիքի մասին՝ նա փաստեց, որ Գերմանիայում օրենսդիրը կարող է տարբեր օրենքներով այլ կերպ ձևակերտել սեփականության իրավունքը, բայց դա միաժամանակ նշանակում է, որ նա չի կարող ընդունել որևէ օրենք, որով ընդհանրապես կվերացվի մասնավոր սեփականությունը. «Նման երաշխիք առկա է նաև ՀՀ Սահմանադրության մեջ»:
«14-րդ հոդվածի գործառույթներից է նաև այն, որ դա սեփականության իրավունքը ձևակերտելու որոշակի հանձնարարություններ է տալիս օրենսդիրին: Նկատի ունեմ հոդվածի այն դրույթը, որով ասվում է, որ սեփականության իրավունքի բովանդակությունը և սահմանափակումները սահմանվում են օրենքով: Բայց պետք է նշել, որ օրենսդիրն ամբողջությամբ ազատ չէ սեփականության իրավունքն օրենքներով ձևակերտելիս՝ հաշվի առնելով այն դրույթը, որ իրավունքը երաշխավորված է»,- նշեց Միխայել Այխբերգերը:
Նրա փոխանցմամբ, օրենսդիրը պետք է կարողանա ճիշտ լուծումներ տալ, որպեսզի մի կողմից սեփականության իրավունքը երաշխավորված լինի, մյուս կողմից՝ այն ծառայի հանրային բարօրությանը. «Օրինակ՝ ձեր տանը դուք կարող եք ցանկացած կերպ վարվել ձեր գույքի հետ, ձեր ուզածով այն տեղաշարժել, բայց նույն ազատությունը չի ունենա քիմիական գործարանի սեփականատերը, որը պետք է հետևի մի շարք սկզբունքների՝ ելնելով անվտանգությունից»:
Միխայել Այխբերգերի տեղեկացմամբ, եթե օրենսդիրը սահմանափակումներ է մտցնում այս իրավունքի վերաբերյալ, ապա դրանք պետք է համաչափ լինեն. «Գերմանիայում գործում է բանաձև՝ «այնքանով, որքանով», որով էլ առաջնորդվում են օրենսդիրները: Իսկ եթե այդ սահմանափակումների հետ կապված առաջանում են վեճեր, ապա դրանք լուծվում են Սահմանադրական դատարանի միջոցով: Բացի դրանից՝ սահմանափակումներ մտցնելիս պետք է հաշվի առնվեն նաև հավասարության սկզբունքը և վստահության իրավունքի պաշտպանությունը»:
Դասախոսության ավարտին ծավալվեց քննարկում, որի ժամանակ մասնակիցները հնարավորություն ստացան ստանալու իրենց հարցերի պատասխանները:
Տեղեկացնենք, որ «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի նախաձեռնությամբ մայիսի 20-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում «Սահմանադրական իրավունքի ազդեցությունը վարչական վարույթի և դատավարության վրա» խորագրով դասախոսությամբ հանդես է եկել նաև Գերմանիայի վարչական դաշնային դատարանի դատավոր և պալատի նախագահ, դոկտոր, պրոֆեսոր Ռյուդիգեր Ռուբելը:
Քնար Միսակյան